Bitcoin-ն ընդդեմ Stablecoin-ի. ո՞րն է ավելի մոտ կանխիկ գումարին փոխարինելուն

8 ապրիլի, 2025  17:40

Վերջին տարիներին ֆինանսական ոլորտը սրընթաց փոփոխությունների է ենթարկվում՝ թվային արժույթներից մինչև նոր տարածաշրջանային վճարային համակարգեր, որոնք խոստանում են ֆինանսական գործարքներն ավելի արագ և հասանելի դարձնել: Տեխնոլոգիական ոլորտի նորարարություններն օրեցօր փոխում են փողի փոխանցման և բանկերի հետ փոխգործակցության ավանդական եղանակները:

Սակայն ինչպե՞ս են ավանդական ֆինանսական ինստիտուտները հարմարվելու վերոնշյալ փոփոխություններին: Կարո՞ղ են արդյոք բիթքոյնի նման կրիպտոարժույթները դառնալ գլոբալ հաշվարկների լիարժեք գործիք, թե՞ դրանք սոսկ սպեկուլյացիաների և արժեքի պահպանման միջոց կմնան:

Իսկ Հայաստանի նման զարգացող շուկա ունեցող երկրներն ինչպե՞ս կարող են օգտագործել այս նորամուծությունները՝ իրենց տնտեսությունների արդյունավետությունը բարելավելու համար: Բանկային համակարգերի ապագայի և նորարարական վճարումների թեմային NEWS.am Tech-ին տված հարցազրույցում անդրադրաձել է Edgar, Dunn & Company ընկերության գործադիր տնօրեն Սամի Զաֆարը:

Միջազգային վճարումների ոլորտի նորարարությունները

Զաֆարը նշում է, որ միջազգային վճարումների բնագավառում կարևոր փոփոխություններ տեղի են ունենում: Ըստ նրա՝ նորարարությունները հիմնված են գոյություն ունեցող համակարգերի վրա՝ բարելավելով դրանց արագությունը և նվազեցնելով արժեքը: Երևան են գալիս ներտարածաշրջանային փոխանցումներն ավելի արդյունավետ դարձնող նոր տարածաշրջանային ցանցեր, միաժամանակ փոխանցումները ներդրվում են իրական ժամանակում՝ օրեր տևող գործառնությունների ժամանակը հասցնելով րոպեների:

Առանձնահատուկ տեղ են գրավում թվային արժույթները՝ լինեն դրանք կրիպտոարժույթներ, թե սթեյբլքոյններ։ Զաֆարի կարծիքով՝ դրանք ամբողջությամբ չեն փոխարինի ավանդական համակարգերին, բայց կզբաղեցնեն սեփական տարածքը։ Օրինակ, բիթքոյնը դժվար թե դառնա ամենօրյա արժույթ և կմնա ավելի շատ արժեքի պահեստ կամ սպեկուլյացիայի առարկա, մինչդեռ սթեյբլքոյնները գուցե օգտագործվեն համաշխարհային վճարումների մեջ:

Բանկերի դերի էվոլյուցիան փոփոխվող աշխարհում

Զաֆարը պարզաբանել է, որ բանկերը ստիպված կլինեն հաշվի նստել նոր իրողությունների հետ։ Նա նշել է, որ բանկերն ավանդաբար հեռավորության վրա էին պահում ոչ բանկային կազմակերպություններին և նորարարությունները դանդաղ էին ներդնում, սակայն ներկայում նրանք պետք է ինտեգրվեն՝ թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային նոր ցանցերին:

Նրա կարծիքով՝ բանկերն այլևս չեն կենտրոնանում բացառապես դրամական փոխանցումների վրա, այլև ձգտում են արժեք ստեղծել հաճախորդների համար՝ անկախ նրանից՝ մասնավոր անձի՞նք են նրանք, թե՞ փոքր ձեռնարկություններ: Զաֆարն ընդգծում է, որ բանկերի հիմնական խնդիր հաճախորդների խնդիրները լուծելն է, մասնավորապես՝ բարձր տոկոսադրույքները կամ միջազգային վճարումներին առնչվող բարդությունները, հատկապես փոքր բիզնեսի համար, որին խոշոր բանկերը հաճախ անտեսում են՝ հակառակ տնտեսության մեջ նրանց կարևոր դերին:

Համաշխարհային միասնական վճարային համակարգի հեռանկարները

Անդրադառնալով այն թեմային, թե ինչպես կարող է Հայաստանի պես փոքր երկիրն ինտեգրվել համաշխարհային գործընթացներին, Զաֆարը մատնանշում է պահանջարկի և մրցակցության դերը։ Նա օրինակ է բերել. Միացյալ Նահանգներից Մեքսիկա փողի հոսքն այնքան մեծ է, որ խթանում է մրցակցությունը և հաճախորդների համար հեշտացնում գործընթացները։ Փոքր երկրներում, որտեղ բանկերն ու խաղացողները քիչ են, մրցակցությունն անհամեմատ թույլ է, բայց իրավիճակն աստիճանաբար փոխվում է։ Զաֆարի համոզմամբ՝ պատեհ ապրանքներ մշակելը հաճախորդների՝ թե՛ մարդկանց, և թե՛ բիզնեսի համար արդյունք կապահովի: Նա նշում է, որ նոր ֆինտեխ ընկերություններն արդեն օգնում են փոքր բիզնեսին` պարզեցնելով վարչական խնդիրները, մասնավորապես՝ վճարումների ձևակերպումը, և իրական արժեք են ստեղծում:

Ամբողջ աշխարհում փոխանցումների միասնական համակարգի թեմայի վերաբերյալ խոսելիս Զաֆարը շրջահայացություն դրսևորեց։ Տեխնիկապես դա հնարավոր է, ասում է նա, սակայն կարգավորման տեսանկյունից հազիվ թե իրագործելի լինի։ Երկրները ձգտում են վերահսկել դրամական հոսքերը, իսկ կրիպտոարժույթները, որոնք շրջանցում են այդ մեխանիզմները, հաճախ հանդիպում են բանկերի դիմադրությանը: Որպես օրինակ նա պատմեց ընկերոջ մասին, որի հաշիվները HSBC-ում փակվեցին կրիպտոարժույթով մեկ գործարքից հետո, ինչը ցույց է տալիս բանկերի վերաբերմունքը նման գործարքների նկատմամբ։

Կանխիկ փողի ապագան

Զաֆարը համոզված է, որ կանխիկ գումարի լիակատար մերժումը մեր կյանքի օրոք չի լինի: Նա խոստովանեց, որ Լոնդոնում գրեթե կանխիկ փող չեն օգտագործում՝ նախընտրելով վճարել հեռախոսով, սակայն շեշտեց, որ որոշ իրավիճակներում և երկրներում կանխիկ փողն առաջվա պես անփոխարինելի է։

«Կանխիկ փողը վճարման միակ ձևն է, որը լիովին մասնավոր է»,- ասում է նա՝ հավելելով, որ մարդիկ այն օգտագործում են և՛ հարկերից խուսափելու, և՛ անձնական գործարքների համար, սակայն դրանք միշտ չէ, որ անօրինական գործարքներ են։ Նրա կարծիքով՝ կանխիկի յուրահատկությունը երաշխավորում է դրա գոյությունն ապագայում։

Զաֆարն ընդգծում է, որ փողն արդեն էլեկտրոնային է դառնում, և այդ գործընթացը կշարունակվի։ Կանխիկի և բանկոմատների օգտագործումը կնվազի, բայց դրանք ամբողջությամբ չեն վերանա։ Հարմարավետությունն առանցքային գործոն է՝ լինի դա էլեկտրոնային դրամապանակ, թե՝ բանկային փոխանցում, նշում է նա։

Բանկային համակարգի վերափոխում

Ըստ Զաֆարի՝ բանկային համակարգում փոփոխություններն անդրադառնում են ինչպես ներքին տեխնոլոգիաների (back end), այնպես էլ հաճախորդների հետ փոխգործակցության վրա (front end): Նա պարզաբանեց, որ back end-ը դառնում է ավելի տեխնոլոգիապես առաջադեմ և ուղղված է API-ին՝ փոքր բիզնեսի և մատակարարների համար հեշտացնելով ինտեգրումը:

Սակայն բանկային կառույցների բարդության պատճառով տրանսֆորմացիան դանդաղ է ընթանում։ Ինչ վերաբերում է front end-ին, մոբայլ բանքինգն արդեն իսկ դուրս է մղել ավանդական եղանակները, և դա վերաբերում է ոչ միայն մանրածախ ծառայություններին, այլև բիզնես-բանքինգին կամ ապահովագրությանը:

Պատասխանելով նոր ֆինանսական համակարգի անվտանգությանն առնչվող հարցին՝ Զաֆարը համոզմունք հայտնեց, որ համակարգը հուսալի է, սակայն ռիսկերը մնում են։ Նա նշեց, որ շատ խարդախություններ, օրինակ, վարկային քարտերը, առնչվում են ոչ թե տեխնոլոգիային, այլ մարդուն, ինչպիսին է «բարեկամական խարդախությունը», երբ մարդիկ խաբում են վաճառողներին կամ բանկերին: «Ռիսկեր միշտ էլ կլինեն, քանի որ մարդիկ սողանցքներ են փնտրում»,- ասում է նա։

Զաֆարը միաժամանակ խոստովանեց, որ շատերի համար, հատկապես Հայաստանում, բանկի հետ անձնական շփումը մնում է կարևոր, և ոչ մի տեխնոլոգիա կամ արհեստական բանականություն չի կարող փոխարինել վստահության զգացում ստեղծող մարդկային շփումներին։

Հիշեցնենք, որ Սամի Զաֆարը Doing Digital 2025-ի բանախոսներից էր։ NEWS.am Tech-ը միջոցառման տեղեկատվական գործընկերն էր։


 
  • #ԳործԿա

  • Most read

month

week

day

 
 
 
 
  • Archive