Apple Watch Ultra-ն դիմացել է մուրճի հարվածներին, թեև դրա տակի սեղանը ճաքել է

26 սեպտեմբերի, 2022  11:10

Apple-ը Watch Ultra-ն «ամենակայուն եւ հուսալի խելացի ժամացույցն» է համարվում. տիտանի պատյանն ու շափյուղայից էկրանը, ըստ արտադրողի, կարող են լուրջ «փորձությունների  դիմանալ»։ YouTube-ի TechRax ալիքի հեղինակը որոշել է ստուգել՝ արդյոք դա ճիշտ է։

Դիմացկունության ստուգման ժամանակ նա ժամացույցը գցել է գետնին հատակին, դրել մեխերով տարայի մեջ, ինչպես նաեւ մի քանի անգամ մուրճով հարվածել է։ Ժամացույցն իսկապես արժանապատվորեն դիմակայել է այդ բոլոր փորձություններին։ Անգամ ժամացույցի տակի սեղանն է ճաքել, բայց ժամացույցի ապակին չի ճաքել՝ ընդամենը փոքր քերծվածքներ են հայտնվել։

Նախ բլոգերը մոտ 1.2 մետր բարձրությունից ժամացույցը գցել է հատակին, այն գրեթե չի վնասվել, սակայն տիտանե պատյանի վրա մի քանի քերծվածք է հայտնվել։

Այնուհետեւ բլոգերը ժամացույցը դրել է մեխերով տարայի մեջ եւ լավ թափահարել է: Մեխերը, ինչպես պարզվել է, եւս լուրջ վնաս չեն հասցրել Apple Watch Ultra-ին։

Ժամացույցը դիմացել է նաեւ մուրճի բազմակի հարվածներին։ Ժամացույցի էկրանը հանգել է միայն բազմաթիվ հարվածներից հետո, երբ արդեն ճաքել էր սեղանը, որի վրա դրված է եղել ժամացույցը։ Ընդորում՝ ժամացույցի պաշտպանիչ ապակին չի ճաքել, ըստ երեւույթին, արդեն տուժել էին ժամացույցի ներքին բաղադրիչները։

Ավելի ուշ բլոգերին, այնուամենայնիվ, հաջողվել է, ոչ առանց դժվարության, կոտրել նաեւ ապակին։


 
 
 
 
  • Արխիվ