Apple iPhone SE բյուջետային սմարթֆոնների հաջորդ սերունդը կարող է 2025-ին Apple Intelligence արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիայի աջակցություն ստանալ, գրում է The Verge-ը՝ վկայակոչելով Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանին։
Մինչ այժմ ԱԲ-ի գործառույթները հասանելի էին միայն iPhone 15 Pro-ում, սակայն ակնկալվում է, որ այս աշնանը Apple Intelligence կստանա iPhone 16-ի ողջ շարքը:
Եթե տեղեկությունը հաստատվի, ապա Apple-ի ամենամատչելի սմարթֆոնը շատ ավելի գրավիչ կդառնա գնորդների համար։ Ավանդաբար, iPhone SE-ն առաջարկել է փոխզիջում` մատչելի գին և բավականին հզոր պրոցեսոր հնացած կորպուսում (վերջին SE-ում օգտագործվում է iPhone 8-ի դիզայնը):
Այնուամենայնիվ, ըստ տեղեկությունների՝ հաջորդ SE-ն կառուցվելու է iPhone 14-ի կորպուսի հիման վրա՝ հրաժարվելով մեծ շրջանակից և Home կոճակից, որոնք բնորոշ են iPhone X-ին։ Հնարավոր է, որ այն նույնիսկ ստանա 6.1 դյույմանոց OLED էկրան: Ըստ աղբյուրի՝ հաշվի առնելով, որ Apple-ի ԱԲ գործառույթները չեն կարող աշխատել iPhone 15-ի վրա՝ հաշվողական անբավարար հզորության պատճառով, կարելի է ենթադրել, որ հաջորդ iPhone SE-ն ավելի լավ կատարողականություն կունենա։
Թեև iPhone 16-ը, որը հանրությանը կներկայացվի շուտով, հավանաբար, կպահպանի որոշ առավելություններ, ինչպիսիք են կրկնակի տեսախցիկը և Action Button-ը, ինչպես iPhone 15 Pro-ի դեպքում է, այդ գործառույթները, հավանաբար, հասանելի չեն լինի iPhone SE-ում: Այնուամենայնիվ, այս առանձնահատկությունները կարող են այդքան կարևոր չլինել, եթե հաջորդ սերնդի SE-ն նման լինի iPhone 14-ին, ունենա նույն կատարողականությունը, ինչ iPhone 16-ը և միևնույն ժամանակ պահպանի SE շարքի սմարթֆոններին բնորոշ գրավիչ գները:






