Արդյոք արհեստական բանականության (ԱԲ) և մարդկանց միջև կոնֆլիկտ կլինի, թե՞ նրանք կլրացնեն միմյանց, և ԱԲ-ն կդառնա օգնական բոլոր հարցերում, ԱԲ-ն քաղաքակրթության ապագա՞ն է, թե՞ դրա սպանողը, արդյոք աշխարհը կունենա՞ ևս մեկ տեխնոլոգիական հեղափոխություն, ԱԲ-ն միջազգային առճակատման նոր գոտի՞ է, թե՞ համագործակցության հիմք։ Այս և մի շարք այլ թեմաներին էր նվիրված Մոսկվայում նոյեմբերի 4-6-ն անցկացվող «Ստեղծելով ապագան» գիտաժողովի շրջանակում կազմակերպված «Արհեստական բանականություն․ մրցակի՞ց, թե՞ դաշնակից» խորագրով պանելային քննարկումը։
«Սբերբանկ» ՓԲԸ-ի մարդակենտրոն ԱԲ կենտրոնի կառավարիչ տնօրեն, ԱԲ ոլորտում էթիկայի կանոնագրքի ներդրման Ռուսաստանի ազգային հանձնաժողովի նախագահ Անդրեյ Նեզնամովն ասում է, որ տեխնոլոգիաները շարունակ զարգանում են՝ իրենց հետ բերելով փոփոխություններ, որոնք ինչ-որ ժամանակ անց արդեն սովորական են դառնում։ Օրինակ՝ եթե մարդիկ ժամանակին երկար տարածությունները տեղափոխվում էին ձիով, ավելի ուշ ստեղծվեց ավտոմեքենան, տրանսպորտի մյուս միջոցները, և մարդիկ սկսեցին դրանցով տեղաշարժվել։ Իհարկե ձիաբուծության ոլորտում շատերն անգործ մնացին, քանի որ չկար նախկին պահանջարկը, և սկսեցին այլ ոլորտներում մասնագիտանալ, ինչը, ըստ նրա, բնական է, քանզի զարգացումը փոփոխություններ է բերում իր հետ։
«Արհեստական բանականությունը դառնում է մեր կյանքի անբաժան մասը ֏ հաճախ բավական դժվար է արձագանքել փոփոխություններին, որոնք իր հետ բերում է ԱԲ-ն»,- ասաց նա՝ հավելելով, որ ԱԲ-ն, իր կարծիքով, դաշնակից է, ոչ թե մրցակից։
Նա նշեց, որ ԱԲ ի հայտ գալով կոնկրետ մասնագիտություններ վերանում են, մարդիկ կորցնում են աշխատանքը և դա որոշ դեպքերում իսկապես անխուսափելի է։ «Այնուհետև անելիքը շատ պարզ է՝ մարդը թարմացնո՞ւմ է իր գիտելիքները, թե՞ ոչ։ Վերցնո՞ւմ է նոր գործիք, թե՞ ոչ։ Դա մրցակցություն չէ ԱԲ-ի հետ, դա մրցակցություն է այն մարդկանց միջև, որոնք սկսում են օգտագործել ԱԲ-ն, և նրանց միջև, որոնք չեն անում դա»,- ասաց նա։

Գիտաֆանտաստ գրող, ՏՏ մասնագետ Էլդար Սաֆինն ասում է, որ ամեն բան կախված է կարգավորումներից, քանզի նույն ավտոմեքենան, ավտոբուսը կամ տրանսպորտային մյուս միջոցները, որոնք գիտության զարգացման արգասիքն են, բացի դրանից, որ մարդկանց օգուտ են բերել, դրանք նաև բացասական կողմեր ունեն, կամ կարող են կիրառվել են վատ նպատակներով։ Օրինակ՝ ավտովթարներից տարեկան հազարավոր մարդիկ են զոհվում, կամ նույն ավտոմեքենաները կիրառվում են տարբեր հանցագործությունների կատարման ժամանակ, կամ մարդիկ կատարում են երթևեկության կանոնների խախտումներ։
«Երբեմն մենք խոսում ենք փոքր բաների, փոքր խախտումների մասին, սակայն երբ խոսում ենք ԱԲ-ի մասին, ապա այն շատ ավելի մեծ մասշտաբներ ունի։ ԱԲ-ն կարող է ազդել ամբողջ աշխարհի վրա, և երբեմն մենք գուցե չիմանանք դրա մասին։ Կարող է լինել մեկ խախտում, բայց հետևանքները լինեն մեծ»,- ասաց նա։
«Իրիդիում» ԲԲԸ գլխավոր դիզայներ Իգոր Կոպտելովն ասում է, թե որքան զարգացած է գիտությունը, այդքան լավ և միաժամանակ սարսափելի կարող են լինել դրա պտուղները, հատկապես եթե դրանք հայտնվում են սխալ մարդկանց ձեռքում։ Որպես օրինակ նա բերում է միջուկային զենքը և միջուկային էներգետիկան, երբ էներգետիկան օգուտ է բերում մարդկությանը, իսկ զենքը ավերածություններ է գործում։

Նրա խոսքով՝ ԱԲ-ն այսօր հիանալի օգնական է և նպաստում է տարբեր ոլորտների զարգացմանը՝ սկսած բժշկությունից և վերջացրած ամպային ծառայություններով, դա անհերքելի փաստ է, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նպատակով է այն օգտագործվում։ Կոնկրետ իրենց ընկերությունն ԱԲ-ն օգտագործում է ամպային ծառայություններում վիրտուալ մեքենաների տեղակայման գործընթացի օպտիմիզացման համար և ԱԲ կիրառումը թույլ է տալիս մինչև 30% խնայողություն անել։
Կոպտելովը նաև նշեց, որ կոնկրետ իրենց ընկերությունում հաջորդ փուլում արդեն ԱԲ-ն կիրառելու են նաև մարդու մասնակցությունն այս գործընթացների նվազեցնելու կամ զրոյի հասցնելու ուղղությամբ։ Դիտարկմանը, որ դա նաև վատ լուր է այն մասնագետների համար, որոնք այսօր անում են այդ աշխատանքը, քանի որ նրանց աշխատանքից ազատելու են, Կոպտելովը նշեց, որ դա բնական է, քանի որ ամեն ինչ փոխվում է, վերանում են որոշ մասնագիտություններ և ի հայտ են գալիս նորերը, իսկ մարդիկ պետք է հարմարվեն նոր իրողություններին։ Ըստ նրա՝ այստեղ մրցակցության հարց չկա, գիտությունը զարգանում է, կյանքը փոխվում է, այդպես եղել է պատմության բոլոր փուլերում, պարզապես հիմա ամեն ինչ մի փոքր արագ է տեղի ունենում։
Իգոր Կոպտելովի խոսքով՝ ԱԲ-ն այս կամ այն կերպ կիրառվում է մի շարք ոլորտներում։ «Դրանից հրաժարվել արդեն հնարավոր չէ, սակայն այն վերահսկելն անհրաժեշտություն է»,- ասաց նա։
Գիտաֆանտաստ գրող, ՏՏ մասնագետ Էլդար Սաֆինը համաձայն չէ, որ ԱԲ ի հայտ գալով չկա մրցակցություն։ «Ասել, որ ԱԲ-ն մրցակից չէ, մի փոքր տարօրինակ է»,- ասաց նա և օրինակ բերեց անցած տարի Լոս Անջելեսում սցենարիստների բողոքի ակցիան, որոնք պահանջում էին, որպեսզի արգելվի ամբողջական սցենարներ գրելիս ChatGPT լեզվական մեծ մոդելի կիրառումը, և նրանք հաղթեցին այս իրենց պայքարում։ Սաֆինը նաև նշեց, որ ունի ծանոթ նկարազարդողներ, որոնք փաստում են, որ իրենց աշխատանքն էապես կրճատվել է, և այս ոլորտի աշխատողներն աստիճանաբար դուրս են մնում շուկայից, քանի որ աշխատանքի մեծ մասն ու ավելի արագ արդեն անում է Midjourney նեյրոցանցը։

«Նույնը վերաբերում է նաև քոփիռայթերներին։ Մոտ ապագայում դա կվերաբերի նաև ճարտարապետներին․․․ կոմպոզիտորներին ․․․ ԱԲ-ին հուշում անել սովորելը շատ ավելի հեշտ է, քան տարիներով նկարել կամ երաժշտություն գրել սովորել։ Ստացվում է, որ գիտելիքի ամբողջական դպրոցներ մոտ ապագայում կանհետանան»,- ասաց նա՝ հավելելով, որ դրանք կանհետանան հատկապես փոքր բնակավայրերում, քանի որ դրանք այդ քանակով ոչ ոչքի պետք չեն լինի, իսկ մեծ քաղաքներում դրանք կշարունակեն գործել։
Այդուհանդերձ, նա կարծում է, որ երկարաժամկետ հեռանկարում ԱԲ-ն մարդու համար դաշնակից կլինի, սակայն մրցակից՝ մարդկության համար։ «Քանի որ հիմա մենք լուծում ենք ԱԲ այն առաջադրանքները, որոնք կարող ենք։ Իսկ հետագայում մենք ԱԲ օգնությամբ լուծելու ենք այն առաջադրանքները, որոնք մենք կարող ենք տալ ԱԲ-ին, սակայն չենք կարող կատարել, իսկ ԱԲ-ն կարող է։ Պատկերացրեք, որ մարդը հայտնվել է մի իրավիճակում, երբ գործիքն իրենից խելացի է։ Լավ է, որ կան կանոններ, լավ է, որ այդ կանոններին հետևում են։ Սակայն արդյոք բոլո՞րը միշտ կհետևեն այդ կանոններին»,- ասաց նա՝ հավելելով, թե չի կարծում այդպես։
Ֆուտուրոլոգ, ինժեներ Խոսե Կորդեյրոն ասում է, որ նման քննարկումն անիմաստ է, քանզի ԱԲ-ն արդեն վաղուց իրողություն է և ամեն ինչ իրականում շատ լավ կլինի, այլ բան է, որ մարդկանց մի մասին կարող են դուր չգալ ԱԲ բերած փոփոխությունները։ Սակայն դա կարևոր չէ, քանի որ կյանքն անկախ ամեն ինչից կընթանա առաջ՝ առանց այդ մարդկանց։
«ԱԲ-ն կանգնեցնել չի լինի, հետ գնալ այլևս հնարավոր չի լինի։ Ո՞վ է ցանկանում վերադառնալ մի աշխարհ, որտեղ չկան բջջային հեռախոսներ, ավտոմեքենաներ, գնացքներ, ինքնաթիռներ։ Ոչ ոք չի ցանկանա վերադառնալ այսպիսի պարզունակ աշխարհ ․․․ Ես ուզում եմ ավելի խելացի լինել։ Իհարկե, լավ կլինի, որ դա տեղի ունենա բնական ճանապարհով, սակայն եթե ավելի խելացի լինելու համար կարելի է ունենալ ԱԲ, ապա պետք է օգտվել դրանից»,- ասաց նա։

Խոսե Կորդեյրոն նշեց, որ չի վախենում ԱԲ-ից, փոխարենը վախենում է հիմարություններից, որ մարդիկ գործում են և կարող են գործել, վախենում է մարդկանցից, որոնք խուսափում են փոփոխություններից, կառչում են անցյալից և չեն ուզում առաջ գնալ։
«ԱԲ-ն մարդկության լավագույն հայտնագործությունն է։ Դա այն է, ինչը մեզ առաջ կմղի դեպի ապագա, կլուծի բոլոր այն խնդիրները, որոնք մենք դեռ չենք լուծել։ Օրինակ՝ ինչո՞ւ այսօր կա աղքատություն, սով, պատերազմներ և այլն, քանի որ մենք անխելք ենք։ Երբ մենք ավելի խելացի դառնանք, արդեն կապրենք մի աշխարհում, որն ավելի լավը կլինի, ավելի հարուստ, ավելի մաքուր, ավելի խաղաղ։ Եվ դրա համար մեզ ավելի շատ բանականություն է հարկավոր»,- ասաց նա՝ հավելելով, որ մարդկությունը պետք է օգտագործի ԱԲ-ն աշխարհն ավելի լավը դարձնելու համար։
Մետա-առարկայական իրավասությունների դպրոցի տնօրեն, Տյումենի պետական համալսարանի պրոռեկտոր, Մոսկվայի հոգեվերլուծության ինստիտուտի մշակութաբանության ամբիոնի տնօրեն Իգոր Չուբարովը բնական է համարում, որ ԱԲ-ն մի շարք մտահոգություններ է առաջացնում մարդկանց շրջանում, քանի որ շատ դեպքերում դա ուղղակիորեն ազդում է մարդկանց կյանքի վրա։ Այդուհանդերձ, ըստ նրա՝ պետք է մարդկանց օգնել, որպեսզի ընդունեն ԱԲ բերած փոփոխությունները և հարմարվեն նոր իրողություններին։
Չուբարովը կարծում է, որ ԱԲ-ն դաշնակից է նրանց համար, ովքեր արդեն ինչ-որ չափով օգտագործում են ԱԲ-ն և որոշ դրական հետևություններ են անում այս տեխնոլոգիայում առկա սահմանափակումների վերաբերյալ և դրա զարգացման տարբերակներ են առաջարկում։ «Իսկ մրցակից է նրանց համար, ովքեր զգում են, որ կորցնում են իրենց տեղը, դիրքերը գիտության, ստեղծագործականության, մենեջմենտի ոլորտներում և զգում են, որ ստիպված են թարմացնել իրենց գիտելիքները»,- ասաց նա՝ հավելելով, որ շատերի համար դա լուրջ խնդիր է, քանի որ մարդիկ ձգտում են աշխատել այն ոլորտներում, որտեղ ունեն համապատասխան գիտելիքներ և որոշակի փորձ և փաստացի խուսափում են փոփոխություններից։

Ըստ նրա՝ կարևոր է ճիշտ կառուցել ԱԲ տեխնոլոգիաների հետ հարաբերությունները․ համոզմամբ՝ մարդն իր մակարդակում պետք է մասնակցի ԱԲ կիրառման, ուսուցման, մշակման աշխատանքներին և դրա հետ կապված այդ վախերն արդեն ակտուալ չեն լինի։ Ըստ նրա՝ մարդն ունի այնպիսի առանձնահատկություններ, օրինակ՝ ստեղծագործելու ունակությունը, որոնց շնորհիվ ԱԲ-ն երբեք չի կարող մարդուն փոխարինել բոլոր ոլորտներում։
Ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն (ВЦИОМ) սոցիալական հետազոտությունների և խորհրդատվության բաժնի վարիչ Անդրեյ Դաուդրիխի՝ նախքան որոշելը, թե ԱԲ-ն մարդու դաշնակիցն է, թե մրցակից, պետք է առաջին հերթին հասկանալ, թե ինչ է դա, իսկ ԱԲ-ն գործիք է, որը բոլորը պետք է սովորեն ճիշտ օգտագործել։ Երկրորդ՝ ԱԲ կիրառմամբ մարդիկ պետք է բարձրացնեն իրենց աշխատանքի արդյունավետությունը։
Դաուդրիխի խոսքով՝ ԱԲ-ն այսօր իսկապես խնդիրներ է առաջացնում շատերի համար, քանի որ մարդիկ ստիպված են թարմացնել իրենց գիտելիքների բազան, դառնալ ավելի արդյունավետ իրենց աշխատանքում, իսկ մարդիկ որպես կանոն ծույլ են և դժվարությամբ են նոր բան սովորում, դժվարությամբ են գնում փոփոխությունների։

Նա հիշեցրեց, որ 90-ականներին, երբ ի հայտ եկան բջջային հեռախոսները, մարդիկ կասկածամտորեն էին վերաբերվում դրանց։ «Սակայն անցավ մի քանի տասնամյակ, և ո՞վ է հիմա իրեն հիշում առանց հեռախոսի, առանց կապի։ Տեսեք, թե որքան է այն պարզեցրել մեր կյանքը, բարձրացրել մեր արդյունավետությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ այժմ ԱԲ-ի հետ մարդկությունն անցնում է փոփոխությունների ցիկլ և աստիճանաբար հարմարվելու է դրան։
«ԱԲ-ն մեզ դաշնակից է, օգնական է։ ԱԲ-ն այս կամ այն ոլորտում չպետք է փոխարինի մարդուն, այլ պետք է օգնի, մեր աշխատանքն ավելի արդյունավետ դարձնի»,- ասաց նա։
Անդրեյ Դաուդրիխը նաև անդրադարձով կրթության ոլորտում ԱԲ կիրառման վերաբերյալ մարդկանց վերաբերմունքին և մի քանի տվյալ ներկայացրեց ՌԴ-ում իրենց անցկացրած հարցումներից։ Ըստ այդ հարցումների՝ մարդկանց 1/3-րդ կարծում է, որ ԱԲ կիրառումը կրթության ոլորտում կբարձրացնի կրթության որակը, 40%-ը կարծում է, որ կնվազեցնի, իսկ հարվածների 1/5-րդը կարծում է, որ որևէ կերպ չի ազդի կրթության որակի վրա։
Նշենք, որ NEWS.am-ը «Ստեղծելով ապագան» գիտաժողովի ինֆորմացիոն հովանավորն է։






