iPhone 16-ն ավանդական կոճակների փոխարեն կարող է սենսորային փոխարինիչներ ստանալ

23 ապրիլի, 2024  14:13

iPhone 16-ը և ապագա մոդելները ավանդական կոճակների փոխարեն կարող են սենսորային փոխարինիչներ ստանալ: Այս մասին են վկայում առցանց աղբյուրների տվյալները, որոնց համաձայն՝ Apple-ը պայմանագիր է կնքել թայվանական Advanced Semiconductor Engineering ընկերության հետ, որպեսզի վերջինս System-in-a-Package (SIP) մոդուլներ մատակարարի iPhone 16 շարքի սմարթֆոնների համար։ Այս մոդուլները, որոնք հայտնի են որպես Taptic Engine, ավանդական ֆիզիկական կոճակներին կփոխարինեն սենսորային զգայուն անալոգներով՝ շոշափման արձագանքով:   

Ինչպես տեղեկացնում է MacRumors-ը, Apple-ը, ըստ աղբյուրների, պատրաստվում է երկու ֆիզիկական կոճակները փոխարինել սենսորային անալոգներով։ Նոր կոճակները կկարողանան զգալ հպման ուժը և նմանակել սովորական կոճակի զգացողությունը հատուկ մեխանիզմի շնորհիվ, որը թրթռում է առաջացնում:

Ըստ աղբյուրի՝ հնարավոր է, որ նոր սենսորային կոճակներն ստանան ոչ թե iPhone 16-ը, այլ ավելի ուշ թողարկվելիք սմարթֆոնները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Apple-ը նախատեսում է սենսորային կոճակներ ներդնել iPhone 16-ում, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով նախագիծը կասեցվել է։ Բացի դրանից՝ հաշվի առնելով, որ System-in-a-Package մոդուլների զանգվածային արտադրությունը կսկսվի 2024-ի երրորդ եռամսյակում, աղբյուրը նաև եզրակացնում է, որ նոր կոճակներ կստանա iPhone 17-ը, քանի որ iPhone 16-ը նախատեսվում է թողարկել 2024-ի աշնանը։

Այս շարքի սմարթֆոնների վրա սովորական կոճակների առկայության մասին վկայում են նաև ավելի վաղ ինսայդերների հրապարակած ռենդերային լուսանկարները։

Ուրիշ ի՞նչ է հայտնի iPhone 16-ի մասին

Գրեթե ամբողջ շարքը կստանա ավելի տարողունակ մարտկոցներ, քան iPhone 15-ը. հզորությունը կավելանա 2,5-6,3%-ով, միայն iPhone 16 Plus-ի դեպքում այն ինչ-ինչ պատճառներով կարող է նվազել 8,6%-ով։ Բացի դրանից՝ Apple-ը կարող է ստիպված լինել ավելացնել օպերատիվ հիշողության ծավալը iPhone 16-ի բոլոր մոդելներում, որպեսզի ներկառուցված արհեստական բանականության համակարգը կարողանալ աշխատել:

Հետևի վահանակը և տեսախցիկի հատվածը մի փոքր կտարբերվեն նախորդ սերունդներից։


 
 
 
 
  • Արխիվ