Մասնագիտությամբ ինժեներ Թելման Թադևոսյանի կյանքի պատմությունը մշտական որոնումների, կաղապարները կոտրելու և նոր գաղափարները կյանքի կոչելու ընթացք է։ Նուբարաշենում անցկացրած մանկությունից մինչև բիզնես, տեխնոլոգիական ու համայնքային նախաձեռնություններ՝ նրա ճանապարհի առանցքում միշտ եղել է մի գաղափար՝ ստեղծել, զարգացնել ու օգտակար լինել։
Վերջերս Թելման Թադևոսյանը հիմնել է «Նուբարյան լաբը»՝ կրթության ոլորտում առկա բացերն ուսումնասիրելու և լրացնելու նպատակով։ Երեք երեխաների հայրն ասում է, որ գաղափարը ձևավորվել է ոչ միայն տարիների մասնագիտական ու հասարակական գործունեության փորձի, այլև ամենօրյա ծնողական դիտարկումների արդյունքում։ Նա ձգտում է տեղ հասցնել միտքը, որ երեխաներին չփորձեն տեղավորել մեկ ընդհանուր կաղապարի մեջ, այլ օգնեն նրանց ճանաչել սեփական ուժեղ կողմերը, հետաքրքրություններն ու տաղանդը։
Ծնվել եմ Երևանում՝ Նուբարաշեն վարչական շրջանում։ Երեք եղբայր ենք, ես մեծն եմ։ Հայրս ամբողջ կյանքն աշխատել է էներգետիկայի ոլորտում, մայրս տարրական դասարանների, իսկ հորաքույրս հայոց լեզվի ուսուցչուհիներ են եղել։ Մայրս շատ հետևողական էր մեր կրթության և զարգացման հարցում։ Մինչև դպրոց գնալը մեզ հետ զբաղվում էր, սովորեցնում էր կարդալ, ոտանավորներ, մաթեմատիկա էր մեզ հետ պարապում։ Տարբեր խմբակների էինք հաճախում՝ արվեստից մինչև սպորտ։ Մոտ հինգ տարի ես ու եղբայրներս բոքսով ենք զբաղվել։
Բայց ինձ մոտ ի սկզբանե վառ արտահայտված էր հետաքրքրությունը մաթեմատիկայի հանդեպ։ Մինչև դպրոց գնալը բազմապատկման աղյուսակը գիտեի և հաշվարկներ էի անում մտքում, իսկ հետագայում՝ դպրոցում ընդունակություններս ավելի ակնհայտ դարձան։ Վեցերորդ կամ յոթերորդ դասարանում էի սովորում, երբ մաթեմատիկայի ուսուցիչն ինձ տարավ բարձր դասարան՝ նրանց խնդիրները լուծելու, ու ես լուծեցի։ Ութերորդ դասարանից գնացի Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոց։ Մինչ այդ իմ դպրոցում համարվում էի լավ սովորող, բայց Ֆիզմաթում առաջին կիսամյակում ես ու միջնեկ եղբայրս երկու անբավարար ստացանք։ Հայրս չբարկացավ, ուղղակի կյանքի դաս տվեց։ Ասաց, եթե ուզում եք սովորել, պարապեք ու վերահանձնեք քննությունը, եթե չեք ուզում՝ վերադարձեք նախկին դպրոց։
Ինձ համար դա ծայրահեղ ամոթալի էր և սկսեցի օր ու գիշեր պարապել, որպեսզի ուղղեմ գնահատականս։ Նոր տարվա գիշերը՝ ժամը տասներկուսից մի քանի րոպե առաջ, ընտանիքով շնորհավորեցինք միմյանց, հետո եղբորս հետ վերադարձանք սենյակ՝ պարապելու։ Արդյունքում ստացանք դրական գնահատական ու շարունակեցինք կրթությունը Ֆիզմաթում։ Այսօր, հետ նայելով, հասկանում եմ, որ հայրս մեզ այդ պահին ոչ թե ստիպեց անել դա, այլ ընտրության հնարավորություն տվեց։ Եվ դա լավագույնն է, որ ծնողը կարող է տալ երեխային։
Ես ու եղբայրս ընդունվեցինք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի ֆակուլտետ, որովհետև մեր պապն ու հայրն էներգետիկայի մասնագետներ էին։ Ոչ ոք մեզ չէր պարտադրել այդ ընտրությունը, դա մեզ համար պարզապես բնական էր թվում։ Ի վերջո եղբայրս շարունակեց այդ մասնագիտությամբ, ես՝ ոչ։
Ուսանողական տարիներին արդեն ընտանիք էի կազմել և զուգահեռ աշխատում էի տարբեր ոլորտներում։ Ինձ միշտ հետաքրքրել է նոր բան ստեղծելը, նոր ոլորտներում ուժերս փորձելը։ 2000-ականների սկզբին Նուբարաշենում ինտերնետի հասանելիության լուրջ խնդիր կար։ Ես ու եղբայրս մտածեցինք՝ ինչո՞ւ մեր թաղամասում չպետք է ինտերնետ լինի։ Հանդիպեցինք համապատասխան ընկերությունների հետ, ռադիոկապի միջոցով լուծում գտանք և Նուբարաշենում ստեղծեցինք բավական մեծ ինտերնետային ցանց։ Հետագայում սկսեցի զբաղվել շինարարությամբ, ճարտարապետությամբ, տուրիզմով, տեխնոլոգիական տարբեր նախագծերով և մի շարք բիզնեսներ հիմնեցի։ Մի փուլում նույնիսկ ստեղծեցի առցանց կրթական հարթակի գաղափար՝ սփյուռքի հայ երեխաների համար, որպեսզի նրանք կարողանան հայերեն սովորել թվային միջավայրում։ Նախագիծը ֆինանսավորման պատճառով ամբողջությամբ չիրականացավ, բայց գաղափարը մնաց։
Ինձ համար աշխատանքը երբեք միայն գումար վաստակելու միջոց չի եղել։ Ինձ համար կարևոր է նոր արժեք ստեղծելը, գաղափարը կյանքի կոչելը, մարդկանց համար ինչ-որ բան ավելի հասանելի կամ արդյունավետ դարձնելը։
Այդ տարիներին կար նաև մեկ այլ նախագիծ, որն ինձ համար շատ անձնական նշանակություն ուներ՝ Արարատը առցանց տեսանելի դարձնելու գաղափարը։ Քանի որ Նուբարաշենում էի ապրում, ամեն օր տեսնում էի Արարատը։ Ինձ համար այն միշտ եղել է ամենաուժեղ խորհրդանիշներից մեկը։ Մտածում էի՝ Հայաստանից դուրս ապրող հայերը ևս պետք է հնարավորություն ունենան տեսնելու, թե այդ օրն Արարատն ինչ տեսք ունի՝ պարզ է, թե ամպամած․․․ գոնե առցանց։ Դա բիզնես նախագիծ չէր, այլ մի բան, որով փորձ էի անում կապ ստեղծել Հայաստանի և աշխարհում ապրող հայերի միջև։

Նուբարաշենը իմ ինքնության շատ կարևոր մասն է։ Միշտ հավատացել եմ, որ մարդն իրեն պետք է կապի այն վայրի հետ, որտեղ ապրում է։ Այդ պատճառով մեր ընտանիքը տարիների ընթացքում տարբեր նախաձեռնություններ է իրականացրել հենց Նուբարաշենում։ Ես այդպես եմ հասկանում հանրային պատասխանատվությունը․ եթե դու ապրում ես որևէ համայնքում, պետք է նաև զգաս, որ այդ համայնքի զարգացումը քո գործն է։ Հետագայում, ստանձնելով Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, իմ ողջ էներգիան ուղղեցի համայնքին ծառայելուն՝ միջավայրն ավելի բարեկարգ ու զարգացած դարձնելու նպատակով։
Պետք է ասեմ, որ «Նուբարյան լաբի» գաղափարը մեկ օրում չի ծնվել։ Այն աստիճանաբար ձևավորվել է իմ ամբողջ կյանքի փորձից։ Մի կողմից՝ ինձ շրջապատել են ուսուցչուհիներ և ես մանկուց տեսել եմ կրթության ազդեցությունը։ Մյուս կողմից՝ ինքս ունեցել եմ տարբեր կրթական փորձառություններ՝ սովորական դպրոցից մինչև Ֆիզմաթ դպրոց և բուհ։
Իհարկե, ամենակարևոր փոփոխությունը տեղի ունեցավ արդեն որպես ծնող։ Ես երեք երեխա ունեմ՝ երկու տղա և մեկ աղջիկ։ Երեխաներիս մեծանալուն զուգահեռ սկսեցի ավելի ուշադիր հետևել, թե ինչպես են ձևավորվում նրանց հետաքրքրությունները, ինչն է նրանց ոգևորում, ինչն է մոտիվացնում, և հակառակը՝ ինչի նկատմամբ են ժամանակի ընթացքում կորցնում հետաքրքրությունը։
Երբ որոշակի տարիքում երեխաներիս մոտ նկատեցի այդ միտումը, սկսեցի ավելի խորությամբ ուսումնասիրել կրթական համակարգը և հասկանալ, որ խնդիրը միայն առանձին դպրոցը կամ ուսուցիչը չէ։ Այսօր երեխաներն օգտվում են ահռելի ինֆորմացիոն հոսքերից, շատ ավելի լայն հնարավորություններ ունեն, բայց քիչ չեն նաև շեղող գործոնները։

Նուբարյան լաբը հարթակ է, որի գործունեությունն ուղղված է երեխայի զարգացման և կրթության մոտեցումը վերաիմաստավորելուն՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի անհատականությունն ու ապագայի փոփոխվող պահանջները։ Մեզ համար կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է սովորում երեխան, այլև՝ արդյոք կրթական մոտեցումը հաշվի է առնում՝ ով է այդ երեխան, ինչ հետաքրքրություններ ու մտածողության ձև ունի, որոնք են ուժեղ կողմերն ու սովորելու առանձնահատկությունները։ Այս ուղղությամբ Նուբարյան լաբը նախատեսում է ուսումնասիրել և փորձարկել նոր մեթոդներ ու գործիքներ, այդ թվում՝ գիտության և տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։ Ի վերջո, մեզ համար հարցը միայն այն չէ, թե ինչ մասնագիտություն պետք է ընտրի երեխան, այլ թե ինչպիսի հմտություններով ու մտածողությամբ մարդ պետք է ձևավորվի, որպեսզի կարողանա ինքնուրույն կողմնորոշվել և իր ճանապարհը գտնել ապագայի փոփոխվող աշխարհում։
Անվան ընտրության վրա երկար եմ մտածել։ «Նուբարյան» անվանումը կապված է Նուբարյանների գերդաստանի՝ Նուբար Փաշայի (Նուբար Նուբարյանի) և նրա որդու՝ Պողոս Նուբարի հետ, ովքեր իրենց գիտելիքը, հնարավորություններն ու հարստությունը ծառայեցրել են ոչ միայն սեփական բարեկեցությանը, այլև ազգային նպատակներին։
Նուբար Փաշան եղել է Եգիտոսի առաջին վարչապետը, իսկ Պողոս Նուբարը մեծ աշխատանք է կատարել հայության շահերի պաշտպանության և միջազգային լոբբինգի ուղղությամբ, հիմնադրել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Այդ ընտանիքի պատմության մեջ կային գրեթե բոլոր այն գաղափարները, որոնք ես ուզում էի արտացոլել՝ կրթություն, զարգացում, նորարարություն, ազգային պատասխանատվություն և գիտելիքը հանրային արժեքի վերածելու ձգտում։ Այդ պատճառով «Նուբարյան» անունն ինձ համար պարզապես անվանում չէ, այն արժեքային նշանակություն ունի։
Որպես ծնող՝ ես շատ պարզ ցանկություն ունեմ․ ուզում եմ, որ իմ երեխաները լինեն երջանիկ ու ինքնաբավ։ Կուզենամ իրենց կյանքում տարբեր ընտրություններ կատարեն ոչ թե իմ ակնկալիքների հիման վրա կամ շրջապատի ազդեցությամբ, այլ իրենց իրական հետաքրքրություններն ու կարողությունները հաշվի առնելով։ Որպես ծնող մեր գործը պիտի լինի ոչ թե երեխայի փոխարեն իր ճանապարհն ընտրելը, այլ օգնել, որ նա կարողանա գտնել այն։
month
week
day