Nokia ապրանքանիշի սեփականատեր HMD Global-ը ներկայացրել է Nokia 150 ստեղներով բջջային հեռախոսը, որը շատերի մոտ կարոտ կառաջացնի: Այն արժե 229 յուան (մոտ 30 դոլար):
Ինչպես տեղեկացնում է ITHome կայքը, հեռախոսն աշխատում է միայն 2G ցանցերում։ Այն ունի 2,4 դյույմանոց էկրան՝ ավանդական ստեղնաշարով։ Կան մի շարք հարմար հնարավորություններ, օրինակ՝ «#» ստեղնը սեղմելով արագ անցում անձայն ռեժիմի, կոնտակտներից արագ համարհավաքման ֆունկցիա, հիշողության քարտերի աջակցություն, FM ռադիո և ականջակալի խցիկ: Այն ժամանակ հայտնի խաղերից նոր հեռախոսում նախապես տեղադրված է Snake-ը։
Հեռախոսի կորպուսը պատրաստված է դիմացկուն պոլիկարբոնատից, որը պաշտպանում է այն քերծվածքներից և վնասվածքներից։ Հետևի վահանակի վրա կա տեսախցիկ և բարձրախոսի ցանց։ Մարտկոցի հզորությունը 1450 մԱ/ժ է։ Նման փոքր մարտկոցներով սմարթֆոններն այլևս չեն արտադրվում, սակայն ստեղներով հեռախոսն այդ մարտկոցով դեռ երկար կարող է աշխատել առանց վերալիցքավորման։
Nokia 150-ը հասանելի է երեք գույնով՝ կարմիր, կապույտ և սև: Սակայն դեռ հայտնի չէ, թե արդյոք այն կարելի է գնել Չինաստանից դուրս։






