Apple ընկերությունը տեխնիկական խնդիրների է բախվել, որոնք թույլ չեն տալիս թողարկել իր առաջին ծալվող iPhone-ը: Այս մասին հայտնում է 9to5Mac կայքը՝ վկայակոչելով TrendForce վերլուծական ընկերության վերջին զեկույցը։

TrendForce-ի հետազոտողները պնդում են, որ Apple-ը շարունակում է գնահատել իր ապագա ծալվող սմարթֆոնի բաղադրիչների առանձնահատկություններն ու կատարողականությունը։ ՏՏ հսկայի ղեկավարությունը պնդում է, որպեսզի հեռախոսի բաղադրիչները հուսալիության բարձր մակարդակ ունենան: Ինչպես նշվում է զեկույցում, ծալվող iPhone-ի թողարկման գլխավոր խոչընդոտը ծալքի առաջացումն է էկրանի ծալվող հատվածում։

Փորձագետների կարծիքով՝ Apple-ը ձգտում է ստեղծել ճկուն էկրանի նյութ, որն ամբողջությամբ կհարթվի էկրանի բացված ժամանակ: Ընկերությունը չի ցանկանում, որ իր սարքերը նմանվեն Samsung սմարթֆոններին, որոնք հայտնի են իրենց թերություններով։ Մասնավորապես խոսքն այն մասին է, որ էկրանի ծալվող հատվածում հետագայում ծալք է առաջանում։

Բացի դրանից՝ Apple-ի ներկայացուցիչները կարծում են, որ ծալովի սարքերը փոքր մասնաբաժին ունեն շուկայում։ TrendForce-ի վիճակագրության համաձայն՝ սմարթֆոնների շուկայում նրանց մասնաբաժինը կազմում է ընդամենը 1,5%: Ակնկալվում է, որ մինչև 2028-ը այս սեգմենտը կաճի, սակայն միայն աննշան՝ մինչև 4,8%:

Վերջապես, TrendForce-ի վերլուծաբանները կանխատեսում են առաջին ծալվող iPhone-ի թողարկման ժամկետները: Նրանց գնահատականներով՝ նման սարքը շուկայում կհայտնվի 2027-ից ոչ շուտ։