SpaceX ընկերությունը Starship տիեզերանավի առաջին փուլի նախատիպի՝ Booster 7-ի շարժիչների ստատիկ կրակային փորձարկում է իրականացրել: Starship-ը վերջինս նախատեսված է դեպի Լուսին և խորը տիեզերք թռիչքների համար։ Փորձարկման ժամանակ աշխատել են 33 Raptor շարժիչներից 31-ը, տեղեկացնում է Space.com-ը։
Պարզվել է, որ Տեխասի Starbase բազայում տեղի ունեցած փորձարկման ժամանակ ի սկզբանե նախատեսվում էր փորձարկել բոլոր 33 շարժիչները, սակայն թիմը մի շարժիչն անջատել է փորձարկման մեկնարկից անմիջապես առաջ, իսկ մյուսը ինքն իրեն է անջատվել։ Ընկերության ղեկավար Իլոն Մասկի խոսքով՝ կանոնավոր շահագործվող շարժիչները միանգամայն բավական են ուղեծիր դուրս գալու համար։
Ստատիկ կրակային փորձարկումը տևել է մոտ 7 վայրկյան, ինչպես ծրագրված էր։ SpaceX-ը Starship-ը դիտարկում է որպես պոտենցիալ հեղափոխական տրանսպորտային համակարգ, որը թույլ կտա ապագայում գաղութացնել Մարսը և այլ այլմոլորակային նախագծերը դարձնել «տնտեսապես կենսունակ»:
Տիեզերանավը բաղկացած է երկու տարրից՝ առաջին փուլի Super Heavy ծանրաքաշ հրթիռից և երկրորդ փուլի 50 մետրանոց տիեզերանավից, որն էլ հենց կոչվում է Starship: Ե՛վ առաջին, և՛ երկրորդ տարրերը նախատեսված են բազմակի օգտագործման համար, երկուսն էլ ունեն նոր սերնդի Raptor շարժիչներ: Առաջին փուլն ստացել է 33 շարժիչ, իսկ երկրորդը՝ 6 շարժիչ։
SpaceX-ը Booster 7-ը և Starship-ի նախատիպը (Ship 24 անունն է ստացել ) ամիսներ շարունակ պատրաստում էր ուղեծրային թռիչքի: Դրա շրջանակում իրականացվել է երկու փուլերի լիցքավորման փորձարկում, որը տեղի է ունեցել հունվարի վերջին, ինչպես նաև շարժիչների մի շարք կարճ ստատիկ կրակային փորձարկումներ, որոնց ընթացքում կառուցվածքը մնացել է գետնի վրա։ Անցյալ սեպտեմբերին փորձարկվեցին բոլոր վեց Starship շարժիչները, իսկ երկու ամիս անց փորձարկվեցին Booster 7-ի 33 շարժիչներից 14-ը: Այս փորձարկումը, հավանաբար, վերջինն էր թռիչքից առաջ, որը նախատեսվում է իրականացնել մարտին:
Ակնկալվում է, որ առաջին փուլի Booster 7 և Ship 24 զույգը կլինի ամենահզոր հրթիռը, որը երբևէ թռչել է տիեզերք՝ առաջ անցնելով NASA-ի Space Launch System (SLS) հրթիռից, որը մինչև վերջերս առաջատար դիրք էր զբաղեցնում և ապահովում էր Artemis 1 լուսնային առաքելության իրականացումը։ Եթե SLS-ն առաջացնում է ավելի քան 4 միլիոն կգ մղման ուժ, ապա Starship-ի 33 Raptor շարժիչները կարող են կրկնակի շատ հզորություն ապահովել։
Ուղեծրային թռիչքից հետո Booster 7-ը պետք է վերադառնա Երկիր՝ թռիչքից անմիջապես հետո վայրէջք կատարելով Մեքսիկական ծոցում, իսկ Ship 24-ը մեկ անգամ կպտտվի Երկրի շուրջը, իսկ հետո վայրէջք կկատարի Խաղաղ օվկիանոսում՝ Հավայան կղզիների մոտ:
ամիս
շաբաթ
օր