Սմարթֆոնի աշխատանքի դանդաղումն ու գերտաքացումը կարող են առաջին նշանները լինել, որ ձեր սմարթֆոնը վարակված է վնասակար ծրագրերով, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ասել է «Վստահելի փոխազդեցության տեխնոլոգիաներ» ազգային տեխնոլոգիական նախաձեռնության կենտրոնի զարգացման տնօրեն Ռուսլան Պերմյակովը։

«Վարակվելու նշաններն են․ եթե ձեր հեռախոսը դառնում է անսովոր դանդաղ, արագ սպառվում է մարտկոցի լիցքը կամ գերտաքանում է, դա կարող է լինել վնասակար գործունեության նշան... Սարքի կարգավորումների անվերահսկելի փոփոխություններ, ինչպիսիք են GPS-ը, Wi-Fi-ը կամ բջջային կապի տվյալները կարող են վկայել նաև վնասակար ծրագրային ապահովման առկայության մասին»,- ասել է Պերմյակովը։

Նա հավելել է, որ ֆոնային ռեժիմում աշխատող վնասակար ծրագրի առկայության մասին կարող է վկայել օգտատիրոջ բջջային հեռախոսի վճարի կտրուկ ավելացումը, այն դեպքում, երբ օգտատերը չի փոխել ցանցի օգտագործման սովորությունները, ինչպես նաև սմարթֆոնում հավելվածների հայտնվելը, որոնք օգտատերը չի տեղադրել:

Փորձագետը խորհուրդ է տալիս պարբերաբար թարմացնել օպերացիոն համակարգը և հավելվածները, օգտագործել հակավիրուսային ծրագրեր, իսկ հավելվածները ներբեռնել միայն պաշտոնական աղբյուրներից, ինչպիսիք են Google Play-ը կամ App Store-ը։

Նա նաև խորհուրդ է տալիս զգույշ լինել Wi-Fi-ից օգտվելիս, օգտագործել վիրտուալ մասնավոր ցանցեր (VPN)՝ հանրային ցանցերից օգտվելիս տվյալները պաշտպանելու համար և պարբերաբար պատճենել ձեր տվյալները։