ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ չբացահայտված անոմալ երևույթների ուսումնասիրության հարցերով նոր տնօրեն է նշանակել (նախկինում կոչվում էր ՉԹՕ` չբացահայտված թռչող օբյեկտներ): ՆԱՍԱ-ն այս որոշումը կայացրել է ավելի քան մեկ տարի անց այն բանից հետո, երբ տարբեր գիտական ոլորտների փորձագետներից կազմված անկախ խումբը ՆԱՍԱ-ին խորհուրդ տվեց ուժեղացնել չբացահայտված անոմալ երևույթների ոլորտի ուսումնասիրությունները։
Չբացահայտված անոմալ երևույթների հարցերով հետազոտությունների նոր տնօրենին նշանակել է ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը, սակայն անվտանգության նկատառումներով նրա անունը գաղտնի է պահվում:
«ՆԱՍԱ-ի անկախ թիմը որևէ ապացույց չի գտել, որ չբացահայտված անոմալ երևույթները այլմոլորակային ծագում ունեն: Այնուամենայնիվ, մենք դեռ չգիտենք, թե ինչ են իրենցից ներկայացնում անոմալ երևույթները, ուստի ես հայտարարում եմ, որ ՆԱՍԱ-ն այլմոլորակային անոմալ երևույթների հարցերով տնօրեն է նշանակում»,- ՉԹՕ-ների գրանցված դեպքերի վերաբերյալ գործակալության ուսումնասիրության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է տնօրեն Բիլ Նելսոնը:
Նրա խոսքով՝ ՆԱՍԱ-ի առաքելությունն է հասկանալ անհայտ երևույթները։ Նա հավելել է, որ ցանկացած նոր բացահայտում լիովին թափանցիկ կներկայացվի հանրությանը:
ՆԱՍԱ-ն նաև փորձում է «չբացահայտված թռչող օբյեկտներ»-ը վերանվանել «չբացահայտված անոմալ երևույթներ»-ի՝ փորձելով վերացնել «ամոթի խարանը», որն ստեղծել են ժողովրդական բանահյուսությունն ու տաբլոիդները: Կազմակերպությունը մտադիր է գիտականորեն մոտենալ չբացահայտված անոմալ երևույթների ուսումնասիրություններին:
Չբացահայտված անոմալ երևույթների ուսումնասիրության հարցերով նոր տնօրենը կզբաղվի կենտրոնացված հաղորդակցության, ռեսուրսների և վերլուծական կարողությունների վրա՝ ապագա չբացահայտված անոմալ երևույթների գնահատման համար հիմնավոր տվյալների բազա ստեղծելու համար:
Զեկույցում նաև մի շարք առաջարկություններ են ներկայացվում ՆԱՍԱ-ին չբացահայտված անոմալ երևույթների թեմայի վերաբերյալ հետագա մոտեցման համար.
Չբացահայտված անոմալ երևույթների հետ կապված շրջակա միջավայրի պայմանների ուսումնասիրության համար օգտագործել դիտարկման սեփական հնարավորությունները, ինչպիսին է James Webb տիեզերական աստղադիտակը։ Չբացահայտված անոմալ երևույթներ որոնելու համար օգտագործել մասնավոր տիեզերական արդյունաբերության արբանյակների հսկայական ցանցը, որպեսզի նվազեցվի ցածրորակ կադրերի կիրառումը՝ հնարավոր օբյեկտները հայտնաբերելու համար: Դիտարկել արհեստական բանականության և մեքենայական ուսուցման կիրառումը չբացահայտված անոմալ երևույթներ հայտնաբերելու և լրացուցիչ տվյալներ հավաքելու համար: Բարելավել հանրային ներգրավվածությունը՝ գուցե մշակելով բջջային հավելված, որը հնարավորություն կտա լուսանկարներ ստանալ շարքային քաղաքացի-դիտորդներից։ Ավելի արդյունավետ օգտագործել առևտրային թռիչքների օդաչուների համար առկա հաշվետվությունների համակարգը:Մամուլի ասուլիսի ժամանակ Բիլ Նելսոնը նաև արտահայտել իր անձնական կարծիքը Երկրից դուրս կյանքի հնարավորության մասին. պարզվում է, որ նա կարծում է, որ հսկայական տիեզերքը դա հնարավոր է դարձնում։
«ՉԹՕ-ների հարցում կա գլոբալ հետաքրքրություն: Իմ ճամփորդությունների ընթացքում առաջին հարցերից մեկը, որ ինձ տալիս են, այդ ուսումնասիրությունների մասին է: Եվ այս հետաքրքրությունը բացատրվում է անորոշությամբ: Եթե դուք ինձ հարցնեք, թե արդյոք ես հավատում եմ, որ կյանք կա մի տիեզերքում, որն այնքան ընդարձակ է, որ ինձ համար դժվար է հասկանալ, թե որքան մեծ է այն, ապա իմ անձնական պատասխանն է՝ այո՛»։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում