Ստեղծել միասնական տեղեկատվական տարածք խուլ և լսող մարդկանց համար. նման նպատակ է դրել Հայաստանում վերջերս բացված «Տեխնոլոգիաներ հաշմանդամների համար» ընկերությունը։ Ընկերության հիմնադիրները հույս ունեն առաջատար տեխնոլոգիաների միջոցով վերացնել լսող և չլսող մարդկանց միջև առկա անհավասար պայմանները՝ մեկ կենտրոնացված հարթակում նրանց տալով տեղեկության հավասար հասանելիություն:
Նրանք վստահ են, որ նման հարթակը անգնահատելի ռեսուրս կլինի լսողության խանգարումներ ունեցող մարդկանց համար և նրանց հնարավորություն կտա գիտելիքներ ձեռք բերել, հեշտությամբ շփվել ուրիշների հետ և տեղեկանալ ընթացիկ իրադարձություններին։
Արաբական Միացյալ Էմիրություններում գործող FZC Interactive Group-ի աշխատանքի շնորհիվ ԱՄԷ-ում և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շատ երկրներում արդեն ներդրվել են համակարգեր, որոնք հեշտացնում են լսողության խանգարումներ ունեցող մարդկանց, արտագաղթածների և ճանապարհորդների կյանքը։
«Տեխնոլոգիաներ հաշմանդամների համար» ընկերությունը ցանկանում է նմանատիպ համակարգեր ներդնել նաև Հայաստանում։ Ընկերության ներկայացուցիչների կարծիքով՝ դա շահավետ կլինի ոչ միայն լսողության խանգարումներ ունեցող մարդկանց, այլ նաև բիզնեսի և զբոսաշրջության համար, քանի որ հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքը հեշտացնող տեխնոլոգիաների առկայությունը երկիրն ավելի գրավիչ է դարձնում այլ երկրների ճանապարհորդների աչքում, որոնց մեջ լսողության խանգարումներ ունեցող շատ մարդիկ կան։
Ավելին, նման տեխնոլոգիաների ներդրումը կարող է նաև օգուտ բերել պետական ծառայողներին և Հայաստանը դարձնել ավելի ժամանակակից երկիր՝ հարմարավետ ինչպես մշտական կյանքի, այնպես էլ զբոսաշրջության համար։
Լսողության խանգարումներ ունեցող մարդիկ այսօր դժվարություններ են ունենում տարբեր կազմակերպությունների ու ձեռնարկությունների հետ շփվելիս, և, առհասարակ, առօրյա կյանքում շատ սահմանափակ հնարավորություններ ունեն։ «Տեխնոլոգիաներ հաշմանդամների համար» և Հայաստանի խուլերի միության համատեղ աշխատանքի շնորհիվ երկրում կհայտնվեն ժամանակակից հարմար գործիքներ, որոնք լսողության խնդիրներ ունեցող մարդկանց կօգնեն ավելի ակտիվ մասնակցել հասարակական կյանքին և հաղթահարել հաղորդակցման խոչընդոտները։






