Mac-ի երկու չթողարկված համակարգիչների անուններ հայտնվել են Steam վիդեոխաղերի ծառայության նոյեմբերի տվյալների բազայում, որը ներառում է ծառայության օգտատերերի ծրագրային ապահովումն ու սարքավորումը։ Լրատվամիջոցների ուշադրությունն այս փաստին է հրավիրել MacRumors պորտալը։
Քննարկվող համակարգիչներն ունեն «Mac14.6» և «Mac15.4» նույնացուցիչները։ Ըստ աղբյուրի՝ քանի որ դրանք հայտնվել են Steam-ի տվյալների բազայում, հնարավոր է, որ Apple-ի ինժեներներն այժմ խաղերի վրա փորձարկում են այդ համակարգիչների կատարողական հնարավորությունները։
Աղբյուրը նաև նշում է, որ Apple-ի նոր համակարգիչներ կներկայացվեն հաջորդ տարվա սկզբին։ Դրանց թվում են նոր 14 և 16 դյույմանոց MacBook Pro-ն, Mac Studio-ն և Mac Pro-ն՝ հիմնված Apple Silicon պրոցեսորի վրա։ Ըստ որոշ տեղեկությունների՝ պետք է սպասել նաև M2 չիպով Mac mini-ի նոր տարբերակ:
Ավելի վաղ Geekbench-ը հայտնել էր Apple M2 Max պրոցեսորի փորձարկման արդյունքների մասին։ Ըստ այդմ՝ մեկ միջուկային ռեժիմում M2 Max-ը հավաքել է 2027 միավոր, իսկ բազմամիջուկ ռեժիմում՝ 14,888 միավոր, այն դեպքում երբ դրա նախորդ սերնդի M1 Max պրոցեսորը մեկ միջուկային ռեժիմում հավաքել էր 1787 միավոր, իսկ բազմամիջուկ ռեժիմում՝ 12,826 միավոր:






