Սնանկացած FTX-ը պնդում է՝ հաքերներն իր հաշիվներից $415 մլն-ի կրիպտոարժույթ են գողացել

18 հունվարի, 2023  19:15

Հաքերները 415 միլիոն դոլար արժողությամբ կրիպտոարժույթ են գողացել սնանկացած FTX կրիպտոբորսայի հաշիվներից։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով ընկերության իրավաբանների և խորհրդականների զեկույցին։

Նրանց տվյալների համաձայն՝ հաքերները FTX-ի համակարգը կոտրել են 2022 թ․ նոյեմբերին՝ կրիպտոբորսայի փլուզումից հետո․ նրանց հաջողվել է գողանալ 323 միլիոն դոլար FTX.com միջազգային ընկերությունից, ևս 90 միլիոն դոլար՝ դրա ամերիկյան ստորաբաժանումից։ Եվս 2 միլիոն դոլար չարագործները հանել են Alameda Research հեջ-ֆոնդից: Հաքերային հարձակման մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո հաղորդվել է, որ բորսայից գողացել են ավելի քան 600 միլիոն դոլար։ Իսկ Elliptic վերլուծական ընկերության տվյալներով՝ այն ժամանակ գողացված կրիպտոարժույթը գնահատվում էր 477 մլն դոլար։

Այս հարձակումն իրականացրած հաքերները այդպես էլ չեն հայտնաբերվել, սակայն որոշ փորձագետներ կարծում են, որ հարձակումը կազմակերպել կամ համակարգել է FTX-ի հիմնադիր Սեմ Բենքմեն-Ֆրիդի մերձավոր շրջապատից մեկը. հարձակվողների բարդ և համակարգված գործողությունները կարող են վկայել մասին, որ ներգրավված է եղել FTX-ի աշխատակից։

«Առավելագույնի հասցնելով FTX-ի փոխհատուցումները» վերնագրով զեկույցում FTX-ի իրավաբանները և խորհրդատուները ներկայացնում են ընկերության վերականգնվող իրացվելի ակտիվների թարմացված գումարը՝ մոտ 5,5 միլիարդ դոլար: Այս գումարի մեջ է մտնում նաև բորսայի հիմնադիր Սեմ Բենքմեն-Ֆրիդի ունեցվածքը Բահամյան կղզիներում, որը հարյուր միլիոնավոր դոլարներ է գնահատվում։ Միևնույն ժամանակ, ինքը՝ նախկին միլիարդատեր Բենքմեն-Ֆրիդը, կարճ ժամանակում կորցրեց իր գրեթե ողջ կարողությունը՝ 15,6 միլիարդ դոլար․ այժմ նրա հաշվին մնացել է մոտ 100 հազար դոլար։

Հիշեցնենք, որ FTX-ի սնանկացումից անմիջապես հետո, կրիպտոբորսայի հիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Սեմ Բենքմեն-Ֆրիդին դաշնային դատախազությունը մեղադրել է խարդախության և փողերի լվացման համար: Բենքմեն-Ֆրիդն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում: Դատը նշանակված է 2023 թ․ հոկտեմբերին, իսկ այս ընթացքում նա 250 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել։ 


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ