Հոլանդացի հաքերը գողացել և վաճառքի է հանել Ավստրիայի գրեթե ողջ բնակչության տվյալները

27 հունվարի, 2023  20:09

Հոլանդացի հաքերը գողացել և վաճառքի է հանել Ավստրիայի գրեթե բոլոր բնակիչների տվյալները։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, չարագործը ձերբակալվել է 2022-ի նոյեմբերին։

Հղում անելով Ավստրիայի իրավապահների տվյալները՝ գործակալությունը նշում է, որ գողացված տվյալները ներառում են միլիոնավոր ավստրիացիների ամբողջական անունները, հասցեները և ծննդյան ամսաթիվը:

Չարագործը 2020 թ․ մայիսին փորձել է վաճառել գողացված տվյալները առցանց ֆորումում ՝ նշելով, որ տվյալների բազան ներառում է Ավստրիայի «ենթադրաբար յուրաքանչյուր քաղաքացու լրիվ անունը, սեռը, հասցեն և ծննդյան ամսաթիվը»:

Հետաքննության ընթացքում հաստատվել է հաքերի ձեռքում հայտնված տվյալների բազայի իսկությունը, որը տեղեկություններ է պարունակել մոտ 9,1 միլիոն ավստրիացու մասին։ Նույն չարագործը փորձել է վաճառել նմանատիպ տվյալների բազաներ՝ Իտալիայի, Նիդեռլանդների և Կոլումբիայի քաղաքացիների տվյալներով:

«Քանի որ այս տվյալներն ազատորեն հասանելի են եղել համացանցում, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ գրանցման մասին այս տեղեկությունները, ամբողջությամբ կամ մասամբ, անդառնալիորեն հայտնվել են հանցագործների ձեռքում»,- ասվում է Ավստրիայի ոստիկանության հայտարարության մեջ: Նաև նշվում է, որ մինչ հաքերի ձերբակալությունը տվյալների բազան վաճառվել է անհայտ անձանց։

Ինչ վերաբերում է հաքերին, ապա պարզվել է, որ նա Ամստերդամի 25-ամյա բնակիչ է, որը հայտնի է եղել միջազգային ոստիկանությանը և Նիդեռլանդներում արդեն հետաքննություն էր տարվում նրա նկատմամբ։

Ոստիկանությունը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպես չարագործին հաջողվել ձեռք բերել տվյալները և ինչ հետևանքներ կարող է ունենալ այս միջադեպը Ավստրիայի բնակիչների համար, որոնց տվյալները վտանգված են։

Օրերս ԱՄՆ-ում ֆիշինգային զանգվածային հարձակումների զոհ են դարձել մի քանի պետական գերատեսչությունների պետաշխատողները։ Ուշագրավ է, որ հաքերներն օգտագործել են հեռահար մուտքի օրինական գործիքներ։

2021 թ․ հաքերային հարձակումների հետևանքով մոտ 1 միլիարդ էլփոստի հասցե է վտանգվել, այսինքն՝ համացանցից օգտվողներից յուրաքանչյուր 5-րդը։ 2021-ի տվյալներով՝ ֆիշինգային  հարձակման ենթարկված յուրաքանչյուր անհատի պատճառվել է միջինը 136 դոլարի վնաս: Աշխարհում 2022-ին՝ 2021-ի համեմատ 38%-ով ավելացել են հաքերային հարձակումները։  

Հարձակումների հետևանքով շարքային քաղաքացիներից բացի, տուժում են նաև ընկերությունները, կորպորացիաները։ 2022 թ․ տվյալների արտահոսքի պատճառով բիզնեսները կորցրել են միջինը 4,35 միլիոն դոլար՝ 2021 թ․ 4,24 միլիոն դոլարի դիմաց:


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ