Սմարթֆոնների համաշխարհային վաճառքը 2024-ի երկրորդ եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 6%-ով՝ սահմանելով տարեկան աճի ամենաարագ տեմպը վերջին երեք տարվա ընթացքում։ Ցուցակի առաջատարն է Samsung-ը, իսկ առաջին եռյակում նրան հաջորդում են Apple-ն ու Xiaomi-ն։
Ըստ Counterpoint Research հետազոտական կազմակերպության վերջին զեկույցի տվյալների՝ Samsung-ը շարունակում է գերիշխել բջջային հեռախոսների համաշխարհային վաճառքի ցուցանիշներով՝ գլոբալ շուկայում ունենալով 20% մասնաբաժին (տարեկան 5% աճ): Apple-ը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 16% մասնաբաժնով (տարեկան կտրվածքով -1%)։
Xiaomi-ն, Vivo-ն և Oppo-ն զբաղեցրել են երրորդ, չորրորդ և հինգերորդ հորիզոնականները՝ 14% (տարեկան աճը՝ 22%), 8% (տարեկան աճը՝ 9%) և 8% ( տարեկան անկումը՝ 16%) շուկայի համապատասխանաբար մասնաբաժիններով։
Counterpoint-ի վերլուծությունը ցույց է տվել, որ լավագույն հինգ ապրանքանիշների ընդհանուր մասնաբաժինը նախորդ տարվա համեմատ նվազել է հիմնականում այնպիսի ընկերությունների ճնշման պատճառով, ինչպիսիք են Huawei-ը և Honor-ը:
Մյուս կողմից, առաջին տասնյակի ապրանքանիշների մասնաբաժինը գլոբալ շուկայում մոտենում է 90%-ին։






