Երևակայեք մի աշխարհ, որտեղ սովորական կանոնները փլուզվում են, իսկ նորերը դեռ նոր են սկսում ձևավորվել: 2025 թվականը, ըստ հայտնի ֆուտուրիստ և բեսթսելերների հեղինակ Գերդ Լեոնհարդի, դառնալու է գլոբալ վերագործարկման կետը՝ այն պահը, երբ մարդկությունը սեղմում է «Reset» կոճակը: Ելույթ ունենալով Doing Digital Forum 2025-ում, Լեոնհարդը առանձնացրեց չորս հեղափոխություն, որոնք արդեն այսօր տակնուվրա են անում բանկային ոլորտը, ֆինանսական ծառայություններն ու բուն փողի հայեցակարգը: Ըստ նրա՝ դրանք «Աստղային ճանապարհի» ֆանտազիաներ չեն, դա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք։

Հեղափոխություն 1. աշխարհաքաղաքականություն՝ Pax Americana-ի վախճանը

Աշխարհը, որը մենք գիտեինք, սկզբում երկբևեռ (Խորհրդային Միությունն ընդդեմ Միացյալ Նահանգների), այնուհետև միաբևեռ ամերիկյան գերակայությամբ, դառնում է անցյալ:

«Pax Americana-ի դարաշրջանն ավարտվում է», - պնդում է Լեոնհարդը: Իշխանությունը տեղափոխվում է դեպի Արևելք և Հարավ, և սա արդեն սոսկ կանխատեսում չէ, այլ փաստ։

Դոլարը, որը տասնամյակներ շարունակ եղել է համաշխարհային արժույթը, կորցնում է իր անսասան դիրքերը։ Ի՞նչ է դա նշանակում փողի համար: Արժույթների համար: Բանկերի համար: Դեռ պարզ չէ՝ դա քաո՞ս է լինելու, թե՞ նոր կարգ, ինչևիցե, գործընթացը սկսված է։

Եվրոպան, ըստ ֆուտուրիստի, կանգնած է «Եվրոպայի Միացյալ Նահանգներ» վերածվելու շեմին։ Այո, դա հիմա կատակ է թվում՝ բյուրոկրատիան, տարաձայնությունները և Բրյուսելը լավատեսություն չեն ներշնչում։ Մինչդեռ Լեոնհարդը դրանում պոտենցիալ է տեսնում:

«Մենք համախմբված ենք մեկ գաղափարի շուրջ՝ մարդկային բարեկեցության ձգտման մեջ»։ Նա նույնիսկ խոստովանում է, որ ապագայում Թուրքիայի տիպի երկրները կարող են անդամակցել ԵՄ-ին, ինչն արմատապես կփոխի ուժերի հավասարակշռությունը։ Դա միայն քաղաքականություն չէ, դա նոր հնարավորություններ է բիզնեսի, ներդրումների և ենթակառուցվածքների համար: Պատկերացրե՛ք արագընթաց գնացքները, որոնք միացնում են Գլազգոն և Կիևը. կասեք ֆանտաստիկա՞ է: Արդեն՝ ոչ:

Հեղափոխություն 2. թվային պայթյուն. մեքենաները դառնում են պարտնյորներ

Թվային հեղափոխությունը միայն նոր գաջեթները չեն: Դա մի աշխարհ է, որտեղ մեքենաները խոսում են, լսում, կառավարում են ինքնաթիռներ և նույնիսկ հանդես գալիս թերապևտի դերում: «Արհեստական ​​բանականությունը շուտով նույնքան հասանելի կլինի, որքան Spotify-ի երաժշտության հոսքը»,- կանխատեսում է Լեոնհարդը։ Այսօր թանկ թվացող տեխնոլոգիաները հինգ տարի հետո կլինեն ամենուր և էժան:

Վերցրեք էլեկտրական ավտոմեքենաները. արդեն հորիզոնում են մարտկոցները, որոնք կարող են ապահովել 1000 կմ հեռահարություն մեկ լիցքավորման դեպքում: Ո՞վ է այդ ժամանակ բենզինով մեքենա գնելու: Ոչ ոք։ Ավտոարդյունաբերությունը, հատկապես Գերմանիայում, ցավալի անցնում է կատարում ապարատայինից դեպի ծրագրային ապահովում։ Նույն բանն է սպասվում բանկերին և ֆինանսներին. թվային արժույթները, գործընթացների ավտոմատացումը և AI օգնականները կփոխեն խաղի կանոնները։ Սա էքսպոնենցիոնալ աճ է, որը հնարավոր չէ կանգնեցնել: Պատրա՞ստ ենք, որ մեքենաները դառնան մեր գործընկերները:

Հեղափոխություն 3. կայուն զարգացում՝ վտանգ, թե՞ հնարավորություն

Կլիմայական ճգնաժամը հեռավոր խնդիր չէ։ Ջերմաստիճանն արդեն բարձրացել է 1,5°C-ով, իսկ եթե հասնենք 4°C-ի, ապա Եվրոպան կբախվի 300 միլիոն կլիմայական փախստականների։ «Մենք ունենք տեխնոլոգիաներ, գիտություն և փող՝ դա կանխելու համար,- ասում է Լեոնհարդը,- պարզապես դեռ վճռականություն չունենք»:

Սակայն այս ճգնաժամում նա ոչ միայն սպառնալիք է տեսնում, այլև՝ հնարավորություն։ Կանաչ էներգիայի, այլընտրանքային տեխնոլոգիաների և բնապահպանական նախագծերում ներդրումները կդառնան հաջորդ տասնամյակի հիմնական միտումը։ Բիզնեսը ստիպված կլինի հարմարվել. կայուն զարգացումը քմահաճույք չէ, այլ՝ անհրաժեշտություն: Նույնիսկ եթե ԱՄՆ-ը հիմա ժխտի դրա կարևորությունը, համաշխարհային ճգնաժամերն այդ հարցը նորից կբերեն առաջին պլան: «Սա գոյատևման հարց չէ,- շեշտում է ֆուտուրիստը,- սա բարգավաճման խնդիր է»:

Հեղափոխություն 4. կյանքի իմաստը. արժեքների նոր տնտեսություն

Լեոնհարդը, որը բեբի բումերների սերնդի ներկայացուցիչ է, ընդունում է, որ իր դարաշրջանը տարված էր առաջընթացով, աշխատանքով և փողով: Բայց նրա երեխաները (25-40 տարեկան) այլ կերպ են մտածում. «Մարդիկ, բնապահպանությունը, կյանքի իմաստը, ահա թե ինչն է կարևոր նոր սերնդի համար,- ասում է նա։- Հինգ տարի հետո նրանք կժառանգեն մայրաքաղաքը և կսկսեն թելադրել սեփական կանոնները»։

Գլոբալիզացիան չի վերանա՝ ի հեճուկս քաղաքական քմահաճույքների։ Երիտասարդներն իրենց համարում են ոչ թե առանձին երկրների, այլ՝ աշխարհի քաղաքացիներ։ Դա իմաստի հեղափոխություն է, որը փոխում է տնտեսությունը՝ շահույթի ձգտումից մինչև մարդու և մոլորակի միջև հավասարակշռության որոնում: Բանկերը, ընկերությունները և կառավարությունները, որոնք անտեսում են այս արժեքները, անցյալում մնալու սպառնալիքի տակ են:

2025 թվական. քաոսի և հնարավորությունների տարի

Լեոնհարդը 2025 թվականը համեմատում է պատմության շրջադարձային պահերի հետ՝ 1925–1930 թվականները՝ Եվրոպայում կամ 1968–1972 թվականները՝ Միացյալ Նահանգներում: Սա գլոբալ պարադիգմային փոփոխություն է՝ լի անորոշությամբ, բայց նաև բացահայտումներով: Սա նման է թերապիայի. ելք գտնելու համար պետք է փոխվել»,- նշում է նա։

Չորս հեղափոխությունները՝ աշխարհաքաղաքական, թվային, էկոլոգիական և արժեքային, արդեն այստեղ են։ Դրանք միահյուսվում են՝ ստեղծելով նոր աշխարհ: Քաոսն անխուսափելի է, բայց դրա մեջ կա հնարավորություն՝ սկսած ամբողջ Եվրոպայով մեկ արագընթաց գնացքներից մինչև բոլորին հասանելի արհեստական բանականություն և տնտեսություն, որտեղ գաղափարը շահույթից կարևոր է:

«Ես սա անվանում եմ լավ ապագա,- եզրափակում է Լեոնհարդը,- առանց տեսլականի մենք չենք կարող առաջ գնալ»:

gerd2.jpg (470 KB)