Սխալ, որը Google-ին $100 մլրդ արժեցավ․ Bard չատբոտը փաստական սխալ է թույլ տվել առաջին իսկ ցուցադրությանը

9 փետրվարի, 2023  11:49

Googleցուցադրել է փոքրիկ գովազդային հոլովակ, որում ցանկանում էր ցույց տալ արհեստական բանականությամբ աշխատող Bard անունով իր չատբոտի հնարավորությունները, որը ներկայումս համարվում է ChatGPT-ի գլխավոր մրցակիցը։ Աստղագետներն ու աստղաֆիզիկոսները, սակայն, չատբոտի պատասխանում անմիջապես փաստացի սխալ են նկատել. ԱԲ-ն գրել է, որ արեգակնային համակարգից դուրս գտնվող էկզոմոլորակի առաջին լուսանկարն արել է James Webb տիեզերական աստղադիտակը: Մինչդեռ իրականում էկզոմոլորակի առաջին լուսանկարն արվել է 2004 թ․՝ Very Large Telescope (VLT) համալիրի միջոցով:

Այս սխալը թանկ է նստել ընկերության վրա. Alphabet մայր ընկերության (որին պատկանում է Google-ը) բաժնետոմսերի գինն ընկել է ավելի քան 7%-ով, արդյունքում ընկերության շուկայական արժեքը նվազել է 100 մլրդ դոլարով:

Չատբոտը սխալվել է առաջին իսկ հարցին պատասխանելիս

Google-ի հրապարակած տեսանյութում չատբոտին խնդրում են պատմել James Webb աստղադիտակի միջոցով կատարված վերջին հայտնագործությունների մասին այնպես, որ հասկանալի լինի 9-ամյա երեխայի համար: Իր պատասխանում չատբոտը խոսել է երեք հայտնագործությունների մասին, այդ թվում՝ արեգակնային համակարգից դուրս գտնվող էկզոմոլորակի առաջին լուսանկարի մասին։

google-bard-mistake

Չատբոտի պատասխանը հիասթափեցրել է շատ գիտնականների, այդ թվում՝ աստղագետ Բրյուս Մակինտոշին և աստղաֆիզիկոս Գրանտ Թրեմբլեյին։ Ըստ նրանց՝ Google-ի մասնագետները պետք է նախապես ստուգեին Bard-ի պատասխանները հանրությանը ցուցադրելուց առաջ։

«Տպավորություն չստեղծվի, որ սրիկա եմ, և Bard-ը, անկասկած, տպավորիչ կլինի, բայց, ի դեպ, James Webb-ը չի արել «մեր արեգակնային համակարգից դուրս մոլորակի առաջին պատկերը»,- Twitter-ում գրել է աստղաֆիզիկոս Գրանտ Թրեմբլեյը:

«Ես խոսում եմ որպես մարդ, ո
րը էկզոմոլորակը լուսանկարել է James Webb մեկնարկից 14 տարի առաջ. գուցե պետք էր ավելի լավ օրինակ գտնել չատբոտի հնարավորությունները ցուցադրելու համար»,- գրել է Կալիֆոռնիայի համալսարանի Սանտա Կռուզի մասնաճյուղի աստղադիտարանի տնօրեն Բրյուս Մակինթոշը։

Ճակատագրի հեգնանքով, եթե Google որոնողական համակարգում «էկզոմոլորակի առաջին պատկերի» մասին որոնում անեք, ապա այն ձեզ ճիշտ պատասխան կտա:

«Ծիծաղելի է, որ Google-ը, սկսելով իր հսկայական բազմամիլիարդանոց նախագիծը այս նոր ոլորտում, չի ստուգել իր սեփական կայքը»,- ասել է Թրեմբլեյը New Scientist-ին: 

Սխալ, որը 100 մլրդ դոլար արժեցավ

Երբ հայտնի դարձավ Bard չատբոտի սխալի մասին, Google-ի մայր ընկերության՝ Alphabet-ի, բաժնետոմսերն ընկան ավելի քան 7%-ով, ինչը նվազեցրեց ընկերության շուկայական արժեքը 100 միլիարդ դոլարով:

Ինչպես հայտնում է BBC-ն, ներդրողներին չի տպավորել նաև իր արտադրանքում արհեստական ​​բանականության ներդրման ծրագրերի վերաբերյալ ընկերության ներկայացրած պրեզենտացիան։

Ներդրողները, կարծես, ավելին էին սպասում Google-ի պրեզենտացիայից, հատկապես Microsoft-ի կողմից աճող մրցակցության պայմաններում, որը վերջերս է իր Bing որոնողական համակարգում ներդրել ChatGPT չատբոտը, որն ակնհայտորեն ավելի լավ է աշխատում։

Արդյո՞ք աշխարհը դեռ պատրաստ չէ ԱԲ չատբոտերին

Շատ մասնագետներ կարծում են, որ ԱԲ գործիքները դեռ պատրաստ չեն որոնման համակարգերում ինտեգրվելու համար, և, հետևաբար, չպետք է շտապել այս հարցում:

Օքսֆորդի համալսարանից Կարիսա Վելիզը կարծում է, որ այս պատմությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ վեբ որոնման արդյունքներ ստանալու համար ԱԲ-ով աշխատող չատբոտերի օգտագործմանն անցումը շատ արագ է տեղի ունենում, ինչը նշանակում է, որ ապատեղեկատվության տարածման հավանականությունը հսկայական է:

«Սա հիանալի կերպով ցույց է տալիս վիճակագրական համակարգերի ամենամեծ թուլությունը: Այս համակարգերը նախատեսված են վիճակագրական վերլուծությունից կախված արժանահավատ պատասխաններ տալու համար. դրանք նախատեսված չեն ճշմարիտ պատասխաններ տալու համար»,- նշել է նա,- Մենք հաստատ պատրաստ չենք այն ամենին, ինչ սպասվում է: Ընկերությունները ֆինանսապես շահագրգռված են, որպեսզի առաջինը մշակեն կամ ներդնեն որոշակի համակարգեր, և դրանք պարզապես շտապում են։ Հետևաբար մենք հանրությանը ժամանակ չենք տալիս այդ մասին խոսելու և դրա մասին մտածելու համար, իսկ իրենք՝ ընկերությունները, այդ մասին բավականաչափ ուշադիր չեն մտածում, ինչպես երևում է այս գովազդում»:


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ