Made by Google-ի ամենամյա միջոցառման շրջանակում որոնողական հսկան երեկ ներկայացրել է ապարատային և ծրագրային նորամուծություններ, այդ թվում՝ Pixel 9 Pro Fold ծալվող սմարթֆոնը, որը նախորդ տարվա մոդելի համեմատ ստացել է ավելի մեծ էկրան, ինչպես նաև այլ բարելավումներ։

Տեսողական առումով Pixel 9 Pro Fold-ը շատ չի տարբերվում բնօրինակ Pixel Fold-ից: Սարքավորումների մեջ ամենանկատելի փոփոխությունը հիմնական էկրանի մեծ չափն է բացված վիճակում: Եթե անցյալ տարվա Pixel Fold-ն ուներ 7,6 դյույմանոց էկրան, ապա նոր Pixel 9 Pro Fold-ի էկրանը 8 դյույմ է: Համեմատության համար նշենք, որ Samsung Galaxy Fold 6-ի էկրանը բացված ժամանակ 7,6 դյույմ է: Այս փոփոխությունը Google-ի նոր սարքին թույլ է տալիս հավակնել ծալվող սմարթֆոնների մեջ ամենամեծ էկրան ունեցող սարքի կոչմանը:

Pixel 9 Pro Fold-ի հիմնական OLED էկրանը՝ 2152 × 2076 պիքսել կետայնությամբ, 373 PPI պիքսելների խտությամբ և մինչև 120 Հց թարմացման փոփոխական արագությամբ, ապահովում է 2700 քդ/մ² առավելագույն պայծառություն: Արտաքին էկրանը նույնպես մեծացել է՝ դրա անկյունագիծը 5,8 դյույմից դարձել է 6,3 դյույմ։ Այն ունի 2424 × 1080 պիքսել կետայնության աջակցություն, ունի 422 PPI պիքսելների խտություն և մեխանիկական վնասվածքներից պաշտպանված է Gorilla Glass Victus 2 ապակիով: Բացի դրանից՝ Pixel 9 Pro Fold-ը մի փոքր ավելի բարակ է, քան իր նախորդը:

Pixel 9 Pro Fold  - 1.jpg (109 KB)

Սարքի հիմնական տեսախցիկը գտնվում է տեսախցիկների բլոկում, որը դուրս է ցցված կորպուսի մակերևույթից վեր։ Այն համատեղում է 48 ՄՊ լայնանկյուն սենսորը 10,5 ՄՊ գերլայնանկյուն սենսորի և 10,8 ՄՊ հեռաֆոտո ոսպնյակի հետ՝ 5 անգամ օպտիկական խոշորացմամբ և Super Res Zoom-ի միջոցով 20 անգամ պատկերը մոտեցնելու հնարավորությամբ: Սարքն ունի 4K վիդեո նկարահանման աջակցություն մինչև 60 կադր/վրկ արագությամբ: Առկա են նաև առջևի զույգ տեսախցիկներ՝ յուրաքանչյուրը 10 ՄՊ։

Pixel 9 Pro Fold-ն աշխատում է նոր ութմիջուկանի Google Tensor G4 միկրոպրոցեսորով՝ զուգակցված 16 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ կամ 512 ԳԲ ներկառուցված հիշողությամբ: Սմարթֆոնն աշխատում է 4650 մԱ/ժ հզորությամբ մարտկոցով։

Pixel 9 Pro Fold  - 2.jpg (62 KB)

Pixel 9 Pro Fold-ն ունի Google-ի սեփական ԱԲ գործառույթների աջակցությունը, իսկ ձայնային օգնականի աշխատանքն այժմ ապահովում է Gemini ալգորիթմը: Սմարթֆոնը վաճառվում է Google One AI Premium-ի տարեկան բաժանորդագրությամբ, որն ապահովում է Gemini նեյրոնային ցանցի առաջադեմ հնարավորությունների հասանելիությունը, ավելացնում է ԱԲ օգնական Gmail-ին և Docs-ին, ինչպես նաև թույլ է տալիս օգտագործել 2 ՏԲ Google ամպային պահեստում: Ընկերությունը խոստանում է յոթ տարի թողարկել օպերացիոն համակարգի և գործառույթների թարմացումներ:

Pixel 9 Pro Fold-ն աշխատում է Android 14-ով և վաճառվում է 1799 դոլարով 256 ԳԲ ներկառուցված հիշողությամբ տարբերակի համար և 1919 դոլարով՝ 512 ԳԲ տարբերակի համար: