Huawei-ը թողարկել է Nova Flip ծալվող հեռախոսը՝ քառակուսի էկրանով, առաջադեմ հետևի տեսախցիկով, դիմացկուն մարտկոցով և նոր դիզայնով։ Huawei-ը նշում է, որ նոր սարքը ստացել է այս արդյունաբերության մեջ առաջին շվեյցարական SGS հավաստագիրը, ինչը երաշխավորում է 1,2 միլիոն բացման և փակման ցիկլ: Հեռախոսում կիրառվում է արցունքի տեսքով բազալտե ծխնի, որը զգալիորեն նվազեցնում է երկու բաղադրիչների միջև բացը և բացված վիճակում ապահովում է ամբողջովին հարթ էկրան:
Նոր արտադրանքը կառուցված է Kirin 8000 չիպսեթի վրա, որը ներառում է մեկ Cortex-A78 միջուկ՝ մինչև 2,4 ԳՀց հաճախությամբ, երեք Cortex-A78 միջուկ՝ մինչև 2,189 ԳՀց հաճախությամբ և չորս Cortex-A510 միջուկ՝ մինչև 1,84 ԳՀց հաճախությամբ: Գրաֆիկական պրոցեսորը Mali-G610 է՝ 864 ՄՀց հաճախությամբ: Հեռախոսի բոլոր տարբերակներում օպերատիվ հիշողության ծավալը կկազմի 12 ԳԲ, ներկառուցված հիշողությունը՝ 256 ԳԲ, 512 ԳԲ կամ 1 ՏԲ։
Հիմնական OLED էկրանն ունի 6,94 դյույմ անկյունագիծ՝ 2690 × 1136 պիքսել կետայնությամբ և 1-120 Հց թարմացման հարմարվող արագությամբ։ Այն ունի սեփական արտադրության SuperMotion և SuperVision պատկերի բարելավման տեխնոլոգիաների աջակցություն՝ AI Image HDR-ով և Touch Turbo 4.0-ով՝ ճշգրիտ հպման հետադարձ կապի համար: Արտաքին OLED էկրանը 2,14 դյույմ է՝ 480 x 480 պիքսել կետայնությամբ և ապահովում է P3 գունային գամմա:

Huawei Nova Flip-ն ստացել է հետևի տեսախցիկների կրկնակի բլոկ՝ 50 ՄՊ RYYB հիմնական տեսախցիկ f/1.9 բացվածքով և 8 ՄՊ լայնանկյուն մոդուլ՝ 112 աստիճան դիտման անկյունով և f/2.2 բացվածքով: Լուսանկարչական հնարավորությունները լրացվում են 10x թվային խոշորացումով և մակրո ռեժիմով:
Սելֆիի տեսախցիկը 32 ՄՊ սենսորով (f/2.2 բացվածք) ապահովում է դիմանկարի, համայնապատկերի, համաժամանակյա նկարահանման ռեժիմներ և ձայնային կառավարում։ Da Vinci Portrait Engine 2.0 ծրագրաշարը թույլ է տալիս ստեղծել դիմանկարներ՝ «խելացիորեն օպտիմալացնելով ձևը, գույնը, տեքստուրան, լույսը և պատկերը՝ դեմքի ձևը դարձնելով եռաչափ»: Սեփականատերը իր տրամադրության տակ ունի մի շարք ֆիլտրեր, ինչպես նաև գիշերային նկարահանման և թայմերով լուսանկարելու հնարավորություն։

Dual-SIM Super Acceleration տեխնոլոգիան թույլ ազդանշանի ուժեղացման ռեժիմով ապահովում է ներբեռնման և վերբեռնման բարձր արագություն: Nova Flip-ը համալրված է սիլիկոնային անոդով անշարժ մարտկոցով՝ 4400 մԱ/ժ հզորությամբ։ Այն ունի 66Վտ արագ լիցքավորման (11V և 6A) և Turbo 2.0 տեխնոլոգիայի աջակցություն, որը երկարացնում է մարտկոցի ծառայության ժամկետը: Nova Flip-ի երկարությունը 169,77 մմ է բացված վիճակում, իսկ ծալված վիճակում՝ 87,76 մմ: Հեռախոսի լայնությունը 75,4 մմ է, իսկ հաստությունը և քաշը կախված են տարբերակից։
- Կաշվե ծածկույթով տարբերակ՝ 15,08 մմ ծալված, 6,88 մմ բացված վիճակում, քաշը՝ 195 գրամ։
- Ապակե վահանակով տարբերակ՝ 15,12 մմ ծալված և 6,9 մմ բացված վիճակում, քաշը՝ 199 գրամ։
Սարքն առաջարկվում է չորս գույնով՝ New Green, Zero White, Sakura Pink և Starry Black:

Սմարթֆոնն աշխատում է HarmonyOS 4.2 օպերացիոն համակարգով և առաջարկում է արհեստական բանականության մի քանի գործիքներ նկարահանման և հաղորդակցման համար, ներառյալ քառակուսի արտաքին էկրանի կառավարումը և ռետուշի և պատկերի խմբագրման գործառույթները, որոնք թույլ են տալիս ջնջել անցանկալի առարկաները կամ կտրել պատկերի որոշակի հատվածը:
Huawei Nova Flip-ը նախատեսված է երիտասարդ օգտատերերի համար, ուստի արտադրողն առաջարկում է մի շարք գործառույթներ՝ սարքը անհատականացնելու համար.
- Call Fun Display։ Արտաքին էկրանը զանգի ընթացքում ցույց կտա անիմացիոն լույսեր: Օգտատերերը կարող են տարբեր ոճեր կամ ձևանմուշներ սահմանել այս գործառույթի համար:
- Cute Pet։ Օգտատերերը կարող են կիրառել «պանդա կամ ընտանի կենդանիներ, որոնք զվարճալի անիմացիաներ են ցուցադրում արտաքին էկրանին»:
- Custom Style։ Օգտատերը կարող է ստեղծել իր լուսնկարը, փոխել ժամացույցը, տառատեսակները կամ պարզապես ընտրել պաստառի գույնը հիմնական էկրանին:
- Ինտերակտիվ թեմաներ։ Օգտատերը կարող է տեղադրել զվարճալի պաստառներ, ինչպիսիք են Star Maze-ը, տիեզերագնացները, մինի խաղերը և այլն:

Nova Flip-ը թույլ է տալիս մուտք գործել հավելվածներ արտաքին էկրանից՝ օգտագործելով վիջեթներ՝ արագ գործարկելու համար: Huawei-ը նաև ինտեգրել է Live Window գործառույթը արտաքին էկրանի համար: Celia ձայնային օգնականն ավելի արդյունավետ է դարձել Nova Flip-ում։ Այն կօգնի օգտատերերին թեմաների լայն շրջանակի հարցում՝ մաշկի խնամքի խորհրդատվություններից և ճանապարհորդության պլանավորումից մինչև փաստաթղթերի և աղյուսակների խմբագրում:
Huawei Nova Flip-ը թողարկվում է գնային երեք տարբերակով․
- Nova Flip (12 ԳԲ/ 256 ԳԲ ) - 5288 յուան (մոտ $740)
- Nova Flip (12 ԳԲ/512 ԳԲ) - 5688 յուան (մոտ $800)
- Nova Flip (12 ԳԲ/1 ՏԲ) - 6488 յուան (մոտ $910)
Սմարթֆոնի նախնական պատվերներն ընդունվում են այսօրվանից, իսկ նոր արտադրանքը Չինաստանի մանրածախ խանութներում կհայտնվի օգոստոսի 9-ին։






