Գեյթսն ու Բեզոսը ներդրում են արել ստարտափում, որը մարդու ուղեղում տեղադրելու համար չիպեր է ստեղծում

17 դեկտեմբերի, 2022  12:33

Միլիարդատերեր Բիլ Գեյթսն ու Ջեֆ Բեզոսը ներդրում են կատարել Synchron ստարտափում, որն առողջական խնդիրներ ունեցող մարդկանց օգնելու նպատակով նրանց ուղեղում տեղադրելու համար չիպեր է մշակում։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, ստարտափում ընդհանուր ներդրումները կազմել են 145 մլն դոլար, բացի Գեյթսից և Բեզոսից, ներդրողների թվում են նաև ARCH Venture Partners-ը, Khosla Ventures-ը և այլ ընկերություններ։

Synchron-ը զբաղվում է էնդովասկուլյար՝ արյունատար անոթների ներսում տեղադրելու համար նախատեսված չիպերի մշակմամբ, որոնք նախատեսված են ուղեղի տարբեր վնասվածքներով հիվանդներին օգնելու համար (օրինակ՝ կաթվածը): Ուղեղում տեղադրվող հատուկ չիպերի օգնությամբ նման խնդիրներ ունեցող մարդիկ պետք է կարողանան շփվել ուրիշների հետ։

Synchron-ը հիմնադրվել է 2016 թ․ դոկտոր Թոմ Օքսլիի և պրոֆեսոր Նիկ Օփիի կողմից: Այն տեղակայված է Նյու Յորքում, սակայն ընկերության հետազոտություններով ու զարգացմամբ զբաղվող բաժինները տեղակայված են Ավստրալիայի Մելբուռն քաղաքում։

Նիկ Օփին այս գաղափարի վրա աշխատել է ավելի քան մեկ տասնամյակ։ Չիպի տեղադրման նրա մշակած տեխնոլոգիան չի ենթադրում ուղեղի բաց վիրահատություն, փոխարենը օգտագործվում է նվազագույն ինվազիվ պրոցեդուրա՝ չիպը տեղադրվում է ուղեղին մոտ արյունատար անոթներից մեկում։

Synchron-ի տեխնոլոգիան այժմ ԱՄՆ-ի կլինիկական փորձարկումների փուլն է անցնում, որի ընթացքում տեխնոլոգիան փորձարկվում է առօրյա առաջադրանքներ կատարելու համար, ինչպիսիք են տեքստային հաղորդագրություններ ուղարկելը, էլեկտրոնային փոստը, առցանց գնումները և այլն։

Ոլորտի այլ խաղացողներ

Այս ոլորտում գործունեություն է ծավալում նաև Tesla-ի և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկին պատկանող Neuralink ընկերությունը, որը նախատեսում է սկսել մարդկանց վրա ուղեղի իմպլանտների փորձարկումն արդեն 2023 թ․։ Մասկը դեկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ ԱՄՆ Սննդամթերքի և դեղամիջոցների որակի վերահսկողության ԱՄՆ դաշնային վարչության հետ ընթացիկ բանակցությունները բավական լավ են անցել, և ընկերությունն արդեն կարող է իր առջև նպատակ դնել առաջիկա վեց ամսվա ընթացքում իրականացնել մարդկանց վրա առաջին փորձարկումները: Համապատասխան փաստաթղթերն արդեն ուղարկվել են իրավասու վերահսկող մարմիններին։

Neuralink-ն այժմ աշխատում է արտադրանքի կատարելագործման վրա, որը բաղկացած է փոքրիկ սարքից և էլեկտրոդներով լարերից, ինչպես նաև ռոբոտից, որը պետք է կտրի մարդու գանգի մի հատվածը, որպեսզի չիպը տեղադրի մարդու ուղեղում։ Սարքի նպատակն է օգնել այն մարդկանց, որոնք տառապում են ինսուլտի հետևանքներից։ Սարքի շնորհիվ նրանք կկարողանան հաղորդակցվել և իրենց մտքերն արտահայտել համակարգչի միջոցով։

Neuralink-ը զբաղվում է նաև մարդու ողնուղեղում տեղադրելու նպատակով հատուկ չիպերի մշակմամբ, որոնք քայլելու հնարավորությունից զրկված մարդկանց պետք է օգնեն կրկին քայլել։

Neuralink տեխնոլոգիական ստարտափը ևս ստեղծվել է 2016 թ․, սակայն այն երկար ժամանակ մնում էր Մասկի ամենագաղտնի պահվող բիզնեսը։ Գործնականում ոչ մի մանրամասն այս ընկերության մասին չկար մինչև 2019 թ․, երբ Մասկը հրապարակեց լուսանկար, որում երևում էր առնետ՝ ուղեղի իմպլանտով:

 

 

 

 


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ