Հայաստանում տասից ավելի մարդիկ ծանուցվել են Pegasus-ի հաքերային ծրագրի հարձակմանը ենթարկվելու մասին։ Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Արթուր Պապյանը։

«Դրանք նոր դեպքեր չեն, 2021, 2022 թվականների վարակումներ են, բայց Apple-ը հիմա է դրանց մասին իմացել և տեղեկատվություն տվել։ Սա, իհարկե, չի նշանակում, որ այժմ նոր դեպքեր չեն կարող լինել»,- ասաց նա։

Մեդիափորձագետի խոսքով՝ թիրախում կրկին պետական կառույցների աշխատակիցներ են, հասարակական և քաղաքական գործիչներ, պետական մարմինների աշխատակիցներ։

«Սա շատ թանկարժեք հարձակում է, և պատահական մարդիկ դժվար թե լինեին թիրախում։ Մեկ հարձակումը կարող է 60-65 դոլար արժենալ, իսկ եթե մարդը թարմացնում է հեռախոսը, և վարակումը կորում է, նորից պետք է թարմացնի»,- ընդգծեց նա։

Հարձակումից խուսափելու համար հեռախոսը պետք է ունենա վերջին թարմացումը, էկրանի արգելափակման ռեժիմ։

Մեդիափորձագետի խոսքով` հարձակման ենթարկվում են iPhone ունեցողները, սակայն դա չի նշանակում, որ մյուս համակարգերով գործող հեռախոսները չեն կարող հարձակման ենթարկվել։

«Ուղղակի մեզ այդ դեպքերի մասին հայտնի չէ, որովհետև այդ համակարգերը չունեն հասանելիություն»,- ասաց Պապյանը։

Պապյանի խոսքով՝ շատ բարդ և ժամանակատար աշխատանք կլինի պարզելը, թե ովքեր են այս դեպքերի պատվիրատուները։ Այժմ աշխատանքները հետազոտական փուլում են, կարող են ամիսներ պահանջվել։

«Դրանք սովորաբար օգտագործում է տվյալ պետությունը կամ թշնամի պետությունը։Մեր նախորդ զեկույցում մենք ցույց էինք տվել, որ օպերատորները եղել են ադրբեջանցիներ։ Ընդհանրապես այդ ծրագիրը կարող ենք ասել, որ կամ ադրբեջանական կողմն է օգտագործում կամ չենք էլ կարող բացառել, որ իշխանությունը»,- նշեց նա։