Նեյրոնային ցանցերը ոչ միշտ են մեզ տալիս օգտակար և նույնիսկ անվտանգ խորհուրդներ: Reddit-ի օգտատերերից մեկի հետ վերջերս տեղի ունեցած դեպքը ևս մեկ անգամ հաստատում է դա: Նա խորհուրդներ էր հարցրել նեյրոցանցից, թե ինչպես կատարելագործել իր աղցանը, բայց փոխարենը հրահանգներ էր ստացել Clostridium botulinum բակտերիաների աճեցման վերաբերյալ, որը լուրջ և շատ վտանգավոր վարակիչ հիվանդության՝ բոտուլիզմի հարուցիչն է:
Puzzleheaded_Spot401 մականունով օգտատերն ասել է, որ նեյրոցանցին հարցրել է, թե ինչպես կարող է բարելավել ձիթապտղի աղցանի սոուսը և առանց տաքացնելու սխտոր ավելացնել դրան: Նեյրոցանցն առաջարկել է առաջին հայացքից շատ իրական թվացող հրահանգ, և օգտատերը հետևել է դրան:
Երեք-չորս օր անց նա նկատել է, որ տարայի հատակից փոքրիկ պղպջակներ են բարձրանում։ Սկզբում մտածել է, որ դա գործընթացի մի մասն է: Սակայն 7-րդ օրը Google-ում որոնում անելով պարզել է, որ բառացիորեն բոտուլիզմի բակտերիա է աճեցրել։ Ինչպես պարզվում է, ձիթապտղի յուղին սխտոր ավելացնելը Clostridium botulinum բակտերիան աճեցնելու հանրահայտ եղանակներից մեկն է:
Եթե օգտատերը ուտեր նեյրոցանցի բաղադրատոմսով պատրաստված յուղը, կարող էր վարակվել բոտուլիզմով, որը հաճախ մահացու է լինում։
Ինչո՞ւ է նեյրոցանցը նման վտանգավոր խորհուրդ տվել։
Նեյրոցանցը կարող էր պարզապես շփոթվել, քանի որ սխտորն իսկապես լայնորեն օգտագործվում է խոհարարության մեջ: Բացի դրանից, շատ այլ մթերքներ կարելի է խառնել յուղով և ստանալ միանգամայն անվտանգ արդյունք։
Որոշ օգտատերեր հումորով ենթադրել են, որ տեղի ունեցածը կարող է մարդկանց դեմ մեքենաների ապստամբության վաղ նշաններից լինել:
Ամեն դեպքում, այս միջադեպն ընդգծում է արհեստական բանականությունից (ԱԲ) ստացված ցանկացած տեղեկության ստուգման հրատապ անհրաժեշտությունը: Եվ պետք չէ մոռանալ քննադատական մտածողության կարևորության մասին նեյրոցանցեր և այլ առաջադեմ տեխնոլոգիաներ օգտագործելիս։
ամիս
շաբաթ
օր