Asus Zenbook 17 Fold OLED․ 17.3 դյույմ ծալովի էկրանով աշխարհում առաջին նոութբուքն արդեն վաճառքում է

30 սեպտեմբերի, 2022  18:47

Asus Zenbook 17 Fold OLED (UX9702) նոութբուքն արդեն վաճառքում է։ Այն համարվում է աշխարհում առաջին նոութբուքը, որը 17.3 դյույմ ծալովի էկրան ունի։

«Մի՞թե բոլոր նոութբուքերը ծալովի չեն», - կհարցնեք դուք։

Դե, այո, բայց, ի տարբերություն մյուս բոլոր նոութբուքերի, այս մեկի էկրանն ինքն է ծալվում, այլ ոչ թե ներքեւի հատվածը՝ ստեղնաշարի հետ միասին։ Ստեղնաշարն այստեղ առանձին է։

Asus Zenbook 17 Fold OLED-ի մասին ազդարարվել էր տարեսկզբին, CES 2022 միջոցառման ժամանակ։ Համակարգչի ճկուն էկրանի կողերի հարաբերակցությունը 4։3 է, 2560 x 1920 պիքսել լուծաչափով՝ 60 Հց թարմացման հաճախականությամբ։ Եթե էկրանը կիսով չափ ծալենք, կստացվի երկու էկրան՝ 1920 x 1280 պիքսել լուծաչափով, կողերի 3։2 հարաբերակցությամբ, ընդ որում՝ շրջանակ դրանց միջեւ չի լինի, այսինքն՝ այն ամբողջությամբ դառնում է մեկ ամբողջական էկրան։

Էկրանի բացման անկյունը 180 աստիճան է, ընդ որում՝ նոթբուքի երկու մասերն իրար կապող հատվածը նախատեսված 30 000 բացման/փակման ցիկլի համար։ Դա նշանակում է, որ եթե նոութբուքը բացենք եւ փակենք օրը 10 անգամ, ապա համակարգչի այդ հատվածը կծառայի մոտ 8 տարի։

Բացված վիճակում Asus Zenbook 17 Fold OLED հաստությունն ընդամենը 8,7 միլիմետր է, իսկ ծալված վիճակում՝ 17,4։ Անկյունագիծը մոտ 12,5 դյույմ է։ Քաշը՝ ընդամենը 1.5 կիլոգրամ, իսկ ստեղնաշարի հետ միասին՝ 1.8 կիլոգրամ։ Կորպուսը մագնեզիումի ձուլվածքից է, ինչը բավական բնորոշ է բարակ եւ թեթեւ նոութբուքերին։  

Zenbook 17 Fold OLED-ն ունի 16 Գբ i7-1250U պրոցեսոր, LPDDR5 օպերատիվ հիշողությամբ։ Սա Intel-ի 12-րդ սերնդի հիբրիդ է՝ կատարողական 2 միջուկով եւ արդյունավետության 8 միջուկով։ Գրաֆիկայի պատասխանատուն Intel Iris Xe-ն է։ Կա նաեւ 1 Տբ տարողությամբ M.2 NVMe PCIe 4.0 կոշտ սկավառակ. սա նորագույն եւ ամենաարագ պահեստարանն է։

Նոութբուքն աշխատում է Windows 11 օպերացիոն համակարգով։ Մարտկոցի հզորությունը 75 Վտ/ժ է, լիցքավորման սարքը նախատեսված է 65 Վտ-ի համար։

Չինաստանում նոութբուքն արժե 2800 դոլար։ Առայժմ հայտնի չէ, թե երբ այն կհայտնվի մեր շուկայում եւ որքան կարժենա։


 
 
 
 
  • Արխիվ