Չորեքշաբթի՝ դեկտեմբերի 18–ին, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25%-ով՝ բազային տոկոսադրույքը հասցնելով 4,25%-4,5%-ի միջակայքի: 

Դաշնային պահուստային համակարգից հայտնել են, որ հաջորդ տարվա ընթացքում տոկոսադրույքների ևս երեք նվազեցումեն նախատեսում, ինչ նշանակում է, որ ճիշտ էին փորձագետների այն կանխատեսումները, որ նվազեցման տեմպը կդանդաղի։ Սեպտեմբերին հայտարարվել էր, որ 2025–ին կլինի վերաֆինանսավորման տոկոսադրույքի չորս նվազեցում։


ServiceTitan-ը տպավորիչ դեբյուտ է ունեցել Nasdaq-ում։ Տեղաբաշխումից հետո ընկերության բաժնետոմսերը աճել են միանգամից 42%-ով՝ հասնելով 101 դոլարի, մինչդեռ տեղաբաշխման գինը 71 դոլար էր։ Ընկերությունը ներգրավել  է մոտ 625 մլն դոլար՝ վաճառելով 8,8 մլն բաժնետոմս։ Սա ամպի վրա հիմնված ծրագրային ապահովման ընկերության շուկայական արժեքը հասցրել է մոտ 9 միլիարդ դոլարի։

Արա Մահդեսյանի և Վահե Կուզոյանի կողմից հիմնադրված ServiceTitan-ը ծրագրային ապահովում է մատակարարում ջեռուցման, օդափոխության և օդորակման արդյունաբերության ավելի քան 11,800 բիզնեսների։ ServiceTitan-ը առաջին հայկական տեխնոլոգիական ընկերությունն է, որը ցուցակվում է Nasdaq-ում:


Երկուշաբթի` դեկտեմբերի 16–ին, Nasdaq-ը հասել է ռեկորդային առավելագույնի` աճելով 1,24%-ով, S&P 500-ը նույնպես մի փոքր աճել է՝ 0,25%-ով, իսկ Dow Jones-ը նվազել է 0,25%-ով։ Սա արդեն չորրորդ անընդմեջ շաբաթն է, ինչ Nasdaq-ն աճ է գրանցում, իսկ Dow Jones-ը նվազում է ութ օր անընդմեջ։ Երկուշաբթի տեխնոլոգիական հսկաների մեծ մասի բաժնետոմսերը աճել են։  Alphabet-ն  աճել է 3,6%-ով, իսկ Tesla-ն՝ 6,1%-ով։ Երեքշաբթի բաժնետոմսերը հիմնականում անկում են ապրել, քանի որ ներդրողները զգուշավորություն էին դրսեւորում՝ սպասելով Դաշնային պահուստային համակարգի որոշմանը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ։ Զգուշավորության պատճառը տնտեսական վերջին տվյալներն են, որոնք ցույց են տվել, որ սպառողական ծախսերը մնում են բարձր ԱՄՆ–ում մանրածախ առևտուրը նոյեմբերին աճել է սպասվածից ավելի՝ 0,7%-ով, ինչը ցույց է տալիս, որ տնտեսությունը դեռ ամուր հիմքերի վրա է: Դաշնային պահուստային համակարգի որոշման սպասումներն ազդում են նաեւ պետական պարտատոմսերում ներդրողների վարքագծի վրա։  Շուկայի խաղացողները ձեռնպահ են մնում երկարաժամկետ գանձապետական պարտատոմսեր ձեռք բերելուց, քանի որ բարձր գնաճի տեմպը պահպանվում է, եւ ներդրողները նախընտրում են երկուսից հինգ տարվա մարման ենթակա բաժնատոմսերը։


Երկուշաբթի բիթքոյնը հասել է ռեկորդային առավելագույնի՝ 107,000 դոլարի, ինչին նպաստել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ նա նախատեսում է ստեղծել բիթքոյնի ռազմավարական պաշար ԱՄՆ–ում, ինչպիսին երկրի նավթի ռազմավարական պաշարն է: Ներդրողների լավատեսությունը աճել է նաեւ այն բանից հետո, երբ Nasdaq 100 ինդեքսում ավելացավ MicroStrategy ծրագրային ապահովման ընկերությունը, որը մեծ ներդրումներ է կատարում բիթքոինում: Ակնկալվում է, որ այս քայլը ավելի շատ ներդրումներ կներգրավի ընկերության, հետեւաբար նաեւ բիթքոինի մեջ:


Շուկայում շարունակվում է խոշոր տեխնոլոգիական ընկերությունների գերիշխանությունը։ Միայն այս ամիս «Հրաշալի յոթնյակի» ընկերությունների բաժնետոմսերը աճել են 1,2 տրիլիոն դոլարով։  «Հրաշալի յոթնյակի» ընկերություններն են Apple–ը, Alphabet–ը, Microsoft–ը, Amazon–ը, Meta–ն, Tesla–ն և Nvidia–ն։

2024 թվականի ԱՄՆ ընտրություններից ի վեր այս ընկերությունների բաժնետոմսերը աճել են ընդհանուր առմամբ 1,8 տրիլիոն դոլարով։ Առաջատարը Tesla-ն է՝ աճի 680 միլիարդ դոլար ցուցանիշով: Ուշագրավ է, որ նույն ժամանակահատվածում Nvidia-ն իր շուկայական արժեքից 200 միլիարդ դոլար է կորցրել: Վերջին երկու տարիների ընթացքում S&P 500-ն աճել է $22 տրլն-ով, ընդ որում $10 տրլն–ը՝ «Հրաշալի յոթնյակի» շնորհիվ է։


Երեքշաբթի Nvidia-ի բաժնետոմսերը շարունակել են անկում ապրել՝ այս անգամ նվազելով 1,2%-ով։ Նոյեմբերի սկզբին առավելագույն արժեքին հասնելուց հետո Nvidia-ի բաժնետոմսերը նվազել են մոտ 12%-ով։ Nvidia-ն արագորեն դարձավ ԱԲ չիպերի առաջատարը՝ վիդեո խաղերի համար գրաֆիկական քարտերի արտադրությունից  անցնելով ԱԲ-ի համար չիպերի մատակարարմանը: 2024 թվականին այն նույնիսկ ավելի արժեքավոր դարձավ, քան Apple-ը և փոխարինեց Intel-ին Dow Jones-ում: Սակայն այժմ տնտեսագետները կանխատեսում են, որ ԱԲ—ում ներդրումները կնվազեն։ Microsoft-ը  և Google-ը հայտարարել են, որ ԱԲ ուղղությամբ իրենց ծախսերն ապագայում ավելի դանդաղ են աճելու: Nvidia–ի մյուս մարտահրավերը այս ոլորտում աճող մրցակցությունն է։ Amazon-ը հայտարարել է, որ պատրաստվում է սուպերհամակարգիչ կառուցել իր սեփական ԱԲ չիպերով՝ Nvidia-ի հետ մրցելու համար: Broadcom-ի ԱԲ չիպերի վաճառքները նույնպես աճում են։ Երեքշաբթի PHLX կիսահաղորդչային ինդեքսը, որը ներառում է Nvidia-ն և այլ չիպ արտադրող ընկերություններ, նվազել է 1,6%-ով։


Tesla-ի բաժնետոմսերը երեքշաբթի նոր ռեկորդ են սահմանել։ Ընկերության բաժնետոմսերի գինը աճել է 3,6%-ով, մեկ բաժնետոմսի գինը հասել է 479 դոլարի: Վերջին հինգ օրվա ընթացքում Tesla-ի բաժնետոմսերի գինն աճել է գրեթե 20%-ով, ինչը պայմանավորված է Tesla-ի և նրա գործադիր տնօրեն Իլոն Մասկի և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կապերով: Ընտրությունների օրվանից ի վեր Tesla-ի բաժնետոմսերն աճել են ավելի քան 85%-ով։


2024 թվականի դեկտեմբերի 4-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 30 մլրդ դրամի պետական պարտատոմս՝ երեք տարի մարման ժամկետով։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 35,1 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 96,9 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 9,85 տոկոս։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։