HMD Barbie Phone ծալվող հեռախոսը հավաստագրվել է չինական TENAA կարգավորիչի կողմից, որի շնորհիվ սարքի բնութագրերն ու լուսանկարները հայտնվել են համացանցում, հայտնում է GSMArena կայքը։
Ստեղներով այս հեռախոսը մշակում է HMD ընկերությունը՝ Mattel ընկերության հետ համատեղ: Սարքը կստանա արտաքին 1,77 դյույմանոց TFT էկրան՝ 128x160 պիքսել կետայնությամբ և 2,8 դյույմանոց հիմնական էկրան՝ 240x320 պիքսել կետայնությամբ։ Հետևի վահանակում՝ արտաքին էկրանի վերևում, տեղադրված է 0,3 մեգապիքսել կետայնությամբ տեսախցիկ։
Հեռախոսի կատարողականության համար պատասխանատու է 1 ԳՀց հաճախականությամբ պրոցեսորը, որի անունը չի նշվում։ Հեռախոսը կունենա 64 ՄԲ օպերատիվ և 128 ՄԲ ներկառուցված հիշողություն: Վերջինս կարելի է ընդլայնել microSD հիշողության քարտերի միջոցով։ Ենթադրվում է, որ HMD Barbie Phone-ը կաշխատի S30+ կամ KaiOS օպերացիոն համակարգով:
Ի թիվս այլ հնարավորությունների հեռախոսն ունի 4G աջակցություն, Bluetooth, 1450 մԱ/ժ հզորությամբ մարտկոց։ Սարքի չափերը՝ 108x55x18,9 մմ, քաշը՝ 123 գրամ:
Ըստ աղբյուրի՝ HMD Barbie հեռախոսը, դատելով դրա պարամետրերից, Nokia 2660 Flip ծալվող հեռախոսի վերաբրենդավորված տարբերակն է։ Նոր արտադրանքի թողարկման ժամկետն ու գինը դեռ հստակեցված չեն։






