Նոր iPhone 16 Pro-ն և Pro Max-ը ոչ միայն ավելի երկար կաշխատեն առանց վերալիցքավորման, այլև ավելի արագ կլիցքավորվեն։ Սարքերի աքսեսուարների արտադրությամբ զբաղվող Angry Miao ընկերության հիմնադրի տվյալներով՝ Apple-ի ապագա ֆլագմանները կունենան 40 Վտ արագ լարային լիցքավորման և 20 Վտ MagSafe անլար լիցքավորման աջակցություն։

Համեմատության համար նշենք, որ ներկայիս iPhone 15 Pro և Pro Max մոդելներն առաջարկում են միայն 27 Վտ լարային և 15 Վտ անլար լիցքավորում: Այսպիսով, նոր մոդելները ցույց կտան լիցքավորման հզորության նկատելի աճ։ Թեև սա դեռ համեմատելի չէ Xiaomi-ի, Vivo-ի և չինական այլ ապրանքանիշերի նույնիսկ էժան մոդելների հետ, սակայն 40 Վտ-ն արդեն զգալի բարելավում է Apple-ի սարքերի համար:

Նոր արտադրանքներին վերագրվում են նաև ավելի տարողունակ մարտկոցներ՝ համեմատած իրենց նախորդների։ Ըստ տեղեկությունների՝ iPhone 16 Pro մոդելը կստանա 3577 մԱ/ժ հզորությամբ մարտկոց, որը 9,25%-ով ավելի է iPhone 15 Pro մարտկոցից (3274 մԱ/ժ): Իսկ iPhone 16 Pro Max-ը կստանա 4676 մԱ/ժ հզորությամբ մարտկոց՝ 5,74%-ով ավելի, քան iPhone 15 Pro Max-ը (4422 մԱ/ժ)։

Հիշեցնենք, որ նոր iPhone-ի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա մեկ շաբաթից՝ սեպտեմբերի 9-ին։