Asus-ը ներկայացրել է 14 դյույմանոց` աշխարհի ամենաթեթև նոութբուքը

1 դեկտեմբերի, 2022  16:22

Asus ընկերությունը ներկայացրել է ExpertBook B9 նոր նոութբուքը, որը, ըստ ընկերության՝ 14 դյույմանոց նոութբուքներից ամենաթեթևն է աշխարհում, այն կշռում է ընդամենը 880 գ:

ExpertBook B9-ը, կորպուսը մագնեզիումի ձուլվածքից է պատրաստված: Նոութբուքն ունի 14 դյույմանոց Full HD (1920x1080) էկրան, 12-րդ սերնդի Intel Core պրոցեսոր, ինտեգրված Intel Iris Xe գրաֆիկա, որոնք համակցված են 16 ԳԲ կամ 32 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և SSD դիսկով՝ համապատասխանաբար 1 ՏԲ կամ 2ՏԲ հիշողությամբ։

Համակարգչի կորպուսի կառուցվածքը թույլ է տալիս էկրանը թեքել 180 աստիճանով, էկրանը նաև սենսորային է և այս ռեժիմում աշխատելիս այն կարող է ծառայել նաև որպես թվային ստեղնաշար։

Նոութբուքն ունի 66 Վտ/ժ հզորությամբ մարտկոցը, ինչի շնորհիվ այն առանց լիցքավորման կարող է աշխել մինչև 16 ժամ: Այն նաև ունի պաշտպանիչ կափարիչով վեբ-տեսախցիկ, Harman/Kardon բարձրախոսներ, ինչպես նաև աղմուկի նվազեցման խելացի տեխնոլոգիայով բարձրախոսներ։ ExpertBook B9-ը նաև ունի USB Type-A, Thunderbolt, HDMI պորտեր, ինչպես նաև RJ45 (micro-HDMI) և 3,5 մմ ականջակալների միակցիչ։

Asus ExpertBook B9-ի գինը կսկսի 1800 ԱՄՆ դոլարից՝ կախված մոդիֆիկացիայից։ Նորույթն արդեն հասանելի է վաճառքի ամերիկյան շուկայում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել էր Asus Zenbook 17 Fold OLED (UX9702)-ը, որը ծալովի էկրանով աշխարհի առաջին նոութբուքն էր։ Համակարգիչն ունի 2560 x 1920 պիքսել լուծաչափով՝ 60 Հց թարմացման հաճախականությամբ էկրանը, որի բացման անկյունը 180 աստիճան է, ընդ որում՝ նոթբուքի երկու մասերն իրար կապող հատվածը նախատեսված է 30 000 բացման/փակման ցիկլի համար, այսինքն՝ նոութբուքը բացենք եւ փակենք օրը 10 անգամ, այն կծառայի մոտ 8 տարի։ Չինաստանում նոութբուքն արժե 2800 դոլար։




 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ