Սնանկացած FTX-ը կարող է վերսկսել աշխատանքը. այն վերականգնել է $7,3 մլրդ-ի ակտիվներ

13 ապրիլի, 2023  18:33

FTX սնանկացած կրիպտոբորսան կարողացել է վերականգնել $7,3 մլրդ-ի չափով իր լիկվիդային ակտիվները, ներառյալ կանխիկ գումար, կրիպտոարժույթ և ներդրումային ապրանքներ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղումով կրիպտոբորսայի փաստաբան Էնդի Դիտդերիխին։

Այս գումարները, ամենայն հավանականությամբ, կվերադարձվեն FTX-ի հաճախորդներին և ներդրողներին: Ավելին, հնարավոր է, որ բորսան վերսկսի իր աշխատանքը. ներկայումս բորսայի իրավաբանները բանակցում են բաժնետերերի և ներդրողների հետ։

Դիտդերիխի խոսքով՝ շուկայում իրավիճակը կայունացել է, ինչին նպաստել է նաև կրիպտոարժույթի փոխարժեքի աճը։ Հնարավոր վերաբացման մասին որոշումը կարող է ընդունվել արդեն այս տարի, և եթե այն դրական լինի, ապա FTX-ը կսկսի գործել 2024 թ. երկրորդ եռամսյակում։ Ամեն ինչ, ըստ փաստաբանի, սակայն կախված կլինի նրանից, թե արդյոք կրիպտոբորսան կկարողանա միջոցներ գտնել աշխատանքի վերսկսման համար։

Կրիպտոբորսան այժմ աշխատում է նաև սնանկությունից դուրս գալու ծրագրի վրա, որը պետք է ներկայացվի մինչև այս տարվա հուլիսի 1-ը։

Նշենք, որ Դիտդերիխի այս հայտարարության ֆոնին FTX թոքենի գինը $1,32-ից բարձրացել է $2,74-ի, սակայն հետո մի փոքր նվազել մինչև $2,28։

Հիշեցնենք, որ FTX-ը սնանկացել է 2022 թ․ նոյեմբերին։ Սնանկացումից ընդամենը երկու ամիս առաջ այս կրիպտոբորսան գնահատվում էր $32 մլրդ դոլար, իսկ դեկտեմբերին դրա արժեքը նվազել էր մինչև $1 մլրդ:

FTX-ի հիմնադիր Սեմ Բենքմեն-Ֆրիդին ներկայումս ավելի քան մեկ տասնյակ մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ խարդախության և անփութության: Բորսայի մի քանի նախկին թոփ-մենեջերների նկատմամբ նույնպես հետաքննություն է իրականացվում։


 
 
  • Կարդացեք նաև
 
 
  • Արխիվ