Հիանալի գեյմփլեյով 3 խաղ, որոնք կարելի է բազմիցս կրկնել

6 փետրվարի, 2023  20:42

Որոշ գեյմերների համար խաղերում ամենակարևորը հետաքրքիր սյուժեն է, ոմանց համար էլ՝ գեղեցիկ, իրատեսական գրաֆիկան, մյուսների համար՝ լավ գեյմփլեյը, որն ստիպում է բազմիցս կրկնել խաղը կամ առանձին ​​առաքելությունները:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հիանալի գեյմփլեյով երեք խաղ, որոնք միանշանակ արժե խաղալ։

1. Desperados III

Desperados III-ը իրական ժամանակում տակտիկայի ժանրի խաղ է ստելս-էքշն տարրերով, որը մշակել է Mimimi Games ստուդիան և թողարկել է 2020 թ․: Շատ գեյմերներ գիտեն այս ստուդիան դրա մեկ այլ խաղի՝ Shadow Tactics: Blades of the Shogun-ի շնորհիվ: Desperados III-ը շատ նման է Shadow Tactics-ին. նույն ժանրը, նույն մեխանիկները, նույնիսկ գրաֆիկան և ոճն են նման, բայց գործողությունները տեղի են ունենում Վայրի Արևմուտքում, այլ ոչ Էդոյի ժամանակաշրջանի Ճապոնիայում:

Desperados III-ն այն խաղերից է, որտեղ սյուժեն երկրորդ պլան է մղվում, և խաղացողի ողջ ուշադրությունը գրավում է խաղային գործընթացը։ Այո՛, սյուժեն յուրովի հետաքրքիր է, իսկ կերպարներն իսկապես խարիզմատիկ են և հիշվող, բայց ժամանակի մեծ մասը դուք պարզապես ուշադրություն չեք դարձնի այդ ամենին, ամբողջովին կենտրոնանալով նրա վրա, թե ինչ տարածքներ և երբ են հայտնվում թշնամիների տեսադաշտում, ինչպես ընտրել ճիշտ պահը՝ աննկատ անցնելու նրանց կողքով, և ինչպես համատեղել հինգ կերպարների կարողությունները ամենաօրիգինալ և արդյունավետ կերպով ձեր առջև դրված առաջադրանքը կատարելու համար:

Շատ առաքելություններ դուք կանցնեք նորից ու նորից՝ փորձելով ոչ միայն կատարել առաջադրանքը, այլ նաև կատարել այն հատուկ պայմանների պարագայում. օրինակ՝ երբեք չդիպչել թփերին կամ սպանել քարտեզի վրա առկա բոլոր թշնամիներին և թաքցնել բոլոր մարմինները, կամ, ընդհակառակը, առաջադրանքը կատարել առանց ոչ ոքի սպանելու։ Ժամանակ առ ժամանակ դուք կբեռնեք նախորդ առաքելությունների ժամանակ պահպանված տարբերակները և ժամերով կմտածեք, թե ինչպես առավելագույնս շահավետ և օրիգինալ կերպով օգտագործել շրջակա միջավայրը․ խոսքը ոչ միայն հսկայական քարերին մասին է, որոնք կարելի է գցել թշնամիների գլխին և «դժբախտ պատահար» սարքել, դա չափազանց հեշտ է, բայց նաև, օրինակ՝ ցեխի մասին, որոնց վրա հետքեր են մնում (որը կարող է օգտագործվել թշնամիներին շփոթեցնելու և թակարդը գցելու համար), կամ՝ տեղանքի այլ առանձնահատկությունների: Եվ յուրաքանչյուր հաջողություն ձեզ մեծ բավականություն կպարգևի։ 

2. This War Of Mine

This War of Mine-ը միջպլատֆորմային խաղ է՝ գոյատևման սիմուլյատոր ժանրում, որը մշակել է լեհական 11 bit studios ստուդիան և թողարկել 2014 թ․։ Սովորաբար, պատերազմների մասին խաղերում խաղացողներն ստանում են մինչև ատամները զինված քաջ զինվորականների դերեր։ Այստեղ դուք ստիպված կլինեք ստանձնել քաղաքացիական անձանց ղեկավարումը, որոնք փորձում են գոյատևել քաղաքում, որտեղ քաղաքացիական պատերազմ է ընթանում։

Ձեր կերպարները, իսկ դրանք կարող են լինել տղամարդիկ, կանայք, ծերեր և նույնիսկ երեխաներ (վերջիններս խաղին ավելացվել են առանձին հավելման հետ միասին), պատերազմի թեժ պահին հայտնվել են մի խարխուլ տան մեջ, որն անմիջապես պետք է ամրապնդել և հետագայում պաշտպանվել կողոպտիչներից: Նրանք պետք է պարբերաբար սնունդ, ջուր, դեղորայք և վիրակապ հայթայթեն։ Նաև պետք է սովորեն, թե ձմռանն ինչպես դիմանալ ցրտին: Բացի դրանից, նրանք պետք է սովորեն, թե ինչպես անել, որպեսզի չմրսեն, չհիվանդանան կամ չմահանան հիվանդություններից կամ վերքերից, որոնք նրանց կպատճառեն իրենց թաքստոցի վրա պարբերաբար հարձակվող կողոպտիչները կամ թշնամիները, որոնք սպասում են թաքստոցից դուրս, որտեղ հերոսներից մեկը պարբերաբար գնում է պաշարներ փնտրելու:

Այս ամենի ֆոնին հաճախ ստիպված կլինեք բարոյական բարդ որոշումներ կայացնել, որոնք ուղղակիորեն կազդեն հերոսների հուզական վիճակի և հետագա ճակատագրի վրա։ Օրինակ՝ եթե կերպարը ստիպված է լինում սպանել և թալանել քաղաքացիական անձանց իրեն և իր ընկերներին սովից փրկելու համար, նրա մոտ կարող է ընկճախտ սկսվել, նա կարող է սկսել հարբեցողությամբ զբաղվել։ Եվ հավանական է, որ նա, նույնիսկ եթե ապահով կերպով ապրի մինչև խաղի ավարտը (մինչև պատերազմի ավարտը), չկարողանա «մարսել» իր տեսածն ու ապրածը և հասնել գոնե ինչ-որ երջանիկ ավարտի:

3. Life is Strange

Life Is Strange-ը ինտերակտիվ կինոյի ժանրի խաղ է արկածային տարրերով, որը մշակել է ֆրանսիական Dontnod Entertainment ընկերությունը և թողարկել 2015 թ․։ Եթե ​​դուք միշտ ցանկացել եք ձեզ զգալ ժամանակի տիրակալի դերում, ապա այս խաղը հենց այն է, ինչ ձեզ հարկավոր է: Եվ կարևոր չէ, որ ստիպված կլինեք խաղալ դեռահաս աղջկա կերպարում, խաղը ձեզ անպայման կհետաքրքրի, նույնիսկ եթե դուք 40-ամյա ծրագրավորող եք:

Խաղի սյուժեն բավականին հետաքրքիր է, չնայած դրանում ոչ մի արտառոց բան չկա. հերոսուհի Մաքս Քոլֆիլդը և նրա ընկերուհի Քլոեն պետք է պարզեն Ռեյչել Էմբեր անունով մի աղջկա առեղծվածային անհետացումը: Խաղն ունի բազմաթիվ առարկաներ և կերպարներ, որոնց հետ դուք կարող եք շփվել, իսկ երկխոսությունները կարող եք ընտրել հնարավոր մի քանի տարբերակներից: Սակայն, ի տարբերություն ժանրի մյուս բոլոր խաղերի, հերոսուհին կարող է հետ շրջել ժամանակը։ Ճիշտ է, նա կարող է ժամանակի մի կարճ հատված մանիպուլացնել, բայց նույնիսկ դա էլ բավարար է, որպեսզի, օրինակ, երկխոսության մեջ հետաքրքիր տեղեկություններ ստանա, վերադառնա, նորից նույն մարդու հետ խոսի և զրույցը այլ կերպ վարի և հնարավոր է, որ ինչ-որ բան իմանա զրուցակցից, մի բան, որն ի սկզբանե չէր հաջողվել իմանալ: Այս հնարավորությունը գեյմփլեյը դարձնում է իսկապես յուրօրինակ և անսովոր:

Սակայն երբեմն հերոսուհուն չի հաջողվի ժամանակը հետ շրջել: Եվ, իհարկե, դա տեղի կունենա ամենավճռական պահերին։ Հետևաբար, եթե, օրինակ, չհաջողվի փրկել հերոսներից մեկի կյանքը, հնարավոր է, որ չկարողանաք վերադառնալ և շտկել ամեն ինչ: Մի կողմից դուք պետք է ապրեք՝ կրելով ձեր սխալի հետևանքները։ Մյուս կողմից, դա պատրվակ կլինի կրկին խաղալու համար։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ