Apple-ը, եկամտի նոր աղբյուրներ փնտրելով՝ շարունակում է մշակել տան համակարգերը կառավարող թանկարժեք սարք, որը կունենա iPad-ի նման էկրան և ռոբոտացված վերջույթ։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը` վկայակոչելով իր աղբյուրները:

Նշվում է, որ ռոբոտ ձեռքի ստեղծման վրա աշխատում է մի քանի հարյուր հոգուց բաղկացած թիմ։ Նախագիծը ղեկավարում է ընկերության վետերան Քևին Լինչը: Նա զբաղեցնում է տեխնոլոգիաների գծով փոխնախագահի պաշտոնը, վերահսկում էր Apple-ի ինքնակառավարվող մեքենայի զարգացումը և մինչև վերջերս ղեկավարում էր Apple Watch խելացի ժամացույցում առողջության ցուցանիշների մոնիտորինգի համար պատասխանատու ծրագրային ապահովման ստեղծման նախագիծը: Ռոբոտ ձեռքի մշակմանը մասնակցում է նաև ապարատային ինժեներների թիմը։ Այն գլխավորում է Մեթ Կոստելոն, որը նախկինում գլխավորել է HomePod խելացի բարձրախոսների մշակումը։

Գուրմանի տվյալներով՝ սարքը պետք է դառնա խելացի տան հրամանատարական կենտրոն։ Բացի դրանից՝ այն կարող է օգտագործվել տեսակոնֆերանսների և տնային անվտանգության սարքավորումների հեռակառավարման համար: Սարքը, որը Գուրմանի աղբյուրները նկարագրում են որպես 360 աստիճան պտտվող էկրանով ռոբոտ, նախատեսված է ավելի առաջադեմ այլընտրանք լինել տնային ապրանքների համար, ինչպիսիք են Amazon-ի Echo Show 10 խելացի էկրանը և Meta-ի՝ արտադրությունից հանված Portal խելացի էկրանը:

Գուրմանի աղբյուրների համաձայն՝ Apple-ը նախագիծը հաստատել է դեռ 2022-ին, սակայն թիմն սկսել է ակտիվ զարգացման փուլն ընդամենը մի քանի ամիս առաջ։ Ակնկալվում է, որ սարքը շուկայում կհայտնվի 2026 կամ 2027 թվականներին։ Այժմ Apple-ը ուղիներ է փնտրում դրա արժեքը մինչև 1000 դոլար նվազեցնելու համար։ Սակայն մինչև սարքի թողարկումը, ընկերության ծրագրերը կարող են փոխվել։

Apple-ի պաշտոնյան Գուրմանի հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանություն տալ նոր արտադրանքի մասին։ Գուրմանը նշում է, որ Apple-ի արդյունաբերական դիզայնի թիմը տարիներ շարունակ ուսումնասիրել է սեղանի ռոբոտների հայեցակարգերը, սակայն ընկերության ներսում համաձայնություն չի եղել այս ուղղությամբ առաջ գնալու վերաբերյալ:

Գուրմանը նաև նշում է, որ Apple-ն աշխատում է հավելյալ իրականության ակնոցի վրա և ուսումնասիրում է ավելի քիչ հավակնոտ կրելի սարքերի թողարկման հնարավորությունը, ինչպիսիք են խելացի ակնոցը, որոնք կարող են դառնալ Ray-Ban Meta խելացի ակնոցի մրցակիցը: Ինքը՝ Meta-ն Ray-Ban խելացի ակնոցն անվանում է հեղափոխական արտադրանք, բայց դրանք չեն առաջարկում ընդլայնված իրականության իրական փորձառություն և թույլ են տալիս միայն զանգեր կատարել և տեսագրել։

Լրագրողը նաև պնդում է, որ Apple-ը դիտարկում է ներկառուցված տեսախցիկներով AirPods ականջակալի տարբերակը, որը հավանաբար կգնահատի շրջակա միջավայրը և համապատասխանաբար կկարգավորի ձայնը խելացի ալգորիթմների միջոցով։ Ընկերությունը շարունակում է աշխատել նաև ծալովի iPad պլանշետի վրա, որը շուկայում չի հայտնվի 2027–2028 թվականներից շուտ։