«Ռոսկաչեստվո» ծառայության թվային փորձաքննության կենտրոնի փորձագետները Газета.Ru-ի հետ զրույցում պատմել են, թե ինչպես ստուգել սմարթֆոնում լրտեսող ծրագրերի առկայությունը և պաշտպանել անձնական տվյալները։

Փորձագետների խոսքով՝ գոյություն ունի վնասակար ծրագրերի առանձին կատեգորիա, որը կարող է հետևել սմարթֆոնների տիրոջ գործողություններին։ Դրանց մի մասը բանկային հավելվածները բացելիս լուսանկարում է էկրանը, մյուսները միացնում են խոսափողը և ձայնագրում զոհի խոսակցությունները։ Լրտեսող ծրագրերը վտանգավոր են և դրանց հայտնաբերելը կարող է դժվար լինել նույնիսկ կիբեռանվտանգության փորձագետների համար:

Հարձակվողները կարող են հեռակա կարգով սմարթֆոնում տեղադրել լրտեսող ծրագրեր՝ օգտագործելով սոցիալական ինժեներիայի հմտությունները: Այնուամենայնիվ, նրանք հիմնականում դա անում են՝ ֆիզիկապես մուտք գործելով տուժողի սարքը, օրինակ՝ սպասարկման կենտրոններում։

Ամենից հաճախ օգտատերերն իրենք են իրենց սմարթֆոններում տեղադրում լրտեսող ծրագրեր՝ ներբեռնելով քիչ հայտնի հավելվածներ, հաճախ ոչ պաշտոնական խանութներից: Սմարթֆոնների պաշտպանության ստանդարտ միջոցները և հակավիրուսային անվճար ծրագրերը միշտ չէ, որ կարող են արդյունավետ կերպով հայտնաբերել լրտեսող ծրագրերը, ուստի կարևոր է ուշադրություն դարձնել անուղղակի նշաններին, որոնք կարող են վկայել նման ծրագրերի առկայության մասին։

Այսպես, լրտեսող ծրագրերը կարող են սմարթֆոնում կասկածելի ակտիվություն առաջացնել, ներառյալ կեղծ ծանուցումները, զանգերի ժամանակ սպիտակ աղմուկը և խոսափողի կամ տեսախցիկի ինքնաբուխ ակտիվացումը: Բացի դրանից՝ նման ծրագրերը սպառում են ինտերնետ տրաֆիկը, քանի որ տվյալներ են ուղարկում հաքերներին։ Դրանք նաև հանգեցնում են սմարթֆոնի գերտաքացման և աշխատանքի դանդաղեցման:

Լրտեսող ծրագրերը կարող են ձայնագրել ձեր խոսակցությունները և ֆիքսել այցելած կայքերը, այնուհետև պահել այս տվյալները սմարթֆոնում: Եթե ​​պատկերասրահում գտնեք էկրանակադրեր կամ տեսանյութեր, որոնք դուք չեք արել, ապա դա կարող է վկայել այն մասին, որ ձեր հեռախոսը հարձակման է ենթարկվել, զգուշացնում են փորձագետները։

Android սմարթֆոնում լրտեսող ծրագրերը հնարավոր է հայտնաբերել և հեռացնել՝ կիրառելով հակավիրուսային ծրագրեր, սմարթֆոնի կարգավորումների, «Ներբեռնումներ» բաժնի կամ գործարանային կարգավորումները վերականգնելու միջոցով:

«Վնասակար ծրագիրը հեռացնելուց հետո պետք է անհապաղ ձեռնարկել լրացուցիչ կանխարգելիչ միջոցներ՝ փոխել ձեր iCloud-ի, App Store-ի կամ Google-ի օգտահաշիվների գաղտնաբառերը, վերատեղադրել բոլոր հավելվածները պաշտոնական խանութից, փոխել դրանց գաղտնաբառերը։ Եթե ​​սարքն աշխատում է Android-ով, տեղադրել հուսալի հակավիրուսային ծրագիր»,- խորհուրդ է տալիս «Ռոսկաչեստվո»-ի թվային փորձաքննության կենտրոնի ղեկավար Սերգեյ Կուզմենկոն։

Ընդհանուր առմամբ, անվտանգությունն ապահովելու համար խորհուրդ է տրվում հետևել մի քանի պարզ կանոնների՝ չտեղադրել անօրինական հավելվածներ, կանոնավոր կերպով փոխել գաղտնաբառերը, այցելել միայն վստահելի կայքեր, որոնք սկսվում են HTTPS-ով և ժամանակին թարմացնել օպերացիոն համակարգը: