Աստղագետներն ավելի են մոտեցել «թափառող» սև խոռոչների գոյության վերջնական հաստատմանը։ Խոսքը այն օբյեկտների մասին է, որոնք հզոր տիեզերական աղետներից հետո «դուրս են նետվում» իրենց գալակտիկաներից և հսկայական արագությամբ սլանում միջգալակտիկական տարածության միջով։ Նոր դիտարկումներն ու գրավիտացիոն ալիքների վերլուծությունը ցույց են տալիս, որ այս «տիեզերական փախստականները» ոչ թե ֆանտաստիկա են, այլ իրական, թեև հազվադեպ երևույթ։ Այս մասին հայտնում է The Conversation պորտալը։
Ինչպե՞ս են ծնվում թափառող սև խոռոչները
Տեսական հիմքը դրվել էր դեռևս 1960-ականներին։ Նորզելանդացի մաթեմատիկոս Ռոյ Քերը գտել էր հարաբերականության ընդհանուր տեսության հավասարումների լուծումը պտտվող սև խոռոչների համար։ Պարզվել էր, որ նման խոռոչի զանգվածի մինչև 29%-ը կարող է կազմել պտտման էներգիան։ Ավելի ուշ Ռոջեր Պենրոուզն ապացուցեց, որ այդ էներգիան կարող է արտազատվել, օրինակ՝ երկու սև խոռոչների միաձուլման ժամանակ։
Ժամանակակից հաշվարկները ցույց են տալիս. եթե երկու սև խոռոչներ բախվում են սպիների (պտտման առանցքների) որոշակի դիրքով, գրավիտացիոն ալիքները էներգիան հեռացնում են ոչ համաչափ։ Արդյունքում նորածին սև խոռոչը ստանում է հզոր հարված՝ «գրավիտացիոն քացի» (kick), և զարգացնելով վայրկյանում հազարավոր կիլոմետր արագություն՝ դուրս է թռչում գալակտիկայից։ Ուղղակի հաստատումներն սկսեցին հայտնվել 2015-ից հետո՝ LIGO և Virgo դետեկտորների գործարկմամբ։
Առաջին տեսանելի հետքերը
2025 թվականին աստղագետներն առաջին անգամ գտան տեսանելի ապացույցներ։ Մի քանի գալակտիկաներում հայտնաբերվել են երիտասարդ աստղերից կազմված երկար, գրեթե կատարյալ ուղիղ «հետքեր»։ Գիտնականները կարծում են, որ գալակտիկայի միջով անցնող գերզանգվածային սև խոռոչն իր ձգողականությամբ սեղմում է միջաստղային գազը և գործարկում աստղառաջացման բռնկում՝ ռեակտիվ ինքնաթիռի թողած հետագծի նման։
Փիթեր վան Դոկկումի թիմի կողմից ուսումնասիրված դեպքերից մեկում աստղադիտակը ֆիքսել է մոտ 200 հազար լուսատարի երկարությամբ հետք։ Սա մատնանշում է մոտ 10 միլիոն արեգակնային զանգված ունեցող սև խոռոչի առկայությունը, որը շարժվում է գրեթե 1000 կմ/վ արագությամբ։
Ի՞նչ է սա նշանակում գիտության և մեզ համար
Եթե գոյություն ունեն գերզանգվածային թափառող սև խոռոչներ, ապա պետք է լինեն նաև ավելի փոքրերը, որոնք ունակ են ճամփորդել գալակտիկաների միջև։ Տեսականորեն դրանցից մեկը կարող էր անցնել նաև մեր Արեգակնային համակարգով, սակայն դրա հավանականությունը չնչին է։
Հետազոտողների խոսքով՝ վախենալ պետք չէ. խոսքը ծայրահեղ հազվադեպ իրադարձությունների մասին է։ Այնուամենայնիվ, հայտնագործությունը նոր և անսպասելի տարր է ավելացնում Տիեզերքի կառուցվածքի պատկերին՝ դարձնելով այն էլ ավելի դինամիկ և զարմանալի։
Կարճ ասած
Աստղագետները հայտնաբերել են թափառող սև խոռոչների առաջին տեսանելի հետքերը՝ երիտասարդ աստղերի շղթաներ, որոնք թողել են գալակտիկաներից արտամղված օբյեկտները։ Դրանց արագությունը հասնում է 1000 կմ/վ-ի։ Գրավիտացիոն ալիքները հաստատում են, որ նման «արտամղումները» հնարավոր են միաձուլումների ժամանակ։ Սա փոխում է մեր պատկերացումները տիեզերքի մասին՝ ապացուցելով, որ սև խոռոչները կարող են ճամփորդել գալակտիկաների միջև։






