Հրաշալի էկրան, կոմպակտ չափեր և բարձր կատարողականություն. ASUS Zenbook 14 OLED UX3402ZA-ի ռեվյուն

7 փետրվարի, 2023  19:50

ASUS Zenbook շարքը ներկայացված է նոութբուքների բավականին լայն տեսականիով՝ յուրաքանչյուր ճաշակի և գույնի համար. սրանք և՛ «դասական» նոութբուքներ են, և՛ ավելի անսովոր մոդելներ՝ կրկնակի OLED էկրանով, և՛ փոխարկելի մոդելներ, որոնք վերածվում են պլանշետների: Տեսականու նորագույն լրացումներից մեկը ASUS Zenbook 14 OLED-ն է՝ պրեմիում դասի թեթև և ոճային ուլտրաբուք, որին հաջողվել է բալանսավորել բարձր կատարողականությունը և կոմպակտ չափերը:

NEWS.am Tech-ը փորձարկել է 2022 թ UX3402ZA մոդելը OLED էկրանով, 12-րդ սերնդի Intel պրոցեսորով և Harman/Kardon աուդիոհամակարգով՝ Dolby Atmos-ի աջակցությամբ։

Հիմնական առավելությունները․

  • OLED էկրան՝ պարզ և գեղեցիկ պատկեր,
  • Կոմպակտ չափեր կորպուսի հաստությունը չի գերազանցում 16,9 մմ,
  • Քաշը՝ ընդամենը 1,39 կգ,
  • Բարձրորակ ձայն Harman/Kardon աուդիո համակարգով,
  • Բարձր կատարողականություն 12-րդ սերնդի Intel Core պրոցեսոր,
  • Լավ ինքնավարություն. գործառնական ժամանակը` մինչև 18 ժամ,
  • Բազմակողմանիություն. կարող է օգտագործվել մի շարք ոլորտներում՝ գրասենյակային աշխատանքից մինչև վիդեո խմբագրում։

Կան նաև թերություններ․

  • Միայն մեկ USB-A միակցիչ,
  • SD-ի փոխարեն MicroSD,
  • Հետևի վահանակը հեշտությամբ կեղտոտվում է:

ASUS-Zenbook-14-OLED-UX3402ZA-3

Արագ հայացք ASUS Zenbook 14 OLED UX3402ZA-ի հիմնական բնութագրերին.

Օպերացիոն համակարգ

Windows 11 Home/Pro

Պրոցեսոր

Intel® Core™ i7-1260P (4P+8E)

Intel® Core™ i5-1240P (4P+8E)

Գրաֆիկա

Intel Iris Xe

Էկրան

14" 16:10 OLED 2.8K WQXGA (2880x1800) 90 Հց, 400 կդ/մ2 պայծառություն, 600 կդ/մ2 առավելագույն պայծառություն, կոնտրաստը՝ 1000,000:1, 0.2 միլիվայրկյան արձագանքման ժամանակ, սերտիֆիկացիա Display HDR True Black 500, գունային խորությունը մինչև 1,07 մլրդ, Pantone  Validated և SGS սերտիֆիկատներ, փայլուն, ոչ սենսորային, 70% պակաս կապույտ լույս, էկրանի հարաբերական մակերեսը 92%, դիտման լայն անկյուններ, DCI-P3 ծածկույթ 100%

Երկրորդ էկրան

Առանց ScreenPad-ի

Օպերատիվ հիշողություն

8 կամ 16 ԳԲ LPDDR5՝ պլատայի վրա

Կուտակիչ

SSD 512 ԳԲ/1 ՏԲ PCIe 3.0 (UX5400) կամ PCIe 4.0 Performance SSD (UX5401)

32 ԳԲ Optane + 512 ԳԲ SSD (UX5400)

Միակցիչներ

2 Thunderbolt 4 USB-C (40 ԳԲիթ/վ, էկրան, Power Delivery լիցքավորում)

1 USB-A 3.2

1 HDMI 2.0b

microSD

աուդիոմիակցիչ 3,5-մմ

Ինտերֆեյսներ

2x2 գիգաբիթային դասի Wi-Fi 6 (802.11ax), Bluetooth 5.2

Ինֆրակարմիր տեսախցիկ 3D HD՝ Windows Hello-ի աջակցությամբ

MyASUS սեփական ծրագրակազմ

Համակարգի դիագնոստիկա 

Անվտանգ լիցքավորում

Օդափոխիչի աշխատանքի ռեժիմներ

Պատկերի օպտիմիզացում (Splendid)

Տեսանյութի օպտիմիզացում (Tru2Life)

Թեժ ստեղներ

Wi-Fi ռոումինգի օպտիմիզացում

AppDeals ծառայություն

Link to MyASUS

Կառավարում

Լուսավորվող թաղանթային ստեղնաշար

Ստեղների միջև տարածությունը՝ 1,4 մմ

Կարգավորելի լուսավորությամբ Numberpad թաչփադ

Մատնահետքի սկաներ միացման կոճակի վրա

Այլ

Տեսախցիկ 720p

Harman/kardon աուդիոհամակարգ

Ուղղորդող խոսափող

Մարտկոց և սնուցում

Մինչև 10 ժամ մարտկոցի ինքնավար աշխատանք;

75 Wh, 4 բջիջ; PSU 65W USB-C

Բջջային մարտկոցներից և 5-20 Վ լիցքավորիչից լիցքավորվելու հնարավորություն; Power Delivery աջակցություն

Չափերն ու քաշը

Գույնը


313х221х16,9 մմ, 1,39 կգ

Կապույտ, բաց կանաչ

Նախ այն գեղեցիկ է...

ASUS Zenbook 14 OLED UX3402ZA-ն իսկապես ոճային և ժամանակակից տեսք ունի. կորպուսը պատրաստված է ալյումինից, իսկ հաստությունը չի գերազանցում 16,9 մմ-ը, լայնությունը 313 մմ է, իսկ բարձրությունը՝ 221 մմ: OLED էկրանով նոութբուքը կշռում է ընդամենը 1,39 կգ, ինչը, իհարկե, մեծ առավելություն է. մեզանից շատերը հաճախ ստիպված են լինում իրենց հետ նոութբուք տանել աշխատանքի և ոչ միայն, և որքան քիչ է այն կշռում, այնքան մեր ուսերը քիչ կհոգնեն։

Սարքի դիզայնում օգտագործված են կերամիկայի վերականգնման ճապոնական արվեստի՝ կինցուգիի գաղափարները։ Էկրանի հետևի մասում փորագրված է ASUS-ի լոգոն՝ մինիմալիստական ​​գծեր, որոնք ծալվելով կազմում են «A» տառը: Նոութբուքը ներկայացված է մուգ կապույտ և բաց կանաչ գույներով, վահանակի մակերեսը փայլատ է մի կողմից այն գեղեցիկ տեսք ունի, բայց մյուս կողմից՝ այն մաքուր պահելը որոշակի ջանք կպահանջի։

ASUS-Zenbook-14-OLED-UX3402ZA-4

Ծխնու ErgoLift մեխանիզմը թույլ է տալիս էկրանը բացել 180°, ընդ որում, այն կարելի է բացել մեկ ձեռքով. պարտադիր չէ մյուս ձեռքով էլ նոութբուքը պահել հիմքից: Բացի դրանից, ծխնին սարքի հիմքը բարձրացնում է մի քանի աստիճանով, ինչը ապահովում է ավելի մեծ հարմարավետություն ստեղնաշարով աշխատելիս, բարելավված օդի հոսք և սառեցում, ինչպես նաև ապահովում է ավելի լավ ձայն աուդիո համակարգից, որն այստեղ, ինչպես նշվեց վերևում, կարգավորվում է Harman/Kardon-ի կողմից՝ Dolby Atmos-ի աջակցությամբ:

Ուլտրաբուքը համալրված է նորարարական NumberPad 2.0 թաչփադով (կարգավորվող լուսավորությամբ թվային ստեղնաշարը ներկառուցված է հենց թաչփադում) և էրգոնոմիկ ErgoSense ստեղնաշարով, որի ստեղները, չնայած սարքի կոմպակտ չափերին, 19 մմ են, ինչպես սեղանի համակարգիչների ստեղները, իսկ ստեղների միջև տարածությունը 1,4 մմ է: Այնպես որ, այս ստեղնաշարով աշխատելն ավելի հարմարավետ է, քան մյուս կոմպակտ նոութբուքների մեծ մասի դեպքում:

ASUS-Zenbook-14-OLED-UX3402ZA-5

Ուլտրաբուքը կարող եք ապակողպել՝ հպվելով մատնահետքի ներկառուցված սկաներ ունեցող միացման կոճակին:

Ներկառուցված 720p վեբ-տեսախցիկն ունի ցած լուսավորության դեպքում աղմուկը նվազեցնող 3D համակարգ, ինչպես նաև օգտագործողի աչքին հետևելու ֆունկցիա:

Ինչ վերաբերում է միակցիչներին, ապա կա մեկ USB-A պորտ (լավ կլիներ, որ դրանք ավելի շատ լինեին), լրիվ չափի HDMI միակցիչ և 2 Thunderbolt 4/USB Type-C լիցքավորման, մոնիտորների և գերարագ սարքերի միացման համար, ինչպես նաև microSD քարտի ընթերցիչ (բայց ոչ SD) և ականջակալների համար 3,5 մմ աուդիո խցիկ:

OLED էկրան. գույնի ճշգրիտ վերարտադրություն, հստակ պատկեր, վառ սև

2021-ից ի վեր ASUS-ն սկսեց իր նոութբուքներում ակտիվորեն ինտեգրել OLED էկրաններ, որոնք այսօր համարվում են ամենաառաջադեմ և պահանջվածներից մեկը. ASUS OLED էկրաններն ունեն արձագանքման բարձր արագություն, գունային պայծառություն և լավ կոնտրաստ:

ASUS Zenbook 14 OLED UX3402ZA-ը հագեցած է 14 դյույմանոց 16:10 OLED բարակ շրջանակով էկրանով՝ 2880x1800 լուծաչափով, 90 Հց թարմացման արագությամբ (որի շնորհիվ դինամիկ տեսարանները ավելի հարթ են երևում), ունի բարձր պայծառություն (400 քդ/մ2, բայց առավելագույն պայծառությունը կարող է հասնել 600 քդ/մ2-ի) և կոնտրաստ (1000000:1), արձագանքման շատ կարճ ժամանակ (0,2 միլիվայրկյան, ինչը նկատելիորեն ավելի արագ է, քան դասական LCD էկրանների դեպքում), կինեմատոգրաֆիկ գունային գամմա (100% DCI-P3) և գունային խորություն՝ մինչև 1,07 մլրդ:

Էկրանի դիտման անկյունները բավականին լայն են, իսկ գունային վերարտադրումը բարձրորակ և ճշգրիտ. կան հետևյալ սերտիֆիկատները՝ Pantone Validated  (որը ցույց է տալիս, որ էկրանն ապահովում է ոչ միայն ճշգրիտ գունային վերարտադրություն, այլև բացարձակ համապատասխանություն Pantone գույների հետ), Display HDR: True Black 500 (սևը էկրանին իսկապես սև է երևում) և SGS (տրվում է այն ապրանքներին, որոնք համապատասխանում են շրջակա միջավայրի համաշխարհային նորմերին): Էկրանն արձակում է 70%-ով ավելի քիչ կապույտ լույս, քան LCD էկրանները, ինչը այն դարձնում է աչքերի համար ավելի անվտանգ և հարմարավետ:

ASUS-Zenbook-14-OLED-UX3402ZA-7

Այս բոլոր հատկանիշների շնորհիվ ASUS ուլտրաբուքի OLED էկրանները ստեղծում են հստակ, դետալիզացված, իրական պատկերներ՝ հարուստ երանգներով և գունային ճշգրիտ վերարտադրմամբ՝ անկախ էկրանի պայծառությունից:

Այս էկրանը իդեալական է լուսանկարների և տեսանյութերի պրոֆեսիոնալ մշակման համար, այդ իսկ պատճառով այն այդքան սիրված է այս ոլորտի շատ մասնագետների կողմից: Միաժամանակ, դրանով ֆիլմեր և տեսանյութեր դիտելը նույնպես շատ հաճելի է. գունային գամման հաճելի է աչքի համար, իսկ աչքերը շատ ավելի ուշ են հոգնում:

Ի՞նչ կա ներսում

OLED ուլտրաբուքի բարձր արդյունավետությունն ապահովում է Intel Core i7-1260P պրոցեսորը (կամ Intel Core i5-1240P-ն մի փոքր ավելի համեստ տարբերակում)՝ Intel Iris Xe գրաֆիկական միջուկով։ Այս պրոցեսորներն ունեն 4 կատարողական և 8 էներգաարդյունավետ միջուկներ, որոնք թույլ են տալիս դինամիկ կերպով հավասարաչափ բաշխել ծանրաբեռնվածությունը՝ բարձրացնելով արդյունավետությունը՝ միաժամանակ թույլ տալով ավելի արդյունավետ օգտագործել մարտկոցի էներգիան:

Օպերատիվ հիշողությունը (LPDDR5) նոութբուքի տարբեր կոնֆիգուրացիաներում 8 կամ 16 գիգաբայթ է: Ինչ վերաբերում է ներկառուցված հիշողությանը, այն կարող է լինել 512GB/1TB PCIe 3.0 SSD (UX5400) կամ PCIe 4.0 Performance SSD (UX5401):

ASUS-Zenbook-14-OLED-UX3402ZA-6

75 Վտ/ժ հզորությամբ մարտկոցն ապահովում է մինչև 18 ժամ ինքնավար աշխատանք։ Այն կարող եք լիցքավորել 65 Վտ հզորությամբ սնուցման աղբյուրից, ինչպես նաև բջջային մարտկոցից կամ սմարթֆոնի լիցքավորիչից։

Ինչ վերաբերում է ծրագրային ապահովմանը, ապա OLED նոութբուքը մատակարարվում է Windows 11 Home/Pro օպերացիոն համակարգով և նախապես ներբեռնված է մի շարք հավելվածներով և արդյունավետության օպտիմալացման ծառայություններով՝ նախատեսված սմարթֆոնների անխափան միացման, դիագնոստիկայի և տեխնիկական աջակցության համար:

Փորձարկվել է հուսալիության MIL-STD 810H ռազմական ստանդարտի համաձայն. արժե՞ նոութբուքը բարձրությունից գցել և մտցնել ջրի մեջ

ASUS նոութբուքները հայտնի են իրենց երկարակեցությամբ և դիմացկունությամբ, և լսելով չէ, որ NEWS.am Tech-ը գիտի այդ մասին. մի անգամ մեր լրագրողը մի ամբողջ բաժակ կոմպոտ թափեց բացված ASUS Zenbook UX305CA-ի վրա։ Անհրաժեշտ եղավ շտապ քանդել նոութբուքը և մաքրել ներսի հատվածը, բայց դրանից հետո այն շարունակեց աշխատել այնպես, կարծես ոչինչ չի եղել։

Ինչպես երևում է, իզուր չէ, որ Zenbook OLED շարքի նոութբուքները փորձարկվում են MIL-STD 810 ռազմական ստանդարտի համաձայն, որի ընթացքում ստուգվում է ընկնելու դեպքում դրա դիմացկունությունը, էքստրեմալ ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում դրա աշխատանքը: Այնուամենայնիվ, սա պատճառ չէ ծայրահեղությունների մեջ ընկնելու և այս նոութբուքները բարձրությունից գցելու, դրանք ձեզ հետ լողավազան քարշ տալու կամ դրանց վրա թեյ և սուրճ համտեսելու համար: Ռազմական ստանդարտներով փորձարկումն արվում է համոզվելու համար, որ նոութբուքները բավականաչափ ամուր և հուսալի են նորմալ աշխատանքային պայմաններում լավ աշխատելու և տեղափոխմանը առանց խնդիրների դիմանալու համար:

Այսպիսով…

ASUS Zenbook 14 OLED UX3402ZA-ը բարակ և թեթև նոութբուք է՝ գունային ճշգրիտ վերարտադրմամբ հիանալի OLED էկրանով և հզոր պրոցեսորով, որոն ապահովում է բարձր կատարողականություն: Թերևս սա ամենաբազմակողմանի նոութբուքներից մեկն է, որն այսօր կարելի է գտնել շուկայում. այն իդեալական է թե՛ գրասենյակում փաստաթղթերի հետ աշխատելու, թե՛ դիզայնի ու խմբագրման (լուսանկարներ, տեսանյութեր, գրաֆիկա) և թե՛ հանգստի համար (ֆիլմեր և տեսանյութեր դիտելու համար):

 ASUS-Zenbook-14-OLED-UX3402ZA-9

Ցածր քաշի և համեստ չափերի շնորհիվ նոութբուքն իդեալական է նաև մասնավոր ուղևորությունների համար:

ASUS Zenbook 14 OLED UX3402ZA-ով կարող եք նաև վիդեոխաղեր խաղալ, բայց հիշեք, որ կատարողականությունը հասկանալի պատճառներով թույլ կլինի, քանի որ ամեն դեպքում սա խաղային նոութբուք չէ, և ինտեգրված վիդեոքարտը նախատեսված չէ նորագույն AAA դասի խաղեր խաղալու համար՝ անգամ խաղի գրաֆիկայի կարգավորումները թուլացնելու դեպքում: Այնուամենայնիվ, ավելի հին խաղերի համար նոութբուքը ամբողջությամբ հարմար է:


 
 
 
 
  • Արխիվ