Apple-ը հայտարարել է որ օֆլայն ռեժիմով շնորհանդես կանցկացնի ծրագրավորողների համար, որի ժամանակ կներկայացվի Apple Intelligence արհեստական բանականության աշխատանքային տարբերակը, հայտնում է 9to5Mac կայքը։
Միջոցառումը, որը կոչվում է Explore Apple Intelligence and Machine Learning, կկայանա օգոստոսի 14-ին ընկերության կենտրոնակայան Apple Park-ում: Ըստ աղբյուրի՝ հավանաբար շնորհանդեսի ժամանակ կցուցադրվի ընկերության արտադրության արհեստական բանականության աշխատանքային տարբերակը, որը դեռ հասանելի չէ նույնիսկ iOS 18-ի բետա թեստավորման շրջանակում:
Apple-ի կայքում տեղադրված հայտարարությունում ասվում է, որ մշակողները կկարողանան ծանոթանալ մի քանի խոշոր պրոդուկտների հետ, որոնց մասին հայտարարվել էր հունիսի սկզբին անցկացված WWDC24 միջոցառման ժամանակ։
9to5Mac-ը նշում է, որ այս միջոցառումը չի նշանակում, որ մոտ ապագայում ընկերությունը կգործարկի Apple Intelligence-ը։
WWDC 2024-ի ժամանակ Apple-ը հայտարարեց, որ արհեստական բանականության գործառույթները հասանելի կլինեն iOS 18-ում և macOS Sequoia-ում: Ավելի ուշ Apple-ի կայքում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Apple Intelligence-ի բետա տարբերակը կթողարկվի ամռանը, սակայն հետագայում այդ տեղեկությունը հեռացվեց կայքից։
Ենթադրվում էր, որ օգտատերերը պետք է «հերթ կանգնեն» և գրանցվեն սպասացանկում՝ ակտիվացնելու համար Apple Intelligence-ը, երբ այն հասանելի դառնա: Ըստ Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանի՝ Apple-ը նախատեսում է Apple Intelligence-ի որոշ գործառույթներ գործարկել այս աշնանը, սակայն արհեստական բանականության այս համակարգի մի մասը կսկսի աշխատել միայն 2025-ին:






