«Ռոստելեկոմ Հայաստան»-ի վերաբրենդավորումը OVIO-ի պարզապես անվանափոխություն չէ. ինչպես վստահեցնում է OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, այն նշանավորում է նոր դարաշրջանի սկիզբ, նոր էջ ընկերության պատմության մեջ:
Silicon Mountains Shirak տեխնոլոգիական գագաթաժողովի շրջանակում NEWS.am Tech-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչ նոր առաջարկներ ունի ընկերությունը ռեբրենդինգից հետո, ինչ հետաքրքիր ծրագրեր է իրականացնում, ինչ խնդիրների առաջ է կանգնած, ինչ ներդրումներ են արվել և արվելու Հայաստանում։
Ռեբրենդինգի գործընթացը, ըստ Հայկ Ֆարամազյանի, սկսվել է 18 ամիս առաջ՝ դրա մասին հայտարարվելուց շատ առաջ, և այս գործընթացը չի սահմանափակվում միայն անվան, տարբերանշանի կամ կորպորատիվ գույների փոփոխությունով: Ընկերությունն արդիականացնում է իր գործունեության բոլոր բաղադրիչները՝ հաճախորդների սպասարկման սրահներից մինչև թվային հարթակներ՝ առկա և նոր բաժանորդների համար պարզ և անթերի փորձառություն ապահովելու համար: Նոր առաջարկներ և ծառայություններ, բնականաբար, նույնպես առաջարկվում են, և էլ ավելի շատ կլինեն ապագայում։
OVIO-ն, ըստ ընկերության ներկայացուցչի, ներկայացրել է աննախադեպ արագությամբ ինտերնետի և հեռուստատեսային նոր փաթեթներ, որոնք հասանելի են ինչպես գործող, այնպես էլ նոր բաժանորդներին՝ առանց տարեկան պայմանագիր կնքելու անհրաժեշտության: Ընկերությունը նաև գործարկել է առցանց կինոթատրոն և հեռուստատեսային ժամանակակից հարթակ՝ Wink-ը, որը բաժանորդներին հասանելիություն է տրամադրում բարձրորակ բազմաժանր ալիքների և մինչև 50,000 ֆիլմերի և հեռուստասերիալների: Բացի դրանից՝ OVIO-ն Հայաստանում տրամադրում է ամպային տեսահսկման եզակի ծառայություն, որը ներառում է տվյալների անվտանգ պահպանում ամպային անվտանգ տիրույթում և տեսավերլուծության առաջադեմ հնարավորություններ:
«Ռեբրենդինգը մեկանգամյա գործողություն չէ: Մենք մշտապես աշխատելու ենք՝ բարելավելու ծառայությունների որակը, որպեսզի գոհացնենք նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդին»,- նշեց Հայկ Ֆարամազյանը։
«Ռոստելեկոմ Հայաստան»-ից OVIO-ի փոխակերպումը, ըստ Ֆարամազյանի, ընկերությանը թույլ կտա հասնել էլ ավելիին` միաժամանակ հավատարիմ մնալով ընկերության հիմնական արժեքներին, ներառյալ որակի բարձր չափանիշներին:
«Մենք պահպանում ենք մեր լավագույն արժեքները և ձգտում ավելիին։ Մեր գործունեությունը շարունակում է հիմնված լինել ազնիվ, բաց աշխատելու, յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ հոգատար և անհատական մոտեցման, նպատակասլացության, հեռատեսության և նորարար կենսակերպի վրա»,- ասաց նա։
2009-ին Հայաստանի հեռահաղորդակցության շուկա մուտք գործելուց ի վեր OVIO-ն (այն ժամանակ, իհարկե, այլ ապրանքանիշով) կառուցել է ավելի քան 3000 կմ մագիստրալային ցանց՝ դառնալով մեծածախ շուկայի հիմնական խաղացող և տասնապատիկ նվազեցնելով մեծածախ ինտերնետի գինը՝ դրանով իսկ նպաստելով առողջ մրցակցային շուկայի ձևավորմանը Հայաստանում։ Մինչ օրս ընկերությունը, ինչպես նշեց Ֆարամազյանը, Հայաստանում ներդրել է ավելի քան 37 մլրդ դրամ։
Ռեբրենդինգի գործընթացը ենթադրում էր նաև զգալի ներդրումներ և ջանքեր՝ ուղղված ընկերության գործունեության ընդլայնմանը, ներառյալ ցանցի ընդլայնումը Գյումրու Մուշ թաղամասում և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի մի մասում: OVIO-ն նաև վերջերս գործարկեց տարածաշրջանի տվյալների ամենամեծ կենտրոնը, որի ներդրումները ակնկալվում է, որ մինչև 2030-ը կգերազանցեն 11 միլիարդ դրամը:
OVIO-ի՝ վերջերս գործարկված տվյալների մշակման կենտրոնը համարվում է ամենահզորը տարածաշրջանում և առաջին խոշոր նախագիծը նոր ապրանքանիշի ներքո: Ստեղծված լինելով հուսալիության Tier III-ի չափանիշներին համապատասխան՝ այն առաջարկում է տվյալների կրկնակի պատճենման ապահովում, անվտանգ և արդյունավետ ամպային հաշվողական ծառայություններ, ներառյալ Ենթակառուցվածքը որպես ծառայություն (IaaS)՝ վիրտուալ սերվերներով, պահեստավորում, պահոցներ, ցանցեր և այլ ծառայություններ:
Ինչպես նշեց Ֆարամազյանը, տվյալների մշակման կենտրոնն ապահովում է տվյալների անխափան հասանելիություն և 24/7 ռեժիմով սպասարկումն, ավելի քան 200 սերվերային պահարաններով, որոնք ապահովում են տվյալների մշակման և պահպանման անվտանգ լուծումներ բիզնեսների և պետական մարմինների համար:
Կենտրոնի ռազմավարական դիրքը,- այն տեղակայված է Աբովյանում՝ Երևանից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա,- տվյալների մշակման կենտրոնն ապահովում է հարմարավետություն և արագ հասանելիություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդների համար:
Հաշվի առնելով երկրի համար ռազմավարական նշանակությունը՝ ընկերության կողմից կառուցված Տվյալների մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը և ներառվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման ծրագրում»,- նշեց մասնագետը։
OVIO-ն նաև վերջերս ներկայացրել է Orbi-ին՝ խարիզմատիկ ռոբոտ-կերպարին, որը մարմնավորում է OVIO-ի պրոդուկտների տեխնիկական էքսպերտի, հրաշագործի և հովանավոր-պաշտպանի դերը՝ օգնելով հաճախորդներին ամենօրյա կյանքում և նրանց առաջնորդելով թվային ճանապարհորդության ընթացքում։
«Orbi-ն մարմնավորում է ընկերության ձգտումը՝ հաճախորդին կենտրոնական դեր տալու իր գործունեության մեջ: Այն կարող է հուսալի ուղեկից դառնալ մեր հաճախորդների տեխնոլոգիական արկածներում: Orbi-ն դեռևս հանդես է գալիս որպես թվային կերպար, սակայն կերպարները հաճախ «իրականություն դառնալու» հատկություն են ունենում, այնպես որ, հնարավոր է նման մի բան տեղի ունենա նաև Orbi-ի հետ և նա ապագայում ավելի «շոշափելի» ներկայություն ստանա»,- նշեց Ֆարամազյանը։
Ռեբրենդինգի գործընթացի հիմնական խնդիրներից մեկը ապրանքանիշի ճանաչելիության ժամանակավոր նվազումն է. եթե «Ռոստելեկոմ Հայաստան»-ն արդեն բավականին լավ համբավ էր ձեռք բերել երկրում աշխատանքի տարիների ընթացքում, ապա OVIO-ի մասին շատերը դեռ չեն լսել:
Նման խնդրի առկայությունը խոստովանում է նաև Ֆարամազյանը՝ նշելով, որ ռեբրենդինգն իսկապես կարող է ազդել ընկերության գործունեության որոշ ցուցանիշների և արդյունքների վրա, բայց՝ կարճաժամկետ հեռանկարում։ Այնուամենայնիվ, OVIO-ն, նրա խոսքով, կենտրոնանում է փոխակերպման դրական կողմերի վրա՝ ձգտելով դառնալ ավելի նորարար և ավելի գրավիչ հեռահաղորդակցության և թվային ծառայությունների շուկայի պահանջկոտ հաճախորդների համար:
Հիշեցնենք, որ Silicon Mountains Shirak-ն անցկացրել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։ Ֆորումի պլատինե գործընկերն է Unicomp-ը, ֆինթեք գործընկերը՝ EasyPay-ը, տեխնիկական գործընկերը՝ Ucom-ը, արծաթյա գործընկերներն են Synopsys-ը և Ovio-ն: Միջոցառման տարածաշրջանային գործընկերներն են EIF-ը և GTC-ն, իսկ մեդիա գործընկերը՝ NEWS.am Tech-ը:
month
week
day