Ռուսական «Бештау электроникс» ընկերությունը Ռուսաստանում սկսել է «Бештау» ապրանքանիշի տեղական մոնիտորներ, ինչպես նաև համակարգիչների մկնիկներ, ստեղնաշարեր արտադրել, իսկ առաջիկայում նախատեսում է արտադրել նաև PC համակարգիչներ։ 

ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Էսսենտուկի քաղաքում գտնվող գործարանում արտադրված մոնիտորների առաջին խմբաքանակը կազմել է մոտ 10,000 օրինակ։ Առայժմ առաջարկվում է միակ՝ 24 դյույմանոց M24FHD մոդելը։ Ընկերությունից հայտնել են, որ այս արտադրանքի մշակումը տևել է երկու ամիս՝ առանց օտարերկրյա փորձագետների օգնության։

«Бештау» M24FHD-ի բնութագրերը

«Бештау» M24FHD մոնիտորն ունի 23,8 դյույմանոց IPS մատրիցա, լուծաչափը 1920 x 1080 պիքսել է, դիտման անկյունը՝ 178 աստիճան։ Էկրանի պայծառությունը հասնում է 250 քդ/մ2, իսկ կոնտրաստի հարաբերակցությունը 1000:1 է։ M24FHD-ն ունի ներկառուցված սնուցման աղբյուր, շահագործման ընթացքում այն ​​սպառում է 19 Վտ էլեկտրաէներգիա:

Մոնիտորն ունի նաև VGA, HDMI և DisplayPort միակցիչներ, ինչպես նաև պատին ամրացնելու հնարավորություն՝ VESA 75 x 75 և 100 x 100 ստանդարտներով: Մոնիտորը ստացել է ներկառուցված բարձրախոսներ, կշռում է 2,9 կգ և ունի 539 x ​​310 x 38 մմ չափեր՝ տակդիրի հետ միասին:

«Бештау» M24FHD-ն հասանելի է նաև այլընտրանքային տարբերակով, որում առկա է VA մատրիցա, երկու USB 3.0 պորտ, որոնք միանում են համակարգչին USB-B և USB-A մալուխի միջոցով:

Бештау .JPG (52 KB)

Մոնիտորի առանձին ​ բաղադրիչների արտադրությունն իրականացվում է Դոնի Ռոստովում, իսկ Էսսենտուկիում արդեն հավաքվում է պատրաստի արտադրանքը։ Մատրիցայի մատակարարի մասին դեռևս չի հաղորդվում։ Ընկերությունից պարզաբանել են, որ օգտագործվում են տարբեր տեսակի մատրիցաներ (IPS, VA), ընդորում՝ տարբեր արտադրողներից, և հավելել, որ այլ մանրամասներ չեն կարող նշել, քանի որ դա առևտրային գաղտնիք է։

Առայժմ հայտնի չէ նաև այն, թե մոնիտորները երբ կհայտնվեն խանութներում և որքան կարժենան։ Դրանք առայժմ վաճառվում են միայն պետական ​​մարմինների և ընկերությունների համար և իրացվում են միայն դիստրիբյուտորի միջոցով։ Ընկերությունը դեռ չի ծրագրում մանրածախ շուկա դուրս գալ։

Ստեղնաշար, մկնիկ և PC համակարգիչ

2023-ի հունվարի 15-ից «Бештау электроникс» ընկերության գործարանն սկսել է արտադրել նաև «Бештау» ապրանքանիշի մկնիկներ և ստեղնաշարեր: Ընկերությունն առաջիկայում նախատեսում է թողարկել նաև 27 դյույմանոց մոնիտորներ։ Այժմ գրանցման փուլում են նաեւ «Бештау» ապրանքանիշի մայր պլատաները, որոնց հիման վրա ընկերությունը նախատեսում է արտադրել ֆիրմային PC համակարգիչներ և մոնոբլոկներ։

Ռուսաստանում 2023 թ․ հունվարի 15-ի դրությամբ ռուսական ոչ մի ընկերություն չի իրականացրել տեղական մոնիտորների զանգվածային արտադրություն։