Թվային տրանսֆորմացիան ու բիզնեսում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը բազմաթիվ դրական կողմեր ունեն, կարող են մեծ թվով աշխատանքային պրոցեսներ արագացնել կամ ավտոմատացնել, բայց նաեւ մի շարք ռիսկեր են պարունակում:

NEWS.am Tech-ի հետ զրույցում IMEX GROUP-ի գխավոր տնօրենի զարգացման գծով տեղակալ Տիգրան Գալստյանը պատմեց բիզնեսում թվային տեխնոլոգիաների ներդրման հետ կապված մարտահրավերների մասին, ինչպես նաեւ կիսվեց այս ոլորտում IMEX GROUP-ի փորձով:

Թվային տրանսֆորմացիա. ռիսկեր, մարտահրավերներ

Թվային տրանսֆորմացիան ու բիզնեսում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, չնայած իր բոլոր դրական կողմերին, կարող է մի շարք ռիսկեր պարունակել: Դրանք հասկանալը եւ ճիշտ գնահատելը կարող է օգնել ավելի հեշտ հաղթահարել նոր տեխնոլոգիայի ներդրման անցումային փուլը եւ ավելի լավ արդյունքների հասնել:

Առաջին ռիսկը, ինչպես նշեց Տիգրան Գալստյանը, կապված է ֆինանսների հետ. նմանատիպ ներդրումները սովորաբար ֆինանսական մեծ ռեսուրսներ են պահանջում, եւ ծախսերը պետք է արդարացված լինեն:

Երկրորդ ռիսկը, մասնագետի խոսքով, կապված է ենթակառուցվածքների հետ:

«Այն տարածաշրջանում, որտեղ աշխատում ես, պետք է լինեն համապատասխան ենթակառուցվածքներ, որովհետեւ եթե չլինեն պրոֆեսիոնալ կազմակերպություններ, ծրագրավորողներ, որոնք կկարողանան օգնել ներդրման եւ հետագա սպասարկման ոլորտում, սա մեծ ռիսկ է, որը ստիպում է օգտվել այլ տարածաշրջանների ռեսուրսներից, ինչը, իհարկե, արժեքը բավականին թանկացնում է: Սա, կարծում եմ, պետք է երկրի մակարդակով լուծումներ ստանա»:

Երրորդ ռիսկը կապված է ներդրման ընթացքում կազմակերպության աշխատակիցների մոտեցումների հետ:

«Որքանով է նրանց կողմից ընդունվում թվայնացումը, տեխնոլոգիական զարգացումը: Չէ՞ որ նրանք պետք է կրող հանդիսանան այդ գաղափարների: Ընդհանրապես ցանկանո՞ւմ են նոր տեխնոլոգիաներն ընդունել իրենց կյանք, ցանկանո՞ւմ են նորովի աշխատել, նորովի մտածել, թե՞ ոչ: Նաեւ շատ կարեւոր է, որ այդ ներդրման պրոցեսում իրենք լինեն նաեւ ակտիվ մասնակից: Երբ իրենք ակտիվ մասնակցում են, իրենց մոտ կարծիք է ձեւավորվում, որ դա նաեւ իրենց ստեղծածն է: Եւս մի կարեւոր հանգամանք է ակտիվ շահագործող լինելը: Եթե իրենք ոչ միայն շահագործում են ու խնդիրներ են տեսնում, այլ շահագործում են ու լուծումներ են առաջարկում, համակարգը սկսում է զարգանալ:

Այս տեսանկյունից, եթե կազմակերպությունը կարողանում է իր աշխատակիցներին խրախուսել, մոտիվացնել եւ իսկապես այս ուղղությամբ շարժվել, բոլոր նմանատիպ ներդրումները լավ արդյունք կտան: Բայց ռիսկ կա, որ շատ մեծ ֆինանսական միջոցներ ծախսելուց հետո սպասված նպատակին չհասնես: Դրա համար շատ կարեւոր է ռիսկերի կառավարումը այդ ամբողջ պրոցեսի ժամանակ», - նշեց մասնագետը:

Tigran Galstyan at NEWS.am

Թվային փոխակերպում՝ փոքր կազմակերպությունների համար. ինչի՞ց սկսել

Եթե փոքր կազմակերպությունը ցանկանում է նորագույն տեխնոլոգիաներ եւ թվային լուծումներ ներդնել, առաջին հերթին պետք է հասկանալ, թե այն հատկապես ինչ լուծումների կարիք ունի, քանի որ փոքր կազմակերպության թվայնացման մեջ մեծ ներդրումներ անելը, Տիգրան Գալստյանի կարծիքով, արդարացված չէ:

Կարելի է սկզբնական շրջանում օգտվել ազատ ռեսուրսներից, որոնք հասանելի են համացանցում, փորձել դրանց օգնությամբ հասկանալ կազմակերպության պահանջները, որից հետո համեմատաբար մատչելի լուծումներ գտնել:

«Պրոցեսը շատ ցավոտ, երկարաժամկետ ու ֆինանսական է, եթե մեծ համակարգ ես դնում: Մեծ համակարգի օգտագործումը հնարավոր է մեծ կազմակերպությունների դեպքում, փոքր կազմակերպություններն օգտագործելու են այդ համակարգի 10-20 տոկոսը: Հետեւաբար, պետք է գտնել այն լուծումները, որոնք համեմատաբար հարմար են, փորձարկել, հետո կամաց-կամաց զարգացնել: Առաջին հերթին պետք է խնդիրը դնել, թե ինչն եք ուզում ավտոմատացնել, ինչն եք ուզում անել ոչ ձեռքով, փորձել գտնել նմանատիպ ազատ գործիքներ, հետո կամաց-կամաց ձեր պահանջները ձեւակերպելով՝ հաջորդ գործիքները ավելի զարգացնել»:

Ռիսկերն ու օգուտները ճիշտ գնահատելու համար կարող է անհրաժեշտ լինի դիմել մասնագետի՝ խորհրդատուի:

«Ոլորտը իսկապես բավականին դժվար է, պետք է ունենալ որոշակի փորձ հասկանալու համար: Ես միանշանակ խորհուրդ կտայի վարձել խորհրդատուի, որը կգնահատի կազմակերպությունը, գործընթացները, կհասկանա՝ որ պրոցեսները ավտոմատացնելու անհրաժեշտություն կա: Կարող եք հարցնել նաեւ Google-ին, բայց եթե իսկապես ուզում եք արագ նմանատիպ տրանսֆորմացիայի անցնել, լավ կլինի ունենաք գոնե ինչ-որ մասնագետի խորհուրդներ»:

Tigran Gastyan

Թվային տեխնոլոգիաներն ու IMEX GROUP-ը

Թվային տեխնոլոգիաները, Տիգրան Գալստյանի խոսքով, ստեղծման պահից IMEX GROUP-ի հիմքում են եղել: Այն ժամանակ, երբ բազմաթիվ այլ ընկերություններ թվային տեխնոլոգիաներ դեռ ընդհանրապես չէին օգտագործում, IMEX GROUP-ում կառավարման պրոցեսներն ամբողջապես թվայնացված էին, ERP (Enterprise resource planning) համակարգ էր գործում:

Իսկ այսօր ընկերությունը նոր փուլ է մտել եւ ձգտում է էլ ավելի նոր տեխնոլոգիաներ ներդնել՝ աշխատանքային գործընթացները հնարավորինս ավտոմատացնելու համար: Ընկերությունն արդեն ներդրել է CRM Salesforce (Customer relationship management) համակարգը, ինչպես նաեւ գտնվում է հայտնի SAP-ի ներդրման առաջին փուլում:

«Վերջերս ներդրել ենք մի համակարգ, որն աշխարհում իր տեսակով առաջինն է. խոսքը CRM Salesforce համակարգի մասին է, որը հաճախորդների հետ աշխատանքի թվայնացված համակարգ է:

Այստեղ մի կարեւոր հանգամանք կա. այսօրվա տեխնոլոգիաները դարձել են ամպային, այսինքն` դրանք տեղադրված են ամպային սերվերների վրա եւ ավելի արագ են, տեխնոլոգիապես ավելի զարգացած են, ավելի անվտանգ: Salesforce-ը CRM-ի ոլորտում ամենաուժեղն է համարվում ամպային տեխնոլոգիաների մեջ:

Այսօր մենք նաեւ անցել ենք նոր փուլ՝ դա ERP համակարգի տեղադրումն է: ERP-ն կազմակերպության ռեսուրսների կառավարման համակարգ է, որը ներառում է կազմակերպության կառավարման բոլոր կողմերը՝ սկսած ապրանքների մատակարարումից, պահեստի կառավարումից, հաշվապահությունից, ֆինանսներից եւ այլն:

Այստեղ գերակա դիրք ունեցողը համարվում է արդեն 50 տարի շուկայում նմանատիպ համակարգ ստեղծող SAP ընկերությունը: Իսկ SAP ընկերությունն այսօր անցել է տեխնոլոգիապես նոր փուլ, 4-րդ սերնդի համակարգ են ստեղծում, որը էլի ամպային համակարգ է, ունի նաեւ մի քանի առավելություններ, որ նախորդ սերունդները չեն ունեցել»:

Օրինակ, մասնագետի խոսքով, SAP-ն այժմ բիզնես ցանց է ստեղծել, որի միջոցով այդ համակարգին միացած բոլոր կազմակերպությունները կարող են համագործակցել միմյանց հետ:

«Կառավարչական որոշումներում արդեն բավականին մեծ կիրառություն է ստանում արհեստական բանականության կամ մեքենայական ուսուցման գործիքները, որոնք անսպասելի բարձրացնում են կառավարչական որոշումների արդյունավետությունը: Այս տեսանկյունից լիդեր համարվում է SAP ընկերությունը՝ իր վերջին մշակումներով, որոնք ամպային ERP համակարգերն են: Մենք հիմա դրա ներդրման փուլում ենք, արդեն ձեռք ենք բերել համակարգը, համապատասխանեցնում ենք մեր կազմակերպությանը: Հաջորդ տեխնոլոգիական զարգացման փուլը հենց այս ներդրումն է», - նշեց Տիգրան Գալստյանը:

Ի՞նչ դեր են թվային տեխնոլոգիաները առաջիկա 5 տարիներին խաղալու բիզնեսի ոլորտում

Տիգրան Գալստյանի կարծիքով՝ առաջիկա տարիներին թվային տեխնոլոգիաներն սկսելու են բիզնեսի ոլորտում էլ ավելի մեծ դեր խաղալ, իսկ մարդկային ռեսուրսի դերը գնալով նվազելու է:

«Դա էվոլյուցիա է, եւ որեւէ բան չի կարող այդ պրոցեսը կանգնեցնել: Մարդը չի կարող այդ ծավալի եւ այդ արագությամբ տվյալների ուսումնասիրություն իրականացնել, որը կարող են իրականացնել ժամանակակից մեքենաներն ու արհեստական բանականությունը: Ես կարծում եմ, որ շուտով կառավարչական որոշումների ընդունման, անընդհատ կրկնվող պրոցեսների կառավարման մեջ թվային տեխնոլոգիաներն ունենալու են գերակշիռ դեր: Մարդը, որպես այդպիսին, ավելի շուտ լինելու է կառավարողը, սովորեցնողը, փոփոխություններն իրականացնողը, որպեսզի այդ տեխնոլոգիաները ավելի ու ավելի զարգանան»: