Ամերիկյան Apple ընկերությունն սկսել է iPhone 16 շարքի սմարթֆոնների զանգվածային արտադրությունը, որպեսզի հասցնի սարքերը ներկայացնել սեպտեմբերին կայանալիք միջոցառմանը, հայտնում է կորեական ET News-ը։
Կայքի աղբյուրների համաձայն՝ ընկերության հարավկորեական գործընկերները՝ Samsung Display-ը և LG Display-ը, ընդլայնել են OLED էկրանների արտադրությունը։ Լրատվամիջոցի լրագրողները նշել են, որ այս քայլը կարող է ճշգրտորեն վկայել այն մասին, որ Apple-ին անհրաժեշտ է եղել մեծ քանակի առջևի վահանակներ նոր iPhone-ների էկրանները հավաքելու համար։
Սպասվում է, որ Apple-ը կթողարկի 90 միլիոն նոր հեռախոս։ Միաժամանակ Samsung Display-ը և LG Display-ը կորպորացիային կտրամադրեն 120 մլն էկրան։ Պատվերի մեծ մասը՝ 80 միլիոն OLED էկրան, կկատարի Samsung Display-ը։ Նաև մատակարարման մի մասի պատասխանատուն BOE ընկերությունն է, որի էկրանները Apple-ը ներկայումս փորձարկում է նախքան արտադրության մեկնարկը:
Եզրափակելով՝ ET News-ն նշում է, որ զանգվածային արտադրության մեկնարկը նշանակում է, որ ամերիկյան ՏՏ հսկան մտադիր է ժամանակին հայտարարել նոր սարքերի մասին։ Apple-ը պատրաստվում է iPhone 16-ը ներկայացնել սեպտեմբերին:
Ավելի վաղ 9to5Mac-ը, հիմնվելով արտահոսքի և նախկինում հայտնի տվյալների վրա, կանխատեսել էր, որ iPhone 16-ի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին։






