ԱՄՆ իշխանությունները iPhone-ը և Apple-ի այլ սարքեր ներառել են վտանգավոր սարքերի ցանկում

16 փետրվարի, 2023  13:22

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության կիբեռանվտանգության գործակալությունը նախազգուշացրել է iPhone-ների և Apple-ի այլ սարքերի օգտագործման վտանգի մասին, եթե դրանք չեն թարմացվել օպերացիոն համակարգի ամենավերջին տարբերակով: Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։

Ամերիկյան գերատեսչության տվյալներով՝ iPhone-ները և Apple-ի այլ սարքերը ներառվել են վտանգավոր սարքերի ցանկում, քանի որ եթե դրանք չեն ստացել ամենավերջին թարմացումները, ապա կարող են ենթարկվել հաքերային հարձակումների, որոնց հետևանքով հաքերները կարող են հասանելիություն ստանալ այդ սարքերին և դրանցում առկա անձնական և գաղտնի տվյալներին։ Ամերիկյան Apple ընկերությունը պաշտոնապես հաստատել է սպառնալիքի հավանականությունը։

Նախարարությունից հայտնել են, որ Apple-ը թողարկել է իր Safari բրաուզերների կարևոր թարմացումները iPhone-ի, iPad-ի և Mac-ի վրա՝ շտկելով անվտանգության կրիտիկական խոցելիությունները: Խոսքը օպերացիոն համակարգի այնպիսի տարբերակների մասին է, ինչպիսիք են iOS 16.3.1, iPadOS 16.3.1 և macOS Ventura 13.2.1: Apple-ը նաև թողարկում է Safari 16.3.1-ը ավելի հին համակարգիչներում առկա օպերացիոն համակարգերի համար, ներառյալ macOS Big Sur-ը և macOS Monterey-ը:

Ըստ Fox News-ի՝ սպառնալիքը բավական լուրջ է, քանի որ Ներքին անվտանգության նախարարությունը նախազգուշացում չի անում Apple-ի սարքերի յուրաքանչյուր թարմացման մասին։

Նշենք, որ Armenian Card-ն այսօր տեղեկացրել է, որ Safari դիտարկիչում առկա անհայտ խոցելիության հետևանքով զեղծարարներին հաջողվել է հավաքել այս դիտարկիչում մուտքագրած տարբեր գաղտնաբառեր և անձնական տվյալներ: Նշված խնդիրը ազդել է նաև ArCa հավելվածի/կայքի այն օգտատերերի վրա, որոնք չեն օգտագործել երկփուլային նույնականացում (2FA) կայք մուտք գործելիս։ «Ելնելով վերոգրյալից այս պահին ArCa հավելվածում/կայքում անհասանելի է նաև քարտից քարտ փոխանցման ծառայությունը»,- ասվում է հայտարարությունում:

Ընկերությունը նաև հիշեցրել էր, որ 13/02/2023-ին Apple-ի կողմից թողարկվել են iOS 16.3.1, iPadOS 16.3.1, macOS Ventura 13.2.1 թարմացումները, որոնց միջոցով լուծվել է վերոնշյալ խնդիրը և որոնց նկարագրությունում նշված է, որ եղել է այդպիսի խնդիր։ Նման խնդիրներից խուսափելու համար ընկերությունն օգտատերերին հորդորել է իրենց օգտահաշիվներ մուտք գործելու համար ակտիվացնել երկփուլային նույնականացում (two-factor authentication): 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ