ՀՀ ԳԱԱ բաժանմունքներն այսօր, ապրիլի 23–ին, տարեկան ընդհանուր ժողովներում մի շարք որոշումներ են ընդունել:
ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովի որոշման մեջ, մասնավորապես, նշված է․ «Առկա են լուրջ խնդիրներ՝ կապված ՀՀ ԳԱԱ կազմակերպությունների և ՀՀ բուհերի ինտեգրման գաղափարի հեռանկարի հետ: Բաժանմունքի բոլոր կազմակերպությունները համարում են, որ այդ գործընթացի ճանապարհային քարտեզը կազմելուց պետք է հիմնվել աստիճանական և կշռադատված քայլերի վրա: Այդ ինտեգրումը պետք է բխի գիտության, կրթության, ռազմաարդյունաբերության, տնտեսության, անվտանգության և հասարակական տարբեր ոլորտների զարգացման ռազմավարությունից: ՀՀ ԳԱԱ կազմակերպությունների և ՀՀ բուհերի ինտեգրումը պետք է իրականացվի փուլերով, ռիսկերի գնահատման և կառավարման հստակ մեխանիզմների կիրառմամբ»:
Անդրադարձ է կատարվել նաև գիտության հանրայնացման խնդրիներին։ «ՀՀ ԳԱԱ նախագահությունը պետք է ապահովի անհրաժեշտ կազմակերպչական և ֆինանսական պայմաններ ԳԱԱ-ի գրախոսական և գիտության հանրայնացման ասպարեզում, զարգացնի միջգիտակարգային և համատեղ դրամաշնորհների համակարգը», - նշված է որոշման մեջ:
ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը որոշել է․
- քննարկել կազմակերպությունների՝ տարիներ առաջ հաստատված թեմատիկայի վերանայման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով արդիականությունը, հանրապետության համար կարևորությունը և կադրերով ապահովվածությունը:
- Կարևորել հիմնարար հետազոտությունների արդյունքների հիման վրա հանրապետության՝ հատկապես անվտանգային և առողջապահական բնագավառներում կիրառման նպատակով հեռանկարային նորարարական աշխատանքների իրականացումը:
- Նախատեսել հանրապետական և միջազգային գիտական համագործակցության վերաբերյալ տնօրենների զեկույցներ (5 սեմինար)։
- Կազմակերպել արտասահմանյան գիտնականների սեմինարներ, համատեղ իրականացվող հետազոտությունների արդյունքների վերաբերյալ (8 սեմինար)։
- Ձևավորել նախաձեռնող խումբ տիեզերական հետազոտությունների բնագավառի աշխատանքները համակարգելու, միջգիտակարգային ծրագրեր մշակելու և ՀՀ ԳԱԱ նախագահությանն առաջարկներ ներկայացնելու համար:
ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը որոշել է․
- շարունակել առանձնակի ուշադրություն դարձնել Հանրապետության համար հատուկ նշանակության խնդիրների լուծմանը;
- հատուկ ուշադրություն դարձնել բաժանմունքի ինստիտուտների միջև միջգիտակարգային հետազոտությունների իրականացմանը;
- ընդլայնել բաժանմունքի ինստիտուտների համագործակցությունը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ռազմարդյունաբերության կոմիտեի հետ;
- առաջարկել «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա», «Mathematical Problems of Computer Science» և «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. տեխնիկական գիտություններ» հանդեսների խմբագրակազմերին ակտիվ միջոցներ ձեռնարկել «Scopus» շտեմարանի ցուցակային կազմում այդ ամսագրերն ընդգրկելու ուղղությամբ;
- առաջարկել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին գիտական աստիճանաշնորհման ցուցակում ընդգրկված ամսագրերի և հրատարակչությունների համար սահմանել տեղական նշանակության ազդեցության գործոն (impact factor)։
ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը որոշեց դրական համարել բաժանմունքի 2024թ. գործունեությունը:
Նշենք, որ այսօր, ապրիլի 23–ին, տեղի են ունեցել ՀՀ ԳԱԱ բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները, որոնց ժամանակ ներկայացվել են կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունները և տարբեր գիտական զեկույցներ։
ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ ժամը 10։30-ին, ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում։






