NuSTAR աստղադիտակը ֆիքսել է Արեգակի թաքնված լույսերը․ սա կարող է օգնել՝ բացահայտելու Արեգակի ամենամեծ առեղծվածներից մեկը

10 փետրվարի, 2023  20:23

NASA-ի Nuclear Spectroscopic Telescope Array (NuSTAR) աստղադիտակի արած լուսանկարների շնորհիվ հնարավոր է դարձել տեսնել Արեգակի արձակած թաքնված լույսի մի մասը, որը մարդու աչքը չի կարող տեսնել նույնիսկ ամենաարևոտ օրերին։ Սա կարող է օգնել գիտնականներին, որպեսզի բացահայտեն Արեգակի ամենամեծ առեղծվածներից մեկը։

Ինչպես տեղեկացնում է NASA-ն, NuSTAR-ի արած նոր պատկերը ցույց է տալիս այդ թաքնված լուսի մի մասը, ներառյալ բարձր էներգիայի ռենտգենյան ճառագայթները, որոնք արձակվում են Արեգակի մթնոլորտի ամենաթեժ նյութից։

Թեև NuSTAR-ը սովորաբար ուսումնասիրում է մեր արեգակնային համակարգից դուրս գտնվող օբյեկտները, ինչպիսիք են զանգվածային սև խոռոչները և փլուզված աստղերը, հիմա արդեն այն նաև աստղագետներին օգնում է էլ ավելին իմանալ Արեգակի մասին:


Վերևում ներկայացված կոմպոզիտային պատկերի ձախ լուսանկարում NuSTAR-ի տվյալները ներկայացված են կապույտով և համադրված են ճապոնական օդատիեզերական հետազոտությունների գործակալության Hinode առաքելության ռենտգենյան աստղադիտակի (XRT) արած պատկերի հետ, որը ներկայացված է կանաչով, այնուհետև դրան համադրվել է NASA-ի Արեգակնային դինամիկայի աստղադիտարանի (SDO) մթնոլորտային պատկերներից հավաքված տարբերակը, որը ներկայացված է կարմիրով:

NuSTAR-ի համեմատաբար փոքր տեսադաշտը նշանակում է, որ այն չի կարող տեսնել ամբողջ Արեգակը Երկրի ուղեծրի իր դիրքից, ուստի Արեգակի տեսարանն իրականում 2022 թ․ հունիսին արված 25 նկարներից բաղկացած պատկեր է։

NuSTAR-ի դիտարկած բարձր էներգիայի ռենտգենյան ճառագայթները հայտնվում են Արեգակի մթնոլորտի միայն մի քանի վայրում: Ի տարբերություն դրան, Hinode-ի XRT-ն ֆիքսում է ցածր էներգիայի ռենտգենյան ճառագայթները, իսկ NASA-ի Արեգակնային դինամիկայի աստղադիտարանի արած պատկերում երևում է ուլտրամանուշակագույն լույսը՝ ալիքների երկարություններ, որոնք արտանետվում են Արեգակի ողջ մակերեսով:

Բացահայտել Արեգակի ամենամեծ առեղծվածներից մեկը

2012 թ․ կառուցված NuSTAR-ի արած պատկերը կարող է օգնել գիտնականներին բացահայտելու Արեգակի ամենամեծ առեղծվածներից մեկը. ինչո՞ւ է Արեգակի արտաքին մթնոլորտի (որը կոչվում է արեգակնային պսակ) ջերմաստիճանը հասնում է ավելի քան մեկ միլիոն աստիճանի` առնվազն 100 անգամ ավելի տաք, քան Արեգակի մակերեսը: Այս հարցը տարակուսանքի մեջ է գցել գիտնականներին, քանի որ Արեգակի ջերմությունը ծագում է դրա միջուկից և շարժվում դեպի դուրս և տրամաբանական կլիներ, որ Արեգակի մակերեսն ավելի տաք լիներ, քան արտաքին մթնոլորտը:

sun 3.JPG (39 KB) 
Արեգակնային պսակի ջերմության աղբյուրը կարող են լինել Արեգակի մթնոլորտում փոքր ժայթքումները, որոնք կոչվում են նանոբռնկումներ: Բռնկումները ջերմության, լույսի և մասնիկների մեծ պոռթկումներ են, որոնք տեսանելի են արևային աստղադիտարանների լայն շրջանակի համար: Նանոբռնկումները շատ ավելի փոքր իրադարձություններ են, բայց երկու տեսակներն էլ արտադրում են նյութ, որը նույնիսկ ավելի տաք է, քան պսակի միջին ջերմաստիճանը: Կանոնավոր բռնկումները այնքան հաճախ տեղի չեն ունենում, որպեսզի պսակը պահպանվի գիտնականների ֆիքսած բարձր ջերմաստիճանում, բայց նանոբռնկումները կարող են շատ ավելի հաճախ տեղի ունենալ, գուցե այնքան հաճախ, որ դրանք միասին տաքացնեն Արեգակի պսակը:

Թեև առանձին նանոբռնկումները չափազանց թույլ են Արեգակի բոցավառ լույսի ներքո դրանք դիտարկելու համար, NuSTAR-ը կարող է ֆիքսել լույսը բարձր ջերմաստիճանի նյութից, որը, ենթադրաբար, արտադրվում է, երբ մեծ թվով նանոբռնկումներ տեղի են ունենում միմյանց մոտ: Այս ունակությունը ֆիզիկոսներին հնարավորություն է տալիս ուսումնասիրել, թե որքան հաճախ են տեղի ունենում նանոբռնկումները և ինչպես են դրանք էներգիա արձակում:


 
 
 
 
  • Արխիվ