Հայաստանն աշխարհի բարձր տեխնոլոգիական երկրներից մեկն է, և SAP ընկերության համար այն շատ կարևոր գործընկեր է։ Այս մասին հոկտեմբերի 11-ին SAP NOW Yerevan համաժողովի բացման ժամանակ ասաց Multi-country cluster SAP CEE-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Մետեչկոն։
Նա նշեց, որ SAP-ը հայկական շուկայում ակտիվորեն աշխատում է ավելի քան տասը տարի՝ առաջարկելով բիզնեսի թվայնացման տեխնոլոգիաներ բանկային ոլորտում, ապահովագրական համակարգում, մանրածախ առևտրում և այլն։
«Հայաստանում և՛ մասնավոր, և՛ պետական հատվածները բաց են փոփոխությունների և նորարարությունների համար, և ես շատ ուրախ եմ, որ SAP-ն այս օրակարգի մի մասն է», - ասաց նա:
Նա նշեց, որ նորարարական տեխնոլոգիաների կարիքն այսօր շատ արագ է աճում, և այն չի կարող բավարարվել առանց բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայության․ Ուստի Հայաստանում ընկերությունն ակտիվորեն աշխատում է դպրոցների, COAF հիմնադրամի, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ՝ աշակերտներին դասավանդելով ծրագրավորում: Ընկերությունն ակտիվորեն աշխատում է նաև համալսարանական դաշինքի շրջանակում, օրինակ՝ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի հետ, որտեղ նոր տեխնոլոգիաներ է սովորեցնում ուսանողներին, որոնք հետագայում բացում են ստարտափներ և դառնում SAP-ի գործընկեր։

«Սա զարգացման այսպիսի սանդուղք է, և մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանում ավելի ու ավելի շատ մարդիկ ծանոթ լինեն նոր տեխնոլոգիաներին, ունենան բարձր որակավորում և ստեղծեն իրենց բիզնեսը»,- ասաց նա։
Ալեքսանդր Մետեչկոն հիշեցրեց «Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործության հերոսի՝ Ալիսայի խոսքերը՝ տեղում մնալու համար պետք է բավական արագ վազել: «Իսկ առաջ անցնելու համար պետք է երկու անգամ ավելի արագ վազել»,- ասաց նա։
SAP CEET-ի գործադիր տնօրեն Թոմ Քինդերմանսն իր հերթին պատմեց, որ առաջին անգամ է Հայաստանում և շատ տպավորված է դեպի Արագած ուղևորությունից։ Նա նշեց, որ SAP-ը շահագրգռված է հայաստանյան բիզնեսների հետ համագործակցությամբ և ներկայացրեց իր դիտարկումները ժամանակակից ընկերությունների առջև ծառացած մարտահրավերների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։
Նա նշեց, որ հիմնական մարտահրավերներն են էներգակիրների ծախսերը, բիզնեսի էկոլոգիական լինելը, «բեյբի բում»-ի սերնդին փոխարինելու եկած միլենիալների սերնդի կարիքների բավարարումը, ինչպես նաև կիբերանվտանգության ապահովումը:
Թոմ Քինդերմանսը հավելեց, որ մի քանի տարի առաջ շատ ընկերություններ հրաժարվում էին օգտագործել ամպային տեխնոլոգիաները՝ վախենալով կիբերանվտանգության խնդիրներից, սակայն այսօր, ըստ նրա, ամպային տեխնոլոգիաները ամենաապահով թվային տեխնոլոգիաներն են։
SAP NOW Yerevan համաժողովի շրջանակում տեղի ունեցան բիզնես-նախաճաշեր տարբեր ոլորտների ներկայացուցիչների համար։ Մասնավորապես, HR մասնագետների համար բիզնես- նախաճաշն անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հայտնի ինտելեկտուալ խաղի բրեյն-ռինգի ձևաչափով։ NEWS.am Tech-ի լրագրողի հետ զրույցում SAP-ում HR լուծումների վաճառքով զբաղվող Եվգենի Լապտևն ասաց, որ թրեյնինգի այդ ձեւաչափն ընտրել են, «որովհետև առավոտից ինչ–որ պրեզենտացիաներ լսելը միշտ ձանձրալի է, իսկ նման մտավոր մարմնամարզությունը միշտ օգտակար է և լիցքեր է հաղորդում ողջ օրվա համար»։
Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև լիագումար նիստ, որտեղ իրենց փորձով կիսվեցին SAP-ի հայաստանյան գործընկերներ «ACBA Bank»-ի, «IMEX Group»-ի, «INGO Armenia»-ի, ինչպես նաև Վրաստանից Tegeta Motors-ի ներկայացուցիչները: Միջոցառման գործընկերներն էին OneVision-ը եւ Revytech-ը:
Զուգահեռաբար նիստեր են անցկացվել մանրածախ առևտրի, բաշխման, արտադրության և հեռահաղորդակցության, տրանսպորտային լոգիստիկայի, բանկերի և ապահովագրական ընկերությունների համար:
«Համալսարանական դաշինքի» շրջանակում տեղի ունեցավ SAP-ի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը։

SAP-ը բիզնես գործընթացների կառավարման ծրագրային լուծումների աշխարհի առաջատար արտադրողներից մեկն է, որը մշակում է լուծումներ, որոնք հեշտացնում են տվյալների և տեղեկատվության հոսքերի արդյունավետ մշակումը ողջ կազմակերպության մասշտաբով:
Ընկերության ինտեգրված հավելվածները մեկ խելացի փաթեթավորված լուծման մեջ ամբողջությամբ թվային հարթակի վրա են միավորում բիզնեսի բոլոր ասպեկտները և թույլ են տալիս փոխարինել գործընթացների վրա հիմնված հնացած հարթակները: Այսօր SAP-ն ունի ավելի քան 230 միլիոն ամպային օգտատեր, ավելի քան 100 լուծում, որոնք ընդգրկում են բիզնեսի բոլոր գործառույթները և շուկայում ամպային լուծումների ամենամեծ պորտֆելը:






