Դեկտեմբերի 24–ին, Ուոլ Սթրիթի հիմնական ֆոնդային ինդեքսները փակվել են ավելի բարձր, ինչին նպաստել է խոշոր տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի աճը: Սա Սուրբծննդյան տոների էֆեկտն էորը հաճախ խթանում է ֆոնդային բորսաները տարվա վերջին շաբաթվա ընթացքում։ Dow Jones Industrial Average-ը և Nasdaq Composite-ը աճել են չորրորդ օրն անընդմեջ, S&P 500-ը՝ երրորդ օրն անընդմեջ: S&P 500-ն աճել է 1,1%-ով, Nasdaq Composite-ը՝ 1,35%-ով, իսկ Dow Jones-ը՝ 0,91%-ով։
«Հրաշալի յոթնյակի» բոլոր մեգակապիտալով տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերն աճել են՝ Tesla-ի գլխավորությամբ, որը երեքշաբթի հատկապես մեծ թռիչք է ունեցել ՝ 7,4%, գրանցելով իր լավագույն օրը վեց շաբաթվա ընթացքում։ Չիպարտադրողները նույնպես շահույթ են գրանցել՝ Broadcom-ն աճել է 3,2%-ով, իսկ Nvidia-ն՝ 0,4%-ով։ Բաժնետոմսերը շարունակում են աճել՝ չնայած նրան, որ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքները մնում են բարձր։ 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը երեքշաբթի կազմել է մոտ 4,61%, ինչը մայիսից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Առևտուրն ավարտվել է ժամը 13:00-ին, իսկ չորեքշաբթի՝ Սուրբ Ծննդյան օրը, շուկաները փակ էին: Ընդհանուր առմամբ, չնայած գնաճի վերաբերյալ մտահոգություններին՝ ամերիկյան շուկայում տրամադրությունը շարունակում է մնալ դրական եւ երկարաժամկետ աճի ուժեղ ակնկալիքներով:
Ուոլ Սթրիթի շնորհիվ Համաշխարհային ֆոնդային ինդեքսն աճել է՝ չնայած վիճակագրությունը ցույց է տվել, որ ԱՄՆ սպառողների շրջանում տրամադրությունները վատթարացել են, իսկ Դաշնային պահուստային համակարգը 2025 թվականին պատրաստվում է ավելի դանդաղ նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքները։ ԱՄՆ սպառողների վստահության ինդեքսը նվազել է դեկտեմբերին՝ հասնելով 104.7–ի, թեեւ տնտեսագետները աճ էին կանխատեսում։ Դոլարի ինդեքսը, որը գնահատում է դոլարը մյուս հիմնական արժույթների համեմատ, աճել է 0,27%-ով՝ հասնելով 108,08-ի։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 0,22%-ով և կազմել 1,0406 դոլար։ Թուլացել են նաև այլ արժույթներ՝ բրիտանական ֆունտը նվազել է 0,31%-ով՝ հասնելով 1,253 դոլարի։ Նավթի գները մի փոքր նվազել են տոնական սեզոնին ընդառաջ։ Մտահոգություններ կան հաջորդ տարի նավթի չափազանց մեծ մատակարարումների և դոլարի ուժեղացման հետ կապված: Նախատոնական առևտրի ընթացքում փոքր-ինչ նվազել են նաև ոսկու գները:
Apple-ը (AAPL) մոտենում է պատմական` 4 տրիլիոն դոլար շուկայական արժեքին, ինչին նպաստել է ներդրողների լավատեսությունը՝ կապված ԱԲ ոլորտում ընկերության նվաճումների հետ։ Ակնկալվում է, որ այս լավատեսութունը կօգնի վերականգնել iPhone-ի վաճառքի տեմպերը, որոնք վերջին շրջանում թուլացել էին: Ընկերության բաժնետոմսերը նոյեմբերի սկզբից աճել են 16%-ով։ Apple-ն այժմ ունի 3,85 տրիլիոն դոլար շուկայական արժեք՝ մրցավազքում գերազանցելով Nvidia-ին և Microsoft-ին:
2024 թվականին Nasdaq 100 ինդեքսը նվազեցրել է աշխարհի երեք խոշորագույն ընկերությունների՝ Տեսլայի, Մետայի ու Բրոդքոմի ազդեցությունն իր վրա՝ այս ընկերությունների բաժնետոմսերի գների կտրուկ աճից հետո: Մեկ տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ ինդեքսը վերաբալանսավորում է կատարում՝ կանխելու մի քանի խոշոր ընկերությունների գերակայությունը շուկայում: Սա արվում է այն նպատակով, որ որևէ ընկերության թույլ չտրվի չափազանց ազդեցիկ դառնալ: Օրինակ, երբ առաջատար ընկերությունները միասին կազմում են ինդեքսի 48%-ից ավելին, այդ ընկերությունների կշիռը ճշգրտվում է։ Nasdaq-ը խոշոր ընկերությունների համակցված կշիռը հսկողության տակ պահելու կանոններ ունի եւ հաճախ կարգավորում է դրանց մասնաբաժինը այնպես, որ այն հասցնի ընդհանուր ինդեքսի արժեքի 40%-ից ցածրի:
Նոյեմբերին ԱՄՆ-ի սպառողական ծախսերն աճել են՝ արտացոլելով ապրանքների և ծառայությունների մեծ պահանջարկը եւ ընդգծելով տնտեսության ճկունությունը: Սպառողական ծախսերը, որոնք կազմում են ԱՄՆ տնտեսական ակտիվության ավելի քան երկու երրորդը, նոյեմբերին աճել են 0,4%-ով։ Գնաճը նույնպես չափավորության նշաններ է ցույց տվել, գնաճի հիմնական ցուցանիշը գրանցել է ամենափոքր աճը վերջին վեց ամսվա ընթացքում: Այնուամենայնիվ, հիմնական գնաճը շարունակում է զգալիորեն գերազանցել Դաշնային պահուստային համակարգի 2% նպատակային ցուցանիշը:
2024 թվականի դեկտեմբերի 23-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 3 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2025թ. մարտի 31–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 10,466,840,000.0000 դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 97.8293 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 8.2350 տոկոս։
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





