iPhone 16-ը կարող է ավելի շատ RAM ունենալ ԱԲ-ի շնորհիվ. ի՞նչ այլ գործառույթներ այն կարող է ստանալ iOS 18-ով

25 մարտի, 2024  10:18

Apple-ը, հնարավոր է, ստիպված լինի ավելացնել iPhone 16 սմարթֆոնների օպերատիվ հիշողության (RAM) ծավալը, որպեսզի ներկառուցված արհեստական բանականության (ԱԲ) համակարգը կարողանա աշխատել։ Այս տեղեկությունը տարածել է ինսայդեր Revegnus-ը (@Tech_Reve):

Նրա խոսքով՝ ԱԲ-ի գործառույթների լիարժեք գործարկման համար կպահանջվի առնվազն 8 ԳԲ օպերատիվ հիշողություն։ Այնուամենայնիվ, iPhone 15-ի բազային մոդելներն առայժմ թողարկվում են 6 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, իսկ Pro տարբերակները՝ 8 ԳԲ: Ակնհայտ է, որ այս ծավալը կարող է բավարար չլինել։

Աղբյուրի համաձայն՝ Apple-ն ուսումնասիրում է նաև այլընտրանքային տարբերակներ, որոնք հնարավորություն կտան ԱԲ գործառույթները գործարկել՝ առանց օպերատիվ հիշողության ծավալի ավելացման։ Նման լուծում կարող է լինել, օրինակ, NAND ներկառուցված հիշողության օգտագործումը՝ ԱԲ-ի կարիքների համար ռեսուրսներ հատկացնելու համար։ Սակայն այդ դեպքում ընկերությունն ստիպված կլինի ընդլայնել iPhone 16-ի հիմնական տարբերակների պահեստային հզորությունը մինչև 256 ԳԲ, որպեսզի NAND հիշողության մի մասն օգտագործվի ԱԲ-ի աշխատանքի համար:

Սպասվում է, որ iPhone 16 շարքը կներկայացվի 2024-ի աշնանը։ Այս սմարթֆոնները կլինեն Apple-ի առաջին սարքերը, որոնք կստանան ԱԲ՝ ներկառուցված iOS 18 օպերացիոն համակարգում։

Ինչպես ԱԲ-ն iOS 18-ում կօգնի օգտատերերին առօրյա կյանքում

Ակնկալվում է, որ iOS 18-ի մասին կհայտարարվի հունիսին կայանալիք WWDC 2024 ամենամյա համաժողովի ժամանակ։ Ակնկալվում է նաև, որ նոր տարբերակի օպերացիոն համակարգը կստանա վերջին տարիների գրեթե ամենալայնածավալ փոփոխությունները։

Ինչպես հայտնում է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը, ամենակարևոր փոփոխությունը կլինի ԱԲ-ի ինտեգրումը, այդ թվում՝ բրենդային հավելվածների և Siri ձայնային օգնականի մեջ։ Ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն ոչ թե ChatGPT-ի նման ԱԲ գեներատիվ գործառույթներ, այլ նոր գործիքներ, որոնք կօգնեն օգտատերերին առօրյա կյանքում: Նման կարծիքի է նաև Գուրմանը, թեև դեռ ամբողջությամբ պարզ չէ, թե որոնք են լինելու այդ գործառույթները։

Apple-ը նաև մտադիր է iOS 18-ի Messages հավելվածում ավելացնել RCS ստանդարտի աջակցություն, որն iPhone-ի և Android-ի օգտատերերին հնարավորություն կտա հաղորդագրություններ ուղարկել միմյանց։

Նոր օպերացիոն համակարգում, հավանաբար, դիզայնի փոփոխություններ ևս կլինեն, սակայն այս մասին դեռ քիչ տեղեկություններ կան։

Bloomberg-ը նաև հայտնում է, որ Apple-ը դիտարկում է Baidu-ի գեներատիվ ԱԲ-ի կիրառումը iPhone-ներում և չինական շուկայի համար նախատեսված այլ սարքերում։ Գործակալության անանուն աղբյուրների տվյալներով՝ այս թեմայի շուրջ արդեն բանակցություններն են ընթանում։

Նշենք, որ Baidu-ն առաջին ընկերությունը չէ, որի հետ Apple-ը վերջերս բանակցել է նրա ԱԲ-ի օգտագործման վերաբերյալ։ ՏՏ հսկան բանակցում է նաև OpenAI-ի և Google-ի հետ, և հնարավոր է, որ նրանց ԱԲ ծառայությունները «վարձակալության վերցվեն» ապագա iPhone-ների և iOS-ի համար։


 
 
 
 
  • Արխիվ