2025 թվականի ապրիլի 3-ին Երևանում մեկնարկեց Doing Digital ֆորումը` առանցքային իրադարձություն թվային ֆինանսների և տեխնոլոգիաների ոլորտում, որը երրորդ տարին անընդմեջ համախմբում է միջազգային փորձագետների, գործարարների և պետական կառույցների ներկայացուցիչներին Հայաստանում: «Փողի ապագան. տնտեսական ազդեցություն» կարգախոսի ներքո ֆորումը դարձավ ֆինանսների էվոլյուցիայի, արհեստական ինտելեկտի դերի և կիբերանվտանգության մարտահրավերների վերաբերյալ քննարկումների ասպարեզ: NEWS.am Tech-ը, որպես տեղեկատվական գործընկեր, բացահայտում է միջոցառման գլխավոր դրվագները։
Ներդրումներ ապագայի մեջ
Որպես Doing Digital Forum 2025-ի Ներդրումային գործընկեր՝ Apricot Capital-ը ֆորումին հանդես էր գալիս իր տաղավարով, որտեղ ներկայացված էին ընկերության ծառայությունները։
«DDF-ն արժեքավոր հարթակ է տարբեր փորձագետներին լսելու և գաղափարներով փոխանակվելու համար։ Apricot Capital-ն ուրախ է լինել ֆորումի ներդրումային գործընկերը դրա ստեղծման օրվանից։ «Փողի ապագան» ակտուալ թեմա է: Ուրախ էինք կիսվել մեր փորձով և մեր ներդրումն ունեալ Ֆորումի հետաքրքիր քննարկումների մեջ»,- ասաց Apricot Capital-ի հիմնադիր Վարդան Ամարյանը:
Տեխնոլոգիական ցունամին առաջնորդություն է պահանջում
Միջոցառումը բացեց Doing Digital ֆորումի հիմնադիր և SPRING PR-ի համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը՝ այն անվանելով պատասխան «տեխնոլոգիական ցունամիին»։
«Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ արհեստական ինտելեկտը, բլոկչեյնը և ավտոմատացումը փոխում են տնտեսությունն ու հասարակությունը», - ասաց նա:

Նրա կարծիքով, Հայաստանը պետք է ոչ միայն հարմարվի, այլ առաջնորդի փոփոխությունները։ Երկիրն արդեն գտնվում է կրիպտո և Web3 ընկերությունների ռադարի վրա, և կարգավորման հստակությունը կարող է բիզնեսներին գրավել Երևան։
«Այստեղ նույնիսկ մրցակիցներն են ընդհանուր լուծումներ փնտրում»,- նշեց Սիմոնյանը՝ հայտարարելով 2026 թվականին ներդրումների վրա կենտրոնանալու մասին։
Փողի էվոլյուցիան և վստահության մարտահրավեր
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հետևել է փողի ճանապարհին՝ բարտերից մինչև կրիպտոարժույթներ։
«Թվային արժույթները մի քայլ առաջ են ֆիատ փողերից, սակայն կրիպտո ակտիվներբ արժեքի և վստահության միջև հավասարակշռություն են պահանջում», - շեշտեց նա:

Անկայունությունը, ինչպես 10000 բիթքոյն արժողությամբ պիցցայի դեպքում, խանգարում է նրանց փոխանակման միջոց դառնալուն: Գալստյանը վստահ է՝ առանց ինստիտուցիոնալ աջակցության ցանկացած արժույթ դատապարտված է։
Կանխատեսումներ մինչև 2030 թվականը
Աշխարհահռչակ ֆուտուրիստ Գերդ Լեոնհարդը ներկայացրեց հայացք դեպի ապագայի աշխարհ։
«Մինչև 2030 թվականը տեխնոլոգիաները, վճարումները և մարդկային հարաբերություններն արմատապես կփոխվեն», - կանխատեսեց նա։

Լեոնհարդը 2025 թվականն անվանեց գլոբալ վերագործարկման տարի՝ առանձնացնելով չորս ուժ՝ աշխարհաքաղաքական տեղաշարժը (Pax Americana-ի վերջը), թվային պայթյունը (ԱԻ և ավտոմատացում), կայուն զարգացումը (կլիման որպես հնարավորություն) և նոր արժեքային տնտեսություն (իմաստը շահույթից ավելի կարևոր):
«Քաոսն անխուսափելի է, բայց դրա հետևում հնարավորություններն են »,- եզրափակեց նա։
Կրիպտոարժույթները՝ հնարավորություն Հայաստանի համար
Կրիպտո փորձագետ և Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր Հենրի Ասլանյանն ասաց. «Ապագան թվային ակտիվների մեջ է, և Հայաստանը կարող է օգտվել դրանից»: Նա նշեց հայերի ճկունությունը և նրանց բաց լինելը տեխնոլոգիաների նկատմամբ՝ ներկա պահն անվանելով ամենահետաքրքիրը ֆինանսների պատմության մեջ։

«Ֆիզիկական փողը չի անհետանա, բայց կրիպտոն կլրացնի այն», - ավելացրեց նա:
Վճարումները նոր դարաշրջանում
Edgar, Dunn & Company-ի գործադիր տնօրեն Սամի Զաֆարը բացահայտեց միջազգային վճարումների միտումները: Նրա խոսքով, թվային տեխնոլոգիաներն արագացնում են գործարքները, սակայն պահանջում են նորարարություններ անվտանգության և ինտեգրման ոլորտում՝ գլոբալ փոփոխություններին համապատասխան լինելու համար: Իր հերթին, Armenian Card-ի (Arca) գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը խոսեց այն մասին, թե ինչպես են թվային դարաշրջանում տեղական ընկերությունները վերափոխվում։ Նրա ելույթը ցույց տվեց, որ ֆինտեխը Հայաստանում այլեւս տեսություն չէ, այլ պրակտիկա, որը պահանջում է քաջություն և հարմարվողականություն։

Doing Digital Forum 2025-ը, որը կազմակերպել է SPRING PR-ը Visa-ի, Amazon Web Services-ի, Arca-ի, Apricot Capital-ի, Fastex-ի և Fast Bank-ի հետ գործընկերությամբ, ցույց տվեց, որ Հայաստանը պատրաստ է դառնալ համաշխարհային թվային մրցավազքի խաղացող։ Կանխատեսումներից մինչև գործնական լուծումներ՝ ֆորումը միավորեց գաղափարներ, որոնք կձևավորեն ֆինանսների ապագան:






