Թողարկվել է S.T.A.L.K.E.R. 2: Heart of Chornobyl-ի նոր թրեյլերը․ խաղը հիմնված է Unreal Engine 5-ի վրա

30 դեկտեմբերի, 2022  15:06

GSC Game World ընկերությունը ներկայացրել է շութեր ժանրի երկար սպասված S.T.A.L.K.E.R. 2: Heart of Chornobyl խաղի նոր թրեյլերը:

«Արի ինձ մոտ» վերնագրով հոլովակը տևում է 2 րոպե 30 վայրկյան և առաջին անգամ ցուցադրում է խաղի ինտերֆեյսը և գլխավոր հերոսին։ Թրեյլերում երևում են մի քանի կարճ տեսարաններ և, իհարկե, գեյմփլեյը, որը ներառում է կրակոցներ մի քանի տեսակի զենքերից: Դատելով այն ամենից, ինչ երևում է հիմնական էկրանին, գլխավոր հերոս Սկիֆը կցանկանա ուտել և քնել խաղի ընթացքում։

Տեսանյութում ցուցադրում են նաև մի քանի լոկացիաներ և մի փոքր պատմում նաև այն մասին, որ մի խումբ գիտնականներ միացել են Երկրի տեղեկատվական դաշտին, որը կոչվում է Նոոսֆերա, և այս իրադարձությունը համեմատելի է տիեզերքի նվաճման հետ։ Ինքը՝ Զոնան, վերջին տասնամյակների ընթացքում էլ ավելի վտանգավոր է դարձել, և անոմալիաների, հրեշների, հետախույզների ու վտանգավոր խմբերի պակաս հաստատ չի լինի։

«Ուրվականների քաղաքի կենտրոնում ձեզ անպայման կգտնի շների ոհմակը, ամեն դռան հետևում կարող է լինել մեկը, որն ատրճանակը կուղղի ձեզ վրա, և յուրաքանչյուր անկյուն լի է  վտանգնեով սովորական ճանապարհորդի համար»,- զգուշացնում են խաղի մշակողները:

Հայտնի է, որ խաղը հիմնված է լինելու Unreal Engine 5-ի վրա, մշակողները խոստացել են բաց աշխարհ և ոչ գծային սյուժե:

S.T.A.L.K.E.R. 2. Heart of Chornobyl-ը կթողարկվի 2023 թ․ PC համակարգիչների և Xbox Series X/S-ի համար. այս տեղեկությունը հաստատվում է տեսանյութի վերջում, բայց թողարկման ավելի ճշգրիտ ամսաթիվ դեռ չկա:


 
 
 
 
  • Արխիվ