Apple-ն իր կայքում հրապարակել է փաստաթուղթ, որը ներկայացնում է տեղեկություն այն մասին, թե ինչպես կարելի է Apple ID-ն լավագույնս պաշտպանել ֆիշինգից, սոցիալական ինժեներիայից և խարդախ զանգերից։
Ըստ այդմ՝ ընկերությունը խորհուրդ է տալիս որևէ մեկին չտրամադրել գաղտնաբառերը կամ անվտանգության ծածկագրերը կամ չմուտքագրել դրանք կասկածելի կայքերում, օգտագործել երկգործոն նույնականացում և անվտանգ պահել կոնտակտային տվյալները։ Առանձին նշվում է, որ Apple-ն ու նրա ներկայացուցիչները երբեք գաղտնաբառեր կամ հաստատման կոդեր չեն խնդրում օգտատերերից։
Ընկերությունն օգտատերերին խորհուրդ է տվել նաև նվեր քարտերը չօգտագործել վճարումների համար, քանի որ դրանք նախատեսված են միայն Apple Store-ից գնումներ անելու համար։
Apple-ից նամակներ ստանալիս խորհուրդ է տրվում ստուգել դրանց իսկությունը: Բացի դրանից՝ Apple-ը խորհուրդ է տալիս ծրագրակազմ ներբեռնել միայն վստահելի աղբյուրներից, զգույշ լինել կասկածելի հաղորդագրությունների հետ և չսեղմել հղումների վրա կամ չբացել կցված ֆայլերը կասկածելի հաղորդագրություններում:
Բացի դրանից՝ ընկերությունն իր օգտատերերին խորհուրդ է տալիս անտեսել կասկածելի զանգերը կամ հաղորդագրությունները, որոնք ենթադրաբար Apple-ից են: Ավելի լավ է կապ հաստատել ընկերության հետ պաշտոնական ուղիներով:
Այն օգտատերերին, որոնք առիթ են ունեցել առնչվելու կասկածելի էլնամակների, զանգերի կամ հաղորդագրությունների, Apple-ը խորհուրդ է տալիս այդ մասին նամակ գրել [email protected] և [email protected] էլհասցեներին։ Սպամի և խարդախությունների մասին օգտատերերը կարող են հայտնել նաև Apple-ի պաշտոնական ալիքների և իրավապահ մարմինների միջոցով:






