Արվեստագետները դատի են տվել Stability AI-ին, Deviant Art-ին և Midjourney-ին իրենց հեղինակային իրավունքները խախտելու համար

18 հունվարի, 2023  13:11


Երեք նկարիչներ կոլեկտիվ հայց են ներկայացրել Stability AI, Deviant Art և Midjourney ընկերությունների դեմ, որոնք կիրառում են տեքստի հիման վրա արհեստական բանականության միջոցով պատկեր ստանալու Stable Diffusion գործիքը։ Ինչպես նշվում է հայցում, դրանով այս ընկերությունները խախտում են հեղինակային իրավունքի մասին օրենքները:

Նկարիչները նշում են, որ Stable Diffusion-ը պարունակում է միլիոնավոր կամ միլիարդավոր պատկերների պատճեններ, որոնք պաշտպանված հեղինակային իրավունքով։ Ըստ նրանց՝ արհեստական բանականությանն ուսուցանելու նպատակով այդ պատկերներն արվել են առանց ստեղծողների իմացության կամ համաձայնության:

«Այսօր մենք ևս մեկ քայլ ենք անում՝ արհեստական բանականությունը բոլորի համար արդար և էթիկական դարձնելու ուղղությամբ: Երեք հրաշալի արվեստագետ հայցվորների՝ Սառա Անդերսենի, Քելի ՄաքՔեռնանի և Կառլա Օրտիզի անունից մենք կոլեկտիվ հայց ենք ներկայացրել Stability AI-ի, DeviantArt-ի և Midjourney-ի դեմ՝ Stable Diffusion-ի՝ 21-րդ դարի կոլաժային գործիքի օգտագործման համար, որը միախառնում է միլիոնավոր նկարիչների հեղինակային իրավունքով պաշտպանված աշխատանքները, որոնք օգտագործվում են որպես վերապատրաստման տվյալներ»,- ասել է փաստաբան Մեթյու Բաթերիքը։

Բոլոր նկարիչների անունից, որոնք տուժել են Stable Diffusion-ի ալգորիթմից, հայցվորները պահանջում են, որպեսզի դատարանն արգելք դնի, ինչպես նաև իրենց փոխհատուցում վճարվի։ Փոխհատուցման չափը հայտնի չէ։ Հայցում նաև հաշվարկ է արվել, որ եթե յուրաքանչյուր նկարի համար անվանական 1 դոլարի փոխհատուցում պահանջվի, ապա փոխհատուցման ենթակա գումարը կկազմի առնվազն 5 մլրդ դոլար։

«Մարդիկ իրենց մարդկայնությունն են ներդնում արվեստում, քանի որ արվեստը խորապես անհատական ​​է: Արհեստական բանականությունը պարզապես ջնջել է դրանից մարդկայնությունը՝ իմ կյանքի աշխատանքը վերածելով ալգորիթմի»,- դժգոհել է հայցվորներից մեկը՝ Սառա Անդերսենը Sarah's Scribbles վեբկոմիքսից:

Stable Diffusion-ի արձագանքը

2022 թ․ օգոստոսին ստեղծված Stable Diffusion նախագծի ղեկավարությունն ի պատասխան հայտարարել է, որ ստեղծագործողների իրավունքներն անսահմանափակ չեն, և ամեն ինչ պետք է համահունչ լինի ժամանակին և նոր տեխնոլոգիաներին։ Ընկերությունը նաև հայցվորների փաստաբան Մեթյու Բաթերիքին մեղադրել է կեղծավորության մեջ՝ նշելով, որ նա իրենց հետազոտական ​​աշխատանքներից պատկերներ է օգտագործել առանց փոխհատուցման կամ համաձայնության, թեև տրամադրել է սկզբնաղբյուրի հղումը:

Ավելի վաղ Stability AI-ը հայտարարել էր, որ նկարիչներին թույլ կտա հեռացնել իրենց աշխատանքները Stable Diffusion 3.0-ի ուսուցողական նպատակներով կիրառվող տվյալներից:

Ուշագրավ է, որ Adobe-ին հայտարարել է, որ կվաճառի նեյրոնային ցանցերի ստեղծած պատկերները մյուս բոլոր պատկերների հետ հավասար՝ հավելելով, որ այդ պատկերները հատուկ մակնշում կունենան։

2022 թ․ ամռանը Midjourney-ի ստեղծած պատկերը Կոլորադոյի Կերպարվեստի պետական ​​մրցույթում արժանացել էր մրցանակի՝ հաղթելով թվային արվեստի անվանակարգում։ Արվեստագետներն ու էնտուզիաստները պատկերն ստեղծողին մեղադրում էին ստեղծագործական մասնագիտությունների մահն արագացնելու մեջ։ 


 
 
 
 
  • Արխիվ