Ամփոփվել են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի հայերի միության և «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտի հայտարարած երիտասարդ գիտնականների համար «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի արդյունքները: Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Ֆիզիկա, մեխանիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա» անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրել է Դավիթ Հայրապետյանը (Հայ-Ռուսական համալսարան), 2-րդ տեղը՝ Արմեն Սարգսյանը (ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ), 3-րդ տեղը զբաղեցրել են Տիգրան Պետրոսյանը (Երևանի պետական համալսարան) և Վահրամ Ղազարյանը (ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ):

«Քիմիա և Երկրի մասին գիտություններ» անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրել է Ջոն Կարապետյանը (ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ), 2-րդ տեղը՝ Մարիետա Զաքարյանը (ՀՀ ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ): Երրորդ տեղը զբաղեցրել են Աստղիկ Շահխաթունին (ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն), Բալաբեկ Սարգսյանը (Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա) և Անուշ Հովակիմյանը (ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն):

«Կյանքի մասին գիտություններ» անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրել է Գոհար Ցականովան (ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ), 2-րդ տեղը՝ Հեղինե Գևորգյանը (Երևանի պետական համալսարան), 3-րդը՝ Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն):

Armenia science .jpg (539 KB)

«Հայագիտություն և հասարակական գիտություններ» անվանակարգում 1-ին մրցանակին արժանացել են Լևոն Աղիկյանը (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ), Միքայել Մալխասյանը (Երևանի պետական համալսարան), Վոլոդյա Մկրտչյանը (Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարան): Երկրորդ մրցանակին արժանացել են Մարտին Հարությունյանը (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ), Մերի Սարգսյանը (ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն), Արմեն Ավանեսյանը (ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ): Երրորդ մրցանակին արժանացել են Գոռ Մարգարյանը (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ), Ռուբեն Մելքոնյանը և Նաիրա Պողոսյանը (Երևանի պետական համալսարան):

Մրցանակաբաշխության ժամանակ մրցանակակիրներին շնորհավորեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և մաղթեց նորանոր նվաճումներ: Նա նշեց, որ մրցույթը կյանքի է կոչվել ՀՀ ԳԱԱ-ի բարեկամ, Ռուսաստանի հայերի միության նախագահ, «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի հիմնադիր Արա Աբրահամյանի հովանավորությամբ:

Վերջինս ասաց, որ վերականգնելու են նման մրցանակաբաշխություններ անցկացնելու ավանդույթը, քանի որ գիտությունն ամենակարևոր օղակներից մեկն է: «Գիտության մեջ նոր բառից, նոր մասնիկից նոր գյուտ կարող է առաջանալ, ինչը մեզ պետք է: Գիտությունը սահմաններ չի ճանաչում: Երիտասարդներին եմ ասում՝ հավատացեք ձեզ, ու ամբողջ աշխարհը ձերն է լինելու»,- ասաց Արա Աբրահամյանը:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանն իր հերթին ասաց, որ այսօրինակ մրցանակները մեր երկրում ստեղծված ծանր պայմաններում կարևոր, էական, մշակութաստեղծ երևույթ են, որովհետև գիտության ոլորտն ունի սատարման անհրաժեշտություն:

«Միաժամանակ, այսօր շատ մեծ են հասարակության ակնկալիքները գիտության ոլորտից: Այս մրցանակաբաշխության անցկացումն էական ներդրում է գիտության ոլորտի աշխուժացման համար: Ես հույս ունեմ, որ մրցանակաբաշխությունը կլինի շարունակական»,- ասաց Արթուր Իշխանյանը։ 

Ara Abrahamyan.jpg (700 KB)